
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հայոց ազգային գվարդիայի» խորհրդի անդամ, պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանն է։
Հյուրի հետ խոսել ենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանությունների հրահրած հարձակումների և հենց կառավարության ղեկավարի կողմից Վեհափառ Հայրապետին թիրախավորելու պատճառների, նպատակների մասին։ Ինչի՞ է ձգտում Փաշինյանը՝ փորձելով գլխատել Հայ Եկեղեցին, ովքե՞ր են նրա պատվիրատուները, արդյո՞ք չակերտավոր ժողովրդավար Եվրոպան, Արևմուտքը թույլ կտան, որ նա իր պատվերը, մտադրությունները մինչև վերջ իրագործի, թե՞ կվախենան, որ այս մի քայլը չեն մարսի։ Տիգրան Չոբանյանը կարծում է, որ Հայ Եկեղեցու տապալումը Եվրամիության, Արևմուտքի ամոթը կլինի, և նրանք չեն գնա այդ քայլին, կսանձեն Փաշինյանի ախորժակը։
Փաշինյանն ասում է, թե Վեհափառ Հայրապետը ԿԳԲ գործակալ է եղել և այդպիսով թյուր կարծիք ստեղծում հանրության մեջ, թե իբրև Գարեգին Երկրորդն ուրիշի շահերին է ծառայել և ծառայում։ Այնինչ, ըստ պահեստազորի փոխգնդապետի, ԿԳԲ գործակալներ եթե անգամ եղել են, ապա նրանք միայն ի շահ հայրենիքի են ծառայել ու գործել՝ ի տարբերություն Փաշինյանի պապի, որն, ըստ փաստաթղթերի, Հայրենական պատերազմի ժամանակ համագործակցել է նացիստների հետ ու գործել ընդդեմ ԽՍՀՄ-ի ու հետևաբար Հայաստանի։
Հիմա էլ իշխանությունները նոր բան են մտածել՝ ամենայն հավանականությամբ խոչընդոտելու Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը։ Այս մասին ահազանգում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ըստ նրա՝ Հայ Առաքելական եկեղեցու ծառայողների դեմ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի պարտականությունների կատարմանը խոչընդոտելու պատճառով հարուցված քրեական գործը նպատակ ունի խանգարել Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը՝ դրա մասնակիցների համար բացակայելու արգելք սահմանելով։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի մասով դատական ակտը չկատարելու և կարգալույծ հայտարարելու հիմքով քրեական վարույթ էր նախաձեռնել։ Փաստաբանը նշել է, որ իշխանությունների գործողություններից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն որոշել է Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել արտասահմանում, քանի որ ժողովի ազատ անցկացումը Հայաստանում երաշխավորված չէր։ Դրանից հետո իշխանությանն աջակցող 10 եպիսկոպոսներ դեմ էին արտահայտվել ժողովի տեղը փոխելու որոշմանը։ Մելիքյանի խոսքով՝ այս գործը արագորեն ի հայտ է եկել «հետաքրքիր զուգադիպությամբ»։ «Սա հատուկ ուղերձ է, որի նպատակը բացառապես Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելն է, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ», – ասել է փաստաբանը՝ ընդգծելով, որ իշխանությունները փորձում են խոչընդոտել Հայ առաքելական եկեղեցու բնականոն գործունեությանը, մասնավորապես՝ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը: Տիգրան Չոբանյանն անդրադարձավ նաև այս իշխանությունների մյուս խարանին՝ քաղբանտարկյալներին և ասաց, որ ընտրություններին ընդառաջ նրանց թիվն ավելանալու է։ Նա նաև մտավախություն հայտնեց, որ բանտերում, մեկուսարաններում, կալանավայրերում ինչ-որ ձևով նպաստում են քաղբանտարկյալների առողջության վատթարացմանը, որպեսզի կամ նրանց սպանեն, կամ դարձնեն անգործունակ։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում