Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ ցանկանում է «բարձրակարգ հարաբերություններ» կառուցել Պեկինի հետ՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը խթանելու նպատակով․ գրում է Reuters գործակալությունը։
Չինաստան կատարած չորսօրյա այցի կարևորագույն օրը Սթարմերը 80 րոպեանոց հանդիպում է ունեցել Սի Ծինպինի հետ, նախքան միասին ճաշելը։ Նա նշել է, որ իր չինացի գործընկերոջ հետ զրուցել է ֆուտբոլի և Շեքսպիրի, ինչպես նաև գործարար հարցերի մասին։
«Չինաստանը կարևոր դերակատար է համաշխարհային ասպարեզում, և կենսականորեն կարևոր է, որ մենք կառուցենք ավելի բարձրակարգ հարաբերություններ, որտեղ կարող ենք բացահայտել համագործակցության հնարավորությունները, բայց, իհարկե, նաև հնարավորություն տալ իմաստալից երկխոսությանն այն հարցերում, որոնցում մենք համաձայն չենք»,- հանդիպման սկզբում ասել է Սթարմերը։
Հիշեցնենք, որ Բրիտանիայի վարչապետի Չինաստան այցի նպատակն է ամրապնդել Պեկինի հետ քաղաքական և գործարար կապերը՝ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հարաբերությունների աճող անկայունության ֆոնին։