Ավինյանը՝ երթևեկության բարելավման մասին․ Խելացի լուսացույցներ, նոր ավտոբուսներ և մետրո

Ավինյանը՝ երթևեկության բարելավման մասին․ Խելացի լուսացույցներ, նոր ավտոբուսներ և մետրո

29 հունվարի 2026 – 13:44 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է մայրաքաղաքում երթևեկության կարգավորման ուղղությամբ մշակված ծրագրերի մասին՝ մատնանշելով մի քանի կարևոր նախաձեռնություն։

«Մի քանի հանգամանքի վրա կուզեի ուշադրություն սևեռել՝ մարդատար մեքենաների քանակը ՀՀ-ում և, մասնավորապես, Երևանում շատ մեծ տեմպերով ավելանում է, ամեն տարի մենք ունենում ենք նոր մարդատար մեքենաներ, որ դառնում են Երևանում երթևեկեության մաս», – ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Քաղաքապետի խոսքով՝ խնդիրը պահանջում է շարունակական ու համակարգված մոտեցում։

«Առաջինը երթևեկության կառավարումն է արհեստական բանականությամբ կառավարվող խելացի լուսացույցների ներդրմամբ, որ մեզնից կտանի մոտ 1.5 տարի։

Երկրորդը՝ 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների գնումն է, որ հանրային տրանսպորտի ոլորտում մեր վերջին կետն է, որն իրականացնելով նվազագույնը վերգետնյա տրանսպորտի կենտրոնում մեր ռազմավարությունը ամփոփվում է։

Երրորդը Աջափնյակի մետրոյի կառուցումն է, որ մոտ 22%-ով կավելացնի մետրոյից օգտվողների քանակը, և դրանից բխող հետագա պոտենցիալ զարգացումները», – ասել է նա։

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների մի մասն օգտագործվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման նպատակով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում ասել է, որ «Աջափնյակ» կայարանի նախագիծը մեր նորանկախ շրջանի ամենաբարդ ենթակառուցվածքային նախաձեռնություններից է և դասվում է 5-րդ ռիսկայնության կարգում։ Ըստ նրա՝ միայն դրա փորձաքննությունը տևել է մոտ մեկ տարի:

Leave a Comment