2026թ.ի հունվարի 25-ին, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո, Փարիզի անվանի Մարե շրջանում գտնվող Սուրբ Մերիի եկեղեցում կայացավ հայկական երաժշտությանը նվիրված համերգ՝ «Հայաստանի ճանապարհներով» խորագրով։
Դաշնակահարուհի, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Լիդի Պարգևի նախաձեռնությամբ անցկացված այս միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը և Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղիայի եպիսկոպոս Եղիայանը։
Համերգի ընթացքում դաշնակահարուհի Լիդի Պարգևը, սոպրանո Քրիստին Մենդեզը, մեցցոսոպրանո և դաշնակահար Լյուսի Դերոյանը, ինչպես նաև բարիտոն-բաս Ադամ Բարոն ֆրանսիացի երաժշտասեր հանդիսատեսին ներկայացրեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մակար Եկմալյանի և այլ մեծանուն հայ կոմպոզիտորների ընտրված գործեր։
Համերգը հարստացվեց նաև ասմունքով․ Անտոնի Քոնլոնը ներկայացրեց հայ մեծ գրողների՝ Հայաստանին նվիրված սիրելի բանաստեղծությունները։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
