Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ոսկու շուկայում գները փոխվում են ավելի արագ, քան մարդիկ հասցնում են այն գնելու որոշում կայացնել։ Ավանդաբար կայուն արժեք համարվող վերածվել է համաշխարհային տագնապի ինդիկատորի։ Խոշոր բորսաներում ոսկու մեկ ունցիայի գինը գերազանցել է 5000 դոլարը, ինչը միջազգային տնտեսական ճնշում է առաջացրել․ անմասն չէ նաև հայաստանյան շուկան։ Ակտիվ առևտրի փոխարեն զգուշավոր սպասողականություն է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում են տնտեսվարողները, մարդիկ հիմա չեն շտապում ոսկյա նվերներ գնել, երբեմն անգամ հարսանեկան մատանի գնելիս են երկար մտածում՝ կեսկատակ, կես լուրջ ասում են ոսկու առուվաճառքով զբաղվողները։
Ոսկու գինը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանում, ու գների շեշտակի աճ նկատվում է նաև Հայաստանում․ եթե նախօրեին դուք ոսկյա զարդեր վաճառողից ճշտել էիք ձեր ուզած զարդի գինը, ապա այդ զարդն այսօր այլևս նույն գինը չունի։ Վաճառողներն ասում են՝ ոսկին ժամ առ ժամ է թանկանում։
Ոսկու 1 ունցիայի, այն է՝ 31.1 գրամի գինն առաջին անգամ անցավ 5000 դոլարի սահմանը՝ միայն 2025 թվականի ընթացքում ավելի քան 60%-ով։ Այս պատմական թանկացումը Գրենլանդիայի շուրջ ԱՄՆ-ի և Եվրոպայի լարված հարաբերությունների ֆոնին է, ինչն աշխարհում նոր անորոշություններ ու անհանգստություններ է առաջացրել։
Նախորդ տարին ոսկու համար ռեկորդային էր․ այն գրանցեց գնի ամենամեծ տարեկան աճը 1979 թվականից ի վեր, քանի որ ներդրողները զանգվածաբար սկսեցին ձեռք բերել թանկարժեք մետաղը՝ գրում է BBC-ն:
Գնի թռիչքին անմասն չէ նաև Հայաստանը։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը, ով զբաղվում է թանկարժեք մետաղների մեծաքանակ ներկրմամբ, պատմում է․
«Առաջ, երբ ոսկու արժեքը դեռ հասնում էր 90 կամ 100 դոլարի, կատակում էինք, որ համաշխարհային ռեկորդ է, այդպիսի բան չենք տեսել, իսկ հիմա դա էլ չմնաց արդեն։ Վաճառքի բոլոր օղակներն են շփոթված»։
Տնտեսվարողը նշում է՝ եթե որոշ ժամանակ առաջ մարդիկ ոսկի էին գնում նաև որպես կապիտալ, ապա հիմա առավելապես գնում են ըստ առիթի, երբ արդեն ստիպված են գնով չառաջնորդվել, օրինակ՝ նշանադրության և հարսանյաց մատանի գնելիս։
«Մեզ համար էլ է դժվար վաճառք իրականացնել։ Օրինակ՝ եթե այսօր վաճառքի արժեք ենք նշում որևէ հաճախորդի, հաջորդ օրն արժեքն արդեն փոփոխված է։ Իսկ փոփոխված արժեքը նույնիսկ հաճախորդի մոտ կարող է անվստահություն առաջանալ, եթե նա չի հետևում այս նորություններին»։
Ոսկու վաճառքով զբաղվող մեկ այլ տնտեսվարող դժգոհում է՝ մի քանի ամիս է՝ վաճառակետին շատ քիչ գնորդ է մոտենում։ Ոսկու գներին նայում են, որոշում գումար նվիրել՝ ասում է․ մարդկանց ֆինանսական վիճակը թույլ չի տալիս, ինչպես ասում են, «ոսկու գնով» ոսկի գնել։
«Աստղաբաշխական գնի է հասել ոսկին։ Մեր երկրի տնտեսական վիճակից ելնելով հասկանում ենք, որ ժողովրդի ձեռքին այնդքան գումար չկա։ Գնելիությունն իջել է։ Ուղղակի որ սա մեր բիզնեսն է, պարտաճանաչ ձևով ներկայանում ենք աշխատանքի՝ հույս ունենալով, որ մի օր լավ կլինի կամ կկարգավորվի ոսկու այս գնաճը»։
«Ռադիոլուր»-ը փորձեց ոսկու վաճառակետերում դիտարկել իրավիճակը։ Հետաքրքիր է նկատել, որ վաճառողներն այժմ ավելի շատ ցանկանում են գնել, քան վաճառել ոսկյա զարդեր։ Տնտեսվարողների մտահոգությունն է, որ վաղը ոսկին ավելի կթանկանա, իսկ իրենք արդեն վաճառած կլինեն զարդերն օրվա շուկայական գնով։
«Չէ, ավելի շատ հանձնում են մարդիկ ոսկին, քանի որ գինը բարձր է, երևի մարդկանց գումար է հարկավոր, դրա համար էլ հանձնում են ոսկին։ Ստիպված հարսանիքի համար մատանիներ են պատվիրում, որը պարտադիր հարսանեկան պայման է։»։
Ոսկու հիմնական գնորդներն աշխարհում կենտրոնական բանկերն են։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսին կարծիք էր հայտնել, որ եթե այլ բան չփոխվի թանկարժեք մետաղների գների աճի միտման մեջ, ապա դժվար թե ոսկու գները կտրուկ նվազեն։
«Ըստ էության՝ մենք նաև կանխատեսումներ էինք արել բյուջետային փաստաթղթով։ Դա միայն ոսկուն չի վերաբերում. ի դեպ, պղնձին էլ է վերաբերում, որովհետև պղնձի գինը 10,000 էր այն ժամանակ, երբ բյուջեն ընդունում էինք։ Եվ մեր կանխատեսումով՝ պղնձի գինը մի փոքր կավելանար, բայց մեր կանխատեսումներն այնպիսին չէին, որ պղնձի գինը կարող է դառնալ 12,700, որն այսօր է, կամ 13,000։ Այսինքն՝ այսպիսի կանխատեսում չունեինք։ Սա էլ իր դրական ազդեցությունն է ունենալու հա՛մ ՀՆԱ-ի, հա՛մ մեր հարկային եկամուտների վրա։ Բնականաբար, ոսկու գնի դրական փոփոխությունն իր դրական ազդեցությունն ունենալու է՝ ի համեմատություն նրա, ինչ պլանավորել էինք բյուջեում»։
Նախարարի խոսքով՝ 2026-ի բյուջեն կազմելիս իրենք զգուշավոր են եղել և մետաղների համար ավելի ցածր գներ են նախատեսել (ոսկին՝ 4,000 դոլար, պղինձը՝ 9,000-10,000 դոլար): Սակայն այսօրվա իրական գները շուկայում շատ ավելի բարձր են, քան սպասվում էր։
Ուրբաթ օրը նաև արծաթի գինը հասավ ռեկորդային ցուցանիշի՝ մեկ ունցիայի գինն անցավ 100 դոլարը։ Սա նշանակում է, որ անցյալ տարվանից արծաթն արդեն թանկացել է գրեթե 1.5 անգամ։
Goldman Sachs-ի վերլուծաբանները 2026 թվականի վերջի համար ոսկու գների կանխատեսումը միանգամից բարձրացրել են 500 դոլարով՝ մինչև 5400 դոլար մեկ ունցիայի դիմաց՝ պայմանավորված մասնավոր ներդրողների և կենտրոնական բանկերի կողմից թանկարժեք մետաղի ակտիվ գնումներով։
Սա մեծապես պայմանավորված է ԱՄՆ քաղաքականությամբ, մասնավորապես, սահմանվող մաքսատուրքերի անորոշություններով։