
Քաղաքական դիրքորոշումների վերադասավորումներն ու շրջադարձային փոփոխությունները ուղղակի շշմեցուցիչ են: Այնպիսի արագությամբ են դրանք տեղի ունենում և այնպիսի անհավանական սցենաներով, որ դժվար է հասկանալ, թե ով ում բարեկամն է կամ դաշնակիցը, ով է ՞ պարտվել , ով՞ է հաղթել, ով՞ ումից ինչ է ուզում և կամ ով՞է կրում մեղքի բաժինը: Իհարկե ասածս չի վերաբերվում ՀՀ «քաղաքագետ» ռահվիրաներին, որոնք բոլոր հարցերի պատասխանը գիտեն 100%-ով և շատ իմաստալից «կանխատեսումներ» են անում: Ի դեպ իրադարձությունների ու զարգացումների մեկնաբանման և բացատրության գործում դժվարանում են նույնիսկ ամերիկյան և եվրոպական փորձագիտական շրջանակները, բավական է մեկ երկու օր հետևել նրանց և կհամոզվեք ասածիս մեջ: Բայց դե մերոնք «պրոբլեմ» չունեն, Թրամփից, Պուտինից և մյուս ղեկավարներից առաջ իրենք գիտեն, թե որը որից հետո է և նշում են իրենց մտավոր կարողությունները: Բայց վերադառնանք ներկա բարդ իրողություններին: Իսկապես յուրաքանչյուր օրը նոր անակընկալ է մատուցում: Զելենսկին խրոխտ հայտարարում էր, որ տարածքների հարցում զիջումների չի գնում և բանակցելիս այն չի քննարկելու: Դրա համար էլ Դավոս չի գնալու: Հետո Թրամփը նայեց դահլիճում նստածներին և ակնարկեց, որ ինչու Զելենսկին այստեղ չի: Դրանից մի քանի ժամ հետո Զելենսկին իր շքախմբով Դավոսում էր, հանդիպեց Թրամփին և խիստ անտրամադիր հեռացավ: Այնուհետև հաջորդեց ամերիկյան պատվիրակության մեկնումը Մոսկվա, չորս ժամ բանակցություններ Պուտինի հետ և մեկնումը Միացյալ Էմիրություններ: Այստեղ նորից Ուիտկոֆն ու Քուշները, անցած օրը, առանձին առանձին նորից դժվար և լարված բանակցություններ էին վարում: Պարզ չէ կրկին զիջում է Զելենսկին, թե՞ ոչ: Նորություն էր նաև այն, որ միջնորդական առաքելությունն իր վրա վերցրած Թրամփը պատերազմի մեղքը բարդեց եվրալիդերների վրա, նրանց մեղադրեց 2020 թ. ընտրությունների կեղծման աջակցության մեջ: Եվ եզրահանգում, եթե չկեղծվեր, անգործունակ Բայդենը իշխանության չէր գա և բնականաբար պատերազմ էլ չէր լինի: Ուրեմն պատերազմի բորշչը ոնց եփել եք, այնպես էլ կերեք: Հիշարժան էր նաև այն, որ Մակրոնը, Մերցը և Սթարմերը Խաղաղության խորհրդին շատ կասկածանքով են վերաբերվում, բայց ահագին մեղմացրել են հռետորաբանությունը Պուտինի նկատմամբ: Մեկ այլ նորույթ: Թրամփը ընդգծում է այն միտքը, որ անվտանգության ոլորտում 70-80 տարի ձրիակերներ են պահել հանձինս ԵՄ-ի, հիմա, եթե նույն կոլեկտիվ անվտանգության համար Գրենլանդիայի հարցով չեն աջակցում ուրեմն բացառված չի, որ ԱՄՆ-ն լքի ՆԱՏՕ-ն: Մակրոն էլ պատասխանեց, որ հերիք է ենթարկվել ամերիկյան դիկտատին: Մերցն էլ մի անսպասելի ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքեց Մելոնիի հետ, փաստորեն նատօյական դաշնակիցները ի զարմանս բոլորիս, նո՞ր են ռազմավարական դաշինք կնքում: Այսպես, որ թվենք, Իրանի շուրջ իրարամերժ հայտարարություններին էլ անդրադառնանք կարող է և նորից խճճվենք: Ահա այսպիսի տպավորություններ Դավոսից առաջ, Դավոսում և Դավոսից հետո: Հուսով ենք՝ վերջը լավ կլինի: