«Ազատություն» – Հայաստանում ապրող իրանցիներն ու իրանահայերն այսօր կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Երևանում Իրանի դեսպանատան առջև: Ակցիաների մասնակիցները բողոքում են Իրանում ցուցարարների սպանություններից, կրոնական իշխանության փոխարեն աշխարհիկ իշխանություն պահանջում:
«Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ տարածքը լի է ոստիկաններով, որոնք խոչընդոտել են ակցիայի մասնակիցներին նախապես պլանավորած երթ իրականացնել դեպի Կապույտ մզկիթ: Ցուցարարները սա կապում են Իրանի դեսպանի վերջին հայտարարության հետ:
Դեսպան Խալիլ Շիրղոլամին, մասնավորապես, ասել էր, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն:
ՆԳՆ-ից արձագանքել էին, թե ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:
Ցուցարարները վրդովված պնդում են, թե ցույցն ու երթը հունվարի 15-ի որոշմամբ արտոնվել է քաղաքապետարանի կողմից, բայց երեկ երթի մասը չեղարկվել է՝ Իրանի դեսպանի «սպառնալիքներից» հետո:
Ակցիայի մասնակիցները նստացույց են սկսել՝ որպես բողոքի նշան, ոստիկանությունը պահանջում է դադարեցնել ակցիան՝ սպառնալով կիրառել ուժ և հատուկ միջոցներ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

