17 հունվարի 2026 – 14:35 AMT
PanARMENIAN.Net – Իրանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցի փետրվարի 13‑15‑ը կայանալիք Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին։ Նախապես ուղարկված հրավերները որոշ պաշտոնյաների համար հետ են կանչվել՝ հաշվի առնելով վերջին զարգացումները Իրանում և զանգվածային բռնությունը ցուցարարների նկատմամբ: Այդ մասին հայտնել են ֆորումի կազմակերպիչները:
Չեղարկվել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և նրա տեղակալի հրավերը, հայտնում է Deutsche Welle-ն:
Համաժողովի մամուլի ծառայությունը ընդգծել է, որ սովորաբար կազմակերպիչները չեն մեկնաբանում իրենց հրավերների քաղաքականությունը, սակայն այս դեպքում՝ նկատի ունենալով հանրային մեծ հետաքրքրությունը, որոշվել է բացառություն տալ։ Նրանք նաև նշել են, որ մասնակիցների ցանկի ձևավորումը պաշտոնապես ավարտվում է միայն համաժողովի մեկնարկով, և կազմակերպիչները մշտապես հետևում են քաղաքական ընթացող իրադարձություններին՝ ապահովելու անվտանգության ոլորտի կարևոր տեսակետների ներկայացվածությունը։
Բեռլինում ընդգծել են, որ կառավարությունն ընդամենը խորհուրդ է տվել, իսկ հրավերների վերաբերյալ որոշումները համաժողովը կայացնում է ինքնուրույն, առանց իշխանությունների ցուցումների։
Իրանում մեծածավալ բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի վերջին՝ տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում, և արագ վերաճել են երկրի կրոնական և քաղաքական ղեկավարության դեմ բազմամարդ ցույցերի։ Ըստ մարդու իրավունքների պաշտպանների, իշխանությունները կոշտ կերպով ճնշել են ցույցերը։
Գերմանական կողմի աղբյուրների գնահատմամբ, բողոքի սկզբից ոչ պակաս քան 2600 մարդ է զոհվել, և մոտ 19 հազար մարդ է վիրավորվել։ Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է ցուցարարների մահվան 3428 հաստատված դեպքերի մասին՝ Իրանի ուժայինների գործողությունների հետևանքով։