«Ոչ ոք չէր ակնկալում, որ առողջության ապահովագրության բարեփոխումը մի կոճակ է, որը պիտի սեղմենք, եւ ամեն ինչ 100 տոկոսով բոլոր օղակներում վայրկյանի ճշգրտությամբ կաշխատի։ Սա ահռելի մեծ բարեփոխում է, իր մեջ ներառում է 1 մլն 600 հազար հոգի, բուժաշխատողների մի մեծ շրջանակ։ Եվ, այո, կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք ընթացքում շտկվում են»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հնչող դժգոհություններին։
Նա նշեց, որ համակարգը պատրաստ էր եւ ներդրվել է։ Անդրադառնալով ֆինանսավորմանը՝ Ավանեսյանն ասաց․ «Այո, հազարից ավելի ծառայությունների ցանկում կան որոշ ծառայություններ, որոնց գնագոյացման կամ համավճարի չափի մասով մեր մասնագիտական հանդիպումների ժամանակ հարց է բարձրացվել։ Մենք առաջին մեկ ամսվա համար մեզ համար ժամկետ ենք դրել՝ հավաքելու բոլոր արձագանքները։ Մասնագիտական բոլոր ուղղվածությունների հետ աշխատանք տանելու ենք՝ հասկանալու, թե բարձրացված հարցերից որոնք են իսկապես օբյեկտիվ հիմնավորված»։
Հարցին, թե մարզային հիվանդանոցներն ինչքանո՞վ են պատրաստ ապահովագրության ներդրմանը, բժիշկները տեղյա՞կ են գործընթացի մասին, նախարարը պատասխանեց․ «Բժիշկները տեղյակ են, եթե տեղյակ չլինեին, 80 հազարից ավելի քաղաքացու այս 15 օրերի ընթացքում չէին կարող սպասարկել։ Այո, կան բժիշկներ, որոնք դեռ չեն հասցրել ամբողջ տեղեկատվությանը տիրապետել, ինչի ուղղությամբ մենք աշխատել ենք եւ աշխատում ենք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: