𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 և այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ նամակներ են ստացվում՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վերջին շրջանում բազմաթիվ նամակներ են ստացվում ծնողներից՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով, մասնավորապես, 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 և մի շարք այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ:

Արձագանքելով այդ մտահոգություններին՝ նախարար Հայրապետյանը նախաձեռնել է երկխոսություն ծնողների և մանկավարժների հետ՝ լսելու նրանց կարծիքներն ու առաջարկությունները: Հանդիպումների ընթացքում հավաքված դիտարկումների հիման վրա կծավալվեն միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն երեխաների համար անվտանգ և պաշտպանված թվային միջավայրի ապահովմանը:

«Վերջին շրջանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նամակներ է ստանում իրենց երեխաների անվտանգությամբ մտահոգված քաղաքացիներից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 խաղային հարթակին։

Կցանկանայի այս հարթակով երկխոսություն ունենալ ծնողների, մանկավարժների հետ և իմանալ ավելին իրենց մտահոգությունների մասին, որոնք առաջանում են, երբ երեխաներն օգտագործում են այնպիսի խաղային հարթակներ և խաղեր, ինչպիսին են 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅-ը, 𝗠𝗶𝗻𝗲𝗰𝗿𝗮𝗳𝘁-ը, 𝗕𝗿𝗮𝘄𝗹 𝗦𝘁𝗮𝗿𝘀-ը, 𝗙𝗼𝗿𝘁𝗻𝗶𝘁𝗲-ը, 𝗣𝗨𝗕𝗚-ին և այլն։ Գոյություն ունեն տարբեր գնահատականներ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների և, միևնույն ժամանակ, վնասակար սովորությունների և տարաբնույթ վտանգների վերաբերյալ։

Ցանկանում եմ ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների և մտահոգությունների մասին, և արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակներում նվազեցնել այդօրինակ ռիսկերը՝ երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում։

Խնդրում եմ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր մտահոգությունները և, առհասարակ, դիտարկումները։ Ստացված արձագանքների հիման վրա նախատեսում ենք կազմակերպել հանդիպում և անցկացնել ավելի լայն քննարկում՝ տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների, ծնողների և մասնագետների մասնակցությամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment