Միքայել Աջապահյանը առողջական վիճակից ելնելով չի մասնակցել դատական նիստին․ նիստը հետաձգվել է

Վերաքննիչ քրեական դատարանում  հունվարի 13-ին, դռնբաց դատական նիստով քննության էր առնվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ մեղադրյալ Գևորգ (Միքայել)  Աջապահյանի (Միքայել սրբազան) պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի, ինչպես նաև  ՀՀ գլխավոր դատախազության Սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետի տեղակալ Վահան Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:

Iravaban.net-ի փոխանցմամբ նիստը նախագահում էր դատավոր Միաասյանը։ Դատական նիստին ներկայացել էին միայն հանրային մեղադրողները։ Պաշտպանական կողմը բացակայում էր նիստից։  Դատարանը հայտնեց, որ ավելի վաղ  ստացել է Իզմիրյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի գրությունը համաձայն որի՝ Միքայել սրբազանը 26.12.2025 թվականին վիրահատվել է,  ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ  և առողջական վիճակից ելնելով չի կարող մասնակցել դատական նիստին։ Այս հանգամանքը հաշվի առնելով Դատարանը քննարկեց դատական նիստի հետաձգման հարցը։ Հանրային մեղադրողները չառարկեցին։ Նիստը հետաձգվեց, նախագահող դատավորը նշեց, որ հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն։

Leave a Comment