2 մլրդ դրամի մաքսատուրքի արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանին, 18 մլն դրամի արտոնություն՝ Արսենյանների «Ջերմուկ Գրուպին»

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով արտոնություն կտրամադրի մի շարք ընկերությունների։

Մասնավորապես, 2 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվելու գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ կողմից ներմուծվող հումքի համար։ Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 32․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 4․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նշվում է, որ նեկայումս առկա է 258 աշխատատեղ՝ 311 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 333-ի՝ 390 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 32․4 մլրդ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Գործարար Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին 18 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կտրամադրվի։ Աշոտ Արսենյանը Վայոց ձորի ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանի հայրն է։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել վերջինիս կողմից թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին, ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 224․4 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 577 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 565-ի՝ 580 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 224․4 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Կառավարության մեկ այլ որոշմամբ արտոնություն կտրամադրվի «Ռոզելին Բայ Կօկ» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունը կազատվի 81․5 մլն դրամ մաքսատուրքից։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերը նախատեսվում է իրացնել, ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։ Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․45 մլրդ դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 180 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 300 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ  դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Կառավարությունը 133 մլն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն կտրամադրի «Սովթ Պապիրուս» ընկերությանը։ Մեկ այլ որոշմամբ էլ 260 մլն դրամի արտոնություն կտրամադրվի «ԳՌՕՄ» ՍՊԸ-ին,  իսկ «Սան Ֆուդ» ՍՊԸ կողմից ներմուծվող հումքի համար նախատեսվում է 242․5 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment