Ադրբեջանը վառելիքի նոր խմբաքանակ կուղարկի Հայաստան

Ադրբեջանը վառելիքի նոր խմբաքանակ կուղարկի Հայաստան

8 հունվարի 2026 – 10:39 AMT

PanARMENIAN.NetԱդրբեջանի լրատվամիջոցները հայտնել են, որ հունվարի 8-ին Գյուզդեկ երկաթուղային կայարանից և Բաքվի բեռնային կայանից նախատեսվում է նավթամթերքի երկրորդ խմբաքանակն ուղարկել Հայաստան։

Նախատեսվում է տեղափոխել 1000 տոննա 92 տեսակի բենզին, 1000 տոննա դիզելային վառելիք և 1800 տոննա 95 տեսակի բենզին, գրում է APA-ն:

Նավթամթերքի առաջին խմբաքանակն Ադրբեջանից Հայաստան էր ուղարկվել դեկտեմբերի 18-ին՝ երկու երկրների միջև խաղաղ կարգավորման օրակարգի շրջանակում։

Նշվում է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները իրականացվում են բացառապես առևտրային հիմունքներով, և բենզինը վաճառվում է միջազգային շուկայական գներով։

Ավելի վաղ ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»Լ

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը։

Leave a Comment