Վարչապետի կամքին տուրք տալով Սուրբ և Անմահ Պատարագից հատվածներ զեղչելը Խորհուրդը դարձնում է թատերական ներկայացում. Գենադի Մնացականյան

Բազում անգամներ և բազմաթիվ մասնագետների կողմից բացատրվել է Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում որևէ հատված զեղչելու անթույլատրելիության մասին։ Բացատրվել է, որ նման դեպքերում Սուրբ և Անմահ Պատարագը անարգվում է, իսկ անարգվողը մեծագույն անեծքի ու մեղքի տակ է հայտնվում։ Եւ ո՛չ միայն Պատարագիչ հոգևորականին է այդ նզովքն ու մեղքը վերաբերում, այլ նաև նրանց, ովքեր իրենց ներկայությամբ կամ որևէ կերպ նպաստում են այդ սրբապղծության իրականացմանը։ Իսկ եթե նպաստողների մեջ կան նաև ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաներ, ապա այդ նզովքն ու մեղքը հասնում է նաև նրանց ընտրողներին, եթե, իհարկե, հրապարակայնորեն չեն զղջում նրանք իրենց սխալ ընտրության համար։

Այդուհանդերձ, եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ ասածներիս մեջ չափազանցություն կա և սխալմամբ կարծում են թե Սուրբ և Անմահ Պատարագից որևէ հատված գիտակցաբար զեղչելու դեպքում նույնպես Խորհուրդ Խորինը լիարժեք է համարվում, ապա նման մարդկանց մի պարզ կենցաղային օրինակով փորձեմ ապացուցել, որ իրենք սխալվում են։ Հանրահայտ է, որ մեկ կիլոգրամը բաղկացած է 1000 գրամից, եթե հազար գրամից պակասի թեկուզ մեկ գրամ, ապա դա մեկ կիլոգրամ չի լինի։ Մեկ այլ ավելի հոգեհարազատ օրինակ բերեմ․ մեկ դրամը կազմված է հարյուր լումայից, եթե հարյուր լումայից պակաս լինի թեկուզ մեկ լումա, ապա մեկ դրամ չի լինի։ Եւ այդպես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել։

Բերածս այս պարզ օրինակները, իհարկե, զուտ որպես ուղեցույց կարող է լինել հասկանալու համար թե ինչու ենք ասում, որ վարչապետի մեղսավոր կամքին տուրք տալով ու նրա ներկայությամբ Սուրբ և Անմահ Պատարագից հատվածներ զեղչելը Խորհուրդը դարձնում է թատերական ներկայացում։ Նմանատիպ ու նույնաբովանդակ թատերական ներկայացումներ բեմադրելով, իհարկե, դերասանները մեծ ցավ են պատճառում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետին, իրենց ուխտին հավատարիմ մնացած հոգևոր դասին, իհարկե, նաև բարեպաշտ հավատավոր ժողովրդին, սակայն տուժողն ի վերջո հենց այդ սրբապղծություն իրականացնողներն են և նրանք պետք է ավելի շատ մտահոգ լինեն իրենց զազրելի արարքների հետևանքներից ազատվելու համար։

ՀՀ իշխանությունների կողմից բռնազավթված Հովհաննավանք վանական համալիրում տեղի ունեցած այսօրվա հերթական «Պատարագ» ներկայացումը վառ վկայությունն էր այն իրողության, որ պառակտիչներն արդեն իրենք են պառակտվել։ Այդուհանդերձ, սատանայի կամակատարի թունավոր քարոզչության ազդեցության տակ հայտնված մեր մոլորված քույրերի ու եղբայրների համար Սուրբ Ծննդյան այս հրաշալի օրերը թող առիթ դառնան զղջալու և Մայր Եկեղեցու գիրկը վերադառնալու համար՝ քանի դեռ դրա հնարավորությունն ունեն։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment