Ոչ ոք չպետք է կասկածի՝ մենք թույլ չենք տա քաոս ՀԱՊԿ-ում․ Լավրով

2026 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը, որը կիրականացնի «Կոլեկտիվ անվտանգությունը բազմաբևեռ աշխարհում. միասնական նպատակ, ընդհանուր պատասխանատվություն» կարգախոսով: Այս մասին նշված է ՀԱՊԿ-ում ՌԴ նախագահության մեկնարկի կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում:

«ՀԱՊԿ շրջանակում դաշնակիցների հետ միասին միավորում ենք ջանքերը՝ պաշտպանելու միջազգային անվտանգության խնդիրների լուծման մեր ընդհանուր մոտեցումները: Կազմակերպության հիմնարար փաստաթղթերում ամրագրված են պետությունների խաղաղ համակեցության սկզբունքները, քաղաքական-դիվանագիտական կարգավորման առաջնահերթությունը, միջազգային իրավունքի նորմերի պահպանումը՝ ՄԱԿ-ի գլխավոր դերակատարմամբ։ Հենց այս հիմքով ենք մեր գործընկերներին առաջարկում կառուցել փոխշահավետ կապեր, ակտիվորեն ներգրավվել Եվրասիայի տարածքում հավասար և անբաժանելի անվտանգության ապագա ճարտարապետության ուրվագծերի մշակման գործընթացում։ ՀԱՊԿ-ը կարող է դառնալ դրա հենասյուներից մեկը: Կցանկանայինք, որ եվրասիական պետություններն իրենց վրա վերցնեին անվտանգության հարցերի լուծման պատասխանատվությունը և իրենք որոշեին մայրցամաքի ապագան՝ առանց արտաքին միջամտության։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ձևավորվել է որպես դաշնակից պետությունների հեղինակավոր միավորում, որի գործունեությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, չի պարունակում ագրեսիվ նկրտումներ, այլ կառուցվում է բացառապես տարածաշրջանային կայունության և անդամ երկրների բարօրության պահպանման շահերից ելնելով: Ընդ որում, Կազմակերպությունում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով՝ շահերի հավասարակշռության միջոցով, իսկ համագործակցությունը հիմնված է միմյանց նկատմամբ հարգանքի, բարիդրացիության, անկեղծ ընկերության և փոխօգնության սկզբունքների վրա։

Ռուսաստանը կպահպանի փոխգործակցության հիմնական ուղղությունների զարգացման հետևողականությունը, այդ թվում՝ կշարունակվի աշխատանքը Ղրղզական Հանրապետության նախագահության նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարվածությունը՝ մեր առջև նպատակ ենք դնում հետագայում ևս համախմբել ՀԱՊԿ անդամ պետությունները, ամրապնդել դաշնակցային կապերը, խորացնել համակարգումն առանցքային միջազգային խնդիրների շուրջ։ Կշարունակենք եվրասիական տարածքի պետությունների և նրանց ինտեգրացիոն միավորումների հետ ՀԱՊԿ կապերի ցանցի ընդլայնման գիծը։

Մեր ջանքերը կկենտրոնացվեն Կազմակերպության գլխավոր առաքելության՝ իր պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության պահպանման, ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգ զարգացման և բարգավաճման համար բարենպաստ պայմանների ապահովման վրա։ Ոչ ոք չպետք է կասկածի՝ մենք թույլ չենք տա քաոս մեր ընդհանուր տանը։

Կարևոր նշանակություն ենք տալիս Կազմակերպության ուժային բաղադրիչի զարգացմանը։ Նախատեսվում է շեշտը դնել ՀԱՊԿ Հավաքական ուժերի մարտական ներուժի հզորացման, դրանք ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ ու տեխնիկայով օժտելու վրա։ Աշխատանքը կկառուցվի ընթացիկ և հեռանկարային մարտահրավերների բնույթին համապատասխան՝ հաշվի առնելով ժամանակակից զինված հակամարտությունների փորձը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք կենսաբանական սպառնալիքներից պաշտպանության, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության հարցերին։ Մեր ուղենիշներն են նաև ռազմական ոլորտում տեխնոլոգիական առաջատարության ապահովումը, ՀԱՊԿ երկրների պաշտպանական-արդյունաբերական համալիրների զարգացումն ու դրանց փոխգործակցությունը, նորարարական ներուժի իրացումը:

Մտադիր ենք ընդլայնել գործիքակազմը՝ միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը համատեղ հակազդելու, ինչպես նաև թմրամիջոցների և զենքի անօրինական շրջանառության, անդրազգային կազմակերպված հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։

Բարձր գնահատելով միջխորհրդարանական համագործակցության դերը՝ նշենք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի կազմավորման 20-ամյակը, որը կարևոր համակարգային աշխատանք է իրականացնում ՀԱՊԿ ողջ տարածքում միասնական իրավական դաշտի ստեղծման ուղղությամբ։
Վստահ ենք ռուսաստանյան նախագահության առաջնահերթությունների իրականացման հարցում մեր գործընկերների աջակցությանը, պատրաստ ենք սերտ և պտղաբեր աշխատանքի 2026 թվականին։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը կբարձրացնենք որակապես նոր մակարդակի՝ Կազմակերպության տարածքում խաղաղության պահպանման և ամրապնդման շահերից ելնելով»,- նշել է Լավրովը։

Leave a Comment