Երեւանը կդառնա մարտարվեստների խաչմերուկ

«Առաջին հերթին ցանկանում եմ բոլորիդ ասել շնորհակալություն, որ այս երեկո եկաք այստեղ», – գրեփլինգի կանոններով Արման Ծառուկյան-Շարա Բուլետ մենամարտից առաջ դիմելով Մարզահամերգային համալիրի տրիբունաներում տեղ զբաղեցրած ավելի քան 8 հազար մարզասերներին՝ ասաց Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը։ «Վերջին տարին մեր լիգայի համար շատ ծանր էր։ Մենք բազմաթիվ դժվարությունների ենք բախվել։ Շատերն ինձ ասում էին, թե Hype Fighting-ը արդեն պետք է փակել, զբաղվիր մեկ ուրիշ գործով։ Բայց Հայաստանն ընդունեց մեզ։

Եվ ես ուզում եմ ասել, որ այսուհետ Hype Fighting-ի տունը Երեւանն է։ Փետրվարին, մարտին, ամռանը մենք մրցաշարերը կանցկացնենք այստեղ, մենք կբերենք UFC-ի, բոլոր լիգաների ամենաճանաչված մարտիկներին։ Ամենախոշոր, ամենաքննարկվող մենամարտերը կանցկացվեն այստեղ», – հայտարարեց Արմանդ Մարտիրոսյանը։

Իսկ ավելի վաղ ռուսաստանցի Աբուբակար Մամեդովի նկատմամբ ժամանակից շուտ առավել քան վստահ հաղթանակ տոնելուց հետո, երբ մրցակիցը հուժկու հարվածներից հետո երկու անգամ հայտնվեց ռինգի սահմաններից դուրս, մարտարվեստների լեգենդ Դավիթ Խաչատրյանը իր երախտագիտությունը հայտնեց Սամվել Կարապետյանին, Սարգիս Կարապետյանին, «Առյուծի սիրտ» մարտարվեստների ակադեմիային՝ նշելով, որ դրանք զուտ խոսքեր չեն, այլ իրական գործերի գնահատական, քանի որ նրանք են, որ օգնում են պրոֆեսիոնալ մարզիկներին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment