2026-ը պարզապես օրացույցի հերթական թիվը չէ։ Դա մի տարի է, որի ընթացքում «հետո»-ն կարող է դառնալ վտանգավոր շքեղություն. Մեսրոպ Առաքելյան

Ահա և Նոր տարին։ Կրկին։ Հանկարծ…

Կարծես թե 2026-ը եկավ ավելի շուտ, քան անհետացան 2025-ի տոնածառն ու չարազի տակի մնացած չամիչը։

Գուցե և ճիշտ են գիտնականների այն պնդումները, որ ժամանակն արագացել է։ Նայելով օրացույցին՝ դժվար է նրանց հետ վիճել։ Երկուշաբթիները թռնում են ուրբաթների արագությամբ, իսկ ամիսները՝ ինչպես ինստագրամյան սթորին:

Տարիները փոխվում են ավելի արագ, քան հասցնում ենք վերանայել մեր խոստումները և պատկերացումները։

Մենք համառորեն փորձում ենք հետ չմնալ այս ընթացքից․ շտկում ենք մեր հայացքները, վերանայում ծրագրերը, փորձում հասկանալ՝ ուր ենք գնում։ Երբեմն հասցնում ենք, երբեմն՝ պարզապես հարմարվում և ձևացնում, թե ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ։

Փոփոխությունները մեկը մյուսի հետևից անցնում են մեր աչքի առաջ՝ ինչպես պատկերները սոցկայքերում․ գունեղ ու պայծառ։ Բայց արի ու հետո հիշիր՝ ինչ տեսար, երբ տեսար, որտեղ․․․

Շատ հաճախ թվում է, թե կյանքը մի անվերջ տոն է՝ միշտ լուսավոր, միշտ հաջողված։ Իսկ իրականությունը երբեմն հիշեցնում է՝ լույսը խամրում է, իսկ ճանապարհը՝ դառնում անորոշ։

Ու թերևս հենց հիմա, այս արագությունից մի փոքր շփոթված պահին, ժամանակն է կանգ առնել և մտածել․ ինչի՞ն մենք, այնուամենայնիվ, հասցրինք, իսկ ի՞նչը կրկին հետաձգեցինք։ Արդեն որերորդ անգամ…

2026-ը պարզապես օրացույցի հերթական թիվը չէ։ Դա մի տարի է, որի ընթացքում «հետո»-ն կարող է դառնալ վտանգավոր շքեղություն։

Ինչպիսին կլինի այս տարին մեր կենցաղում, մեր հարաբերություններում՝ կախված է մեզանից։ Մեր ամենօրյա, փոքր ընտրություններից։ Բայց ամենակարևոր ընտրությունը մենք պետք է կատարենք միասին։ Եվ հենց այդ ընտրությունից է կախված, թե որ ուղղությամբ ենք շարժվելու՝ մենք և մեր երկիրը։

Մեծ է ցանկությունը, նույնիսկ այս արագացող ժամանակներում, հասցնել։

Հասնել մեր բաղձալի երազանքին։

Հասցնել ապրել մեր երազանքների երկրում։

Մեր իսկական, իրական, պատմական Ապրելու Երկրում։

Որպեսզի գավաթները բարձրացնելիս կարողանանք ազնվորեն ասել՝

այո, այս անգամ ամեն ինչ մեր օգտին էր, որովհետև մենք ժամանակին ճիշտ ընտրություն արեցինք։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment