Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը «Առավոտին» տրամադրել էր փաստաթղթեր, հրապարակումից առաջ, որոնցից մեկը Սարիկ Մինասյանի՝ 2017թ. հունիսի 12-ի դիմումն էր՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին, մյուսը՝ Սարիկ Մինասյանի անձնական թերթիկն էր։ Դիմումի տակ Սարիկ Մինասյանը ստորագրել էր, երկու տեղ էլ ձեռագրով գրել իր անուն-ազգանունը։
Արտյոմ Ղուկասյանը Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ պատասխանելով ՔՊ-ականների այն պնդումներին, թե Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ՀՀԿ-ական չի եղել, Aravot.am-ին տեղեկացրել էր, որ նա 2017 թ. անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ դիմում ներկայացնելով «ՀՀԿ Գյումրի-1» կառույցին։
Սա էլ պատճառ էր դարձել, որ Սարիկ Մինասյանը դիմի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատարանին խնդրելով պարտավորեցնել պատասխանող Արտյոմ Ղուկասյանին հրապարակայնորեն հերքել հայցվոր Սարիկ Մինասյանի վերաբերյալ www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. եւ 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում իր կողմից կատարված արտահայտություններում զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետեւյալ ձեւով. «Տեղադրել հայտարարություն, որի վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Արտյոմ Ղուկասյանս, հերքում եմ Սարիկ Մինասյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունները», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. եւ 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում Սարիկ Մինասյանի վերաբերյալ իմ կողմից կատարվել են արտահայտություններ՝ այդ թվում Սարիկ Մինասյանի ՀՀԿ անդամ հանդիսանալու, վերջինիս կողմից ՀՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ զրպարտում են Սարիկ Մինասյանին»։ Սարիկ Մինասյանը հերքում է, թե իր ՀՀԿ-ական լինելը, պնդում, թե դիմումում եղած ստորագրությունը կեղծված է։
Մենք տեղեկացրել էինք դատարանի որոշման մասին, որ ստորագրությունն ուղարկվել էր ՀՀ ԱՆ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ:
ՀՀ ԱՆ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից թիվ ՇԴ/0424/02/25 քաղաքացիական գործի (Սարիկ Սամվելի Մինասյանն ընդդեմ Արտյոմ Գեորգիի Ղուկասյանի, երրորդ անձ՝ «Առավոտ» օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին) շրջանակում 2025 թ. նոյեմբերի 21-ին կազմված թիվ 14642501 եզրակացությամբ հաստատվել է՝ «Փորձաքննությանը տրամադրված Սարիկ Սամվելի Մինասյանի անունից 12.06.2017թ. Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին ներկայացված «Դիմում» վերնագրով փաստաթղթում «Դիմող» տպագիր եւ «Սարիկ Մինասյան Սամվելի» ձեռագիր գրառումների միջեւ տեղավորված ստորագրությունը եւ Սարիկ Սամվելի Մինասյանի անուն, հայրանուն, ազգանունը պարունակող, 12.06.2017թ. լրացված «Անձնական թերթիկ» «համարը 06-01-2441» վերնագրերով փաստաթղթում, դարձերեսին, «Ստորագրություն» տպագիր բառի դիմաց տեղավորված ստորագրությունը կատարվել է իր՝ Սարիկ Սամվելի Մինասյանի կողմից»։
Դատարանը՝ դատավոր Հ.Աղաքարյանը դեկտեմբերի 17-ին հրավիրել էր հերթական դատական նիստը, որոշում ընդուել նախնական դատական նիստը ավարտելու եւ գործը դատաքննության նշանակելու մասին։
Դատարանը որոշում է կայացրել հաջորդ դատական նիստը հրավիրել գալիք տարվա՝ 2026 թ. հունվարի 21-ին։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: