Ամանորի սպասումով՝ զինվորական համազգեստով. կին զինվորականների տոնական օրերը

Երբ օրացույցը մոտենում է տարեվերջին, զինվորական խիստ առօրյան էլ է փոքր-ինչ փոխվում։ Գունավորվում, բայց ոչ՝ մեղմանում։ Կին զինվորականների համար Ամանորը ծառայության մեջ ոչ միայն հերթական հերթափոխն է, այլ նաև ներքին հաշվետվություն՝ անցնող տարվա փորձությունների, դժվարությունների հաղթահարման և սպասումների մասին։ Կանանց գնդում տոնին պատրաստվելը դարձել է առավել միասնականության և փոխադարձ աջակցության յուրահատուկ դրսևորում։

Շարահրապարակում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են՝ հրամանատարից մինչև շարքային։ Կանանց զորամասում ամանորյա եռուզեռը չի խաթարում ծառայության բնականոն ընթացքը։ Ընդհակառակը՝ այս օրերին ծառայությունն անցնում է ուժեղացվածի։

— Ողջույն, հարգելի՛ կապիտան

Զորամասի բարոյահոգեբանական ապահովման գծով հրամանատարի տեղակալ, կապիտան Վարդանյանը, որ ծառայության է անցել 2024 թ. հունիսից, ծառայող կանանց մասին շատ բան ունի պատմելու։ Աշխատանքը նրանց հետ առանձնակի մոտեցում է պահանջում։ Ընտանիքից ու կենցաղից կտվրած կանանց հոգեբանական առանձնահատկությունների մասին, սակայն, այժմ նախընտրում ենք չխոսել։ Թեման Ամանորն է, ու կապիտանը վստահեցնում է՝ որևէ բան, նաև տոնական նախապատրաստությունները չեն կարող ու չպետք է շեղեն զինվորական կանանց բուն պարտականությունից, որին հարմարվելու և որը պատվով անցնելու ճանապարհին իրենք շփվելու տարատեսակ առիթներ են ունենում։  Գեղեցիկ սեռի ներկայացուցիչ զինծառայության մեջ ամեն ինչ չէ, որ գեղեցիկ ու հարթ է։ Կոփվում ենք՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում այս ողջ ընթացքը մեկ բառով ներկայացնում է շարքային Անգելինան։

«Ես շարքային Հարությունյան Անգելինան եմ։ Մեծ նվիրումով եմ ծառայում կանանց գումարտակում։ Կոփվում ենք և, այսպիսով, մասնակցում ենք հայրենիքի պաշտպանությանը»։ 

«Ես շարքային Միրոյան Կարինեն եմ։ Ճիշտ է գտնվում եմ ընտանիքից հեռու, բայց ցանկացած դժվարություն փորձում եմ հաղթահարել»։   

Զորամասում ամեն բան ընթանում է սահմանված կարգով։ Ամանորի սպասումը ծառայում է բացառապես անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը։

Կանանց ֆիզիկական պատրաստվածության մասին հոգ տանելն էլ այստեղ անընդհատ գործընթաց է, այն ուսուցանվող հիմնական առարկաների ցանկում է՝ ասում է Կապիտան Վարդանյանը։  

«Ֆիզիկական պատրաստությունը, անկախ այն հանգամանքից՝ ուսումնական փուլի շրջանակներում է, թե ուսումնական փուլից դուրս է, միշտ իրականացվում է։ Աղջիկներին կոփում ենք ամենօրյա 25 րոպեանոց վազքով, արգելագոտու հաղթահարումով, արագացումով և, իհարկե, 500 մետր կարճ տարածությունների վազքի միջոցով»։  

Անկախ նախատոնական տրամադրությունից՝ զինվորական պատրաստականությունն իրականացվում է ողջ ծավալով․ պարապմունքներն էլ՝ ըստ գրաֆիկի։ Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Գևորգյանն է կանանց զորամասի օրվա գրաֆիկը մանրամասնում։

«Իրականացնում ենք ֆիզպատրաստություն, մարտավարամասնագիտական, շարային պատրաստություն, ինչպես նաև այլ առարկաներից պարապմունքներ՝ նախատեսված դասացուցակով սահմանված կարգով։ Չենք շեղվում օրվա կարգացուցակից։ Ժամը 2-ից հետո արդեն զբաղվում ենք ինքնապատրաստությամբ»։

Ինքնապատրաստության ժամի արդյունքը տեսնում ենք շարահրապարակում։ Գեղեցիկ սեռը գեղեցիկ է նաև ծառայության մեջ։ Կարելի է ասել՝ առանձնակիորեն գեղեցիկ։ Իրենք՝ կին զինծառայողները մեզ հետ զրույցում վստահեցնում են՝ առաջնայինը ծառայությունն է, և այդ գիտակցությունն է նրանց բերել ու պահում շարքերում։

Խոհանոց, պատրաստություններ, կանացի հոգսե՞ր․ լսել են, բայց ինչպես ասում են, այստեղ այլ են կարգերը։ Այդուհանդերձ, սերժանտ Սիմոնյանը դրանք, այսպես ասենք, ճեղքելու եղանակը գտել է։ Ամանորին ընդառաջ մասամբ կարողանում են համադրել նաև տնային տնտեսուհու կարգավիճակը՝ ասում է։  

«Ծառայությունը երբեք չի կարող խանգարել, բայց համատեղում ենք, մասամբ հասցնում ենք։ Ճիշտ է, բոլորը կանայք են, բայց հստակ գիտեն, որ Ամանորին պետք է լինեն զինծառայության վայրում, որ մնացած մեր հայ ազգը կարողանա հանգիստ տոնել ու նշել իր Ամանորը»։  

Նախատոնական, թե տոնական պարապմունքներն ու ներքին կարգապահությունը առաջնային են։ Եթե ճիշտ է կազմակերպված, տոնական տրամադրությունն ու ծառայողական պարտականությունները չեն հակասում միմյանց։ Ընդհակառակը՝ դրանք նպաստում են համախմբվածությանը և պատասխանատվության բարձր զգացմանը՝ կարծում է շարքային Հարությունյանը։

«Յուրաքանչյուր ոք՝ անկախ տոնից, անկախ ժամանակից, պետք է ունենա իր պատրաստակամությունը ծառալելու Հայաստանի Հանրապետությանը։ Յուրաքանչյուրիս գործողություններն ու գործունեությունը թող ի նպաստ լինեն մեր երկրի բարգավաճմանն ու հզորացմանը։ Թող խաղաղության աղավնին թևածի հայոց աշխարհում։ Բոլորը լինեն առողջ ու երջանիկ»։  

Կանանց գնդում Ամանորը համեստ, բայց ջերմ մթնոլորտում է։ Միմյանց համար անակնկալներ էլ են հասցրել պատրաստել։ «Գաղտնի Ձմեռ պապ»-ն այստեղ էլ է եկել.

«Ավանդույթ է դարձել մեզ մոտ։ Նվերները բաժանելու հետ մեկտեղ նաև կազմակերպում ենք փոքրիկ հյուրասիրություն՝ դեսերտային է։ Առանձնապես ճոխ միջոցառում չենք կազմակերպում, քանի որ նաև նախատեսում ենք, որ պայմանագրային զինծառայողները և, առհասարակ, սպայակազմը կարող է ցանկություն հայտնել, որ այս տարի ամանորյա  ուրախությունն իրականացնի զորամասի տարածքից դուրս»։

Ծառայող կանանց ձեռքը զարդարել է ծառայողական տարածքը, պատրաստել փոքրիկ խորհրդանշական դետալներ՝ փորձելով տարեմուտին ու տարեսկզբին տոնական շունչ բերել ծառայությանը։ Շարքային Բավոյանը նոր է համալրել կանանց զորամասը․ հենց սկզբից դուր է եկել հետաքրքիր առօրյան, գրեթե ընտանեկան ջերմությունը, որ կա միմյանց միջև։ Այդ ջերմությունն է ի ցույց դնում նաև «Գաղտնի Ձմեռ Պապ» խաղի նախաձեռնությունը.

«Ամեն մեկս մեր «թոռնիկներն» ունենք։ Որոշել ենք նվերները՝ մոտավոր իմանալով անձնակազմի բնավորությունը, ցանկությունները։ Հուսամ բոլորին նվերները դուր կգան»։  

Ավանդույթի համաձայն՝ տոնական եղևնու ճյուղերին  խաղալիքներ կախելիս երազանքներ են պահում։ Ընդհանրապես զինվորի ու սպայի ամենակարևոր երազանքը խաղաղությունն է, կին զինծառայողների համար՝ առավել ևս։ Շարքային Բավոյանին լսենք.    

«26 թվին առաջին հերթին մաղթում եմ մեր հայ ազգին ու ողջ աշխարհին խաղաղություն։ Թող բոլորս, ինչ գործունեություն իրականացնում ենք մեր կյանքում, միայն ու միայն նպաստեն մեր բանակի, մեր պետության զարգացմանը։ Լինենք արժանի մարդիկ, արժանի զինվոր մեր ազգի, մեր բանակի համար։ Ծառայակից ընկերներիս նույնպես ամենալավն եմ ցանկանում՝ ինչ նպատակներ ունեն, ինչ ցանկություններ ունեն թող գալիք տարում իրականանան»։   

Շարքային Կարինե Միրոյան. «2026 թ.-ին ցանկանում եմ, որ հայրենիքիս լինի խաղաղության տարի։ Զինակից ընկերներին ցանկանում եմ բարի և խաղաղ ծառայություն ու թող մեր դիրքերը լինեն խաղաղ և ամուր»։ 

Կին զինվորականների խոսքով՝ ծառայության ընթացքում հատկապես այս օրերին է ավելի ուժեղ զգացվում ընտանիքի հետ լինելու ցանկությունը, սակայն փոխադարձ աջակցությունը լրացնում է այդ բացը։ Իսկ երբ սիրով ու ցանկությամբ է ընտրվել զինվորականի  մասնագիտությունը, անհաղթահարելի դժվարություն չկա, ասում է շարքային Մանուկյանը։

«Ցանկանում եմ՝ ամեն մեկի նպատակը թող կատարվի, որովհետև պետք է, որ ամեն մեկն ունենա իր նպատակները և հասնի այդ նպատակին։ Ես նպատակ եմ դրել ու հասել եմ իմ նպատակին։ Իհարկե, մի քիչ դժվարություններ կա։ Բոլոր առումներում դժվարություններ կա, բայց եթե ցանկանում ենք, կարող ենք հաղթահարել այդ այդ ամեն ինչը»։  

Ամանորյա պատրաստությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում թիմային ոգուն։ Ծառայող կանայք համատեղ կազմակերպում են փոքրիկ միջոցառումներ, երաժշտություն լսում, քննարկում տարվա հիշարժան պահերը։

«Աստծո կամոք, մեր բոլորիս համախմբվածությամբ, այս տարի լինի վերածննդի տարի։ 2026 թվականից շատ ակնկալիքներ ունեմ»։   

Այսպես, զինվորական համազգեստով կանայք Ամանորը դիմավորում են ծառայության մեջ՝ համադրելով պարտականությունը, կանացի ուժն ու հույսը։ Նրանց համար տոնը ոչ թե ընդմիջում է ծառայությունից, այլ նոր տարվա սկիզբ՝ նույն պատասխանատվությամբ և ավելի ամուր հավատով։

Leave a Comment