«Նոր տարուց առաջ անգամ Ալիևն է համաներում շնորհում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը փակում է քաղաքական այլախոհներին»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ այս իշխանություններն ակնհայտորեն ընտրություններից առաջ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, քաղաքական ընդդիմախոսներին ճնշել ու քաղաքական դաշտն ամայացնել։ Հակակոռուպցիոն դատարանի բակում «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ  լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Այս իշխանությունները փորձում են այլակարծությունը ոչնչացնել, որ 2026-ին դաշտը մաքրած գնան ընտրությունների և ստանան այն, ինչ ուզում են»։

Անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության անդամների ձերբակալություններին՝ ՀՀԿ ԳՄ անդամն ասաց․ «Սա ապացույցն է նրա, որ մեկ մարդ տնօրինում է իրավապահ համակարգը, և նրա հրահանգով այսպիսի խայտառակ ձերբակալություններ են տեղի ունենում։ Նոր հետաքրքրվեցի ու իմացա, որ Խաչիկ Գալստյանի պարագայում հեռախոսային խոսակցության թեմա կա․ ուղղակի աբսուրդ է այս խոսակցության տակ որևէ տեղեկություն, որ կարող է դիտարկվել ընտրությունների միջամտություն։ Բայց այս իշխանությունները փաստն էլ կհորինեն, ինֆորմացիան էլ կհորինեն»։

Մարգարիտ Եսայանը մտահոգություն հայտնեց, որ այն պահին, երբ ՀՀ-ն մխրճվում է բռնապետության տիրապետության տակ, միջազգային կառույցները ձայն չեն հանում․ «Նիկոլ Փաշինյանն ուզում է վախի մթնոլորտ ստեղծել, որ 2026-ի ընտրություններին ինքն անի այն, ինչ մտադիր է անել։ Մինչդեռ մատները մատներին չեն տալիս Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու համար, քաղաքական հայացքների համար ազատազրկում են մարդկանց․ անգամ Ալիևն է Նոր տարուց առաջ համաներում շնորհում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը Նոր տարուց առաջ քաղաքական այլախոհներին է փակում՝ ընդորում, որևէ հիմնավոր ապացույց չունենալով։ Այս դատարանն էլ է բավարարելու Նիկոլ Փաշինյանի հավակնություններն ու ցանկությունները»։

Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment