«Մարզական լրագրողները ճիշտ ընտրություններ են կատարել». մասնագետները՝ սպորտի ոլորտում լավագույնների ընտրության մասին

Aravot.am-ի խնդրանքով մասնագետները գնահատում են «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի արդյունքները։

Արմեն Բաբալարյան. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ «Լիովին համաձայն եմ թե Մալխաս Ամոյանին, թե Գասպար Տերտերյանին լավագույնների անվանակարգերում ընդգրկելու լրագրողների որոշման հետ։ Մալխաս Ամոյանն այս տարվա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն է։ Ընդ որում, այն քաշային կարգում, որտեղ եզրափակիչ գոտեմարտում հաղթել է գործող օլիմպիական չեմպիոնին։ Եթե հիշում եք, Մալխասը անցած տարի Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 1։3 հաշվով զիջել էր ճապոնացի ապագա օլիմպիական չեմպիոնին, իսկ այս տարի արդեն աշխարհի առաջնության եզրափակչում ռեվանշի հասավ՝ հաղթելով բացարձակ առավելությամբ։ Լրագրողները Մալխաս Ամոյանին երեք լավագույնների շարքում ընտրելիս միանգամայն ճիշտ որոշում են կայացրել նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով։

Ինչ վերաբերում է «Լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում Գասպար Տերտերյանին հաղթող ճանաչելուն, նա 20 տարեկան է։ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երրորդ մրցանակակիր դառնալուց մի քանի ամիս անց Գասպարը նվաճեց նույն տարիքային խմբում աշխարհի չեմպիոնի կոչումը։ Այստեղ էլ առաջընթացը ակնհայտ է։ Ես մյուս մարզաձեւերում երիտասարդների արդյունքներից տեղյակ չեմ։ Բայց եթե այս անվանակարգում ուրիշ այդպիսի արդյունք չի արձանագրվել եւ լրագրողները նրան են ընտրել, ուրեմն որոշումը նույնպես արդար է եւ ճիշտ։

Ասեմ նաեւ, որ Գասպարը ինչպես երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի մյուս չեմպիոններն ու մեդալակիրները, արդեն Հայաստանի ազգային հավաքականի անդամ են։ Դրան ավելացրած, որ մի քանի օր առաջ Գասպար Տերտերյանը մասնակցելով մեծահասակների առաջնությանը՝ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը եւ այսօր իր քաշային կարգում հավաքականի առաջին համարն է»։

Արտաշես Ներսիսյան. ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ «Եթե իմ մարզուհին ճանաչվում է Հայաստանի տարվա լավագույն կին մարզուհի, ես ուրախ եմ։ Բայց սա ասում եմ ոչ միայն նրա համար, որ Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրորդ է, այլ նաեւ այն պատճառով, որ իսկապես արժանի էր լավագույնը դառնալուն որպես կին մարզուհի։ Մարզական լրագրողները նաեւ մասնագետներ են, որոնք ամբողջ տարին հետեւում են բոլոր մարզիկներին, բոլոր մարզաձեւերին։ Նրանք տեսել են Ալեքսանդրայի մրցելույթները եւ իրենց դիրքորոշումը հայտնել քվեարկությամբ։ Ես հպարտ եմ, որ իմ հավաքական թիմի անդամը ճանաչվել է լավագույնը կանանց մեջ։

Ծանոթ եմ նաեւ մյուս անվանակարգերի արդյունքներին։ Ամեն բան ճիշտ է կատարվել։ Իհարկե, արժանավորներ էլի կային։ Եվ եթե լինեին ավելի շատ անվանակարգեր, կարծում եմ, նրանք էլ իրենց արժանի գնահատանքը կստանային»։

Աշոտ Վարդապետյան. Միջազգային կարգի մրցավար, երկու անգամ ընտրվել է շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի գլխավոր մրցավար։ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» անվանակարգում վանաձորցի շախմատիստ Սարգիս Սարգսյանը արժանիորեն է հաղթող ճանաչվել։ Նա երկու տարի առաջ էլ դարձել էր հաշմանդամություն ունեցողների մեջ աշխարհի չեմպիոն։

Շատ շնորհալի տղա է եւ համառ, դրա համար էլ կարողանում է հաղթահարել ֆիզիկական անհարմարությունները եւ այդպիսի բարձր արդյունքների է հասել։ Ի դեպ, Սարգիսը շախմատի շատ մեծ ջատագով է։ Անցած տարի նա կազմակերպել է «Վանաձոր Օփենը», որի կազմակերպչական աշխատանքները գրեթե ամբողջությամբ ինքն էր արել՝ սկսած արտասահմանից մասնակիցների հրավիրելուց, մինչեւ մրցաշարի անցկացում ու ընկերների աջակցությամբ  դրամական միջոցների հայթայթում։

ՖԻԴԵ-ն ունի հաշմանդամ շախմատիստների հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով, որը ղեկավարում է գերմանացի գրոսմայստեր Թոմաս Լյութերը։ Ես նրան ծանոթ եմ։ Եվ երբ զրուցում էինք, նա բավականին դրական է արտահայտվել Սարգիս Սարգսյանի մասին։

Ես ողջունում եմ քվեարկությանը մասնակցած լրագրողների կատարած որոշումը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment