Առաջին հարվածը երկրի ներսում. ԱՄՆ-ն ԱԹՍ-ով հարվածել է Վենեսուելայի ափին գտնվող օբյեկտին

Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ ԿՀՎ-ն անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Վենեսուելայի ափին գտնվող նավահանգստային օբյեկտի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց համաձայն՝ հարվածը հասցվել է  Վենեսուելայի ափին գտնվող նավամատույցին, որը, ԱՄՆ կառավարության կարծիքով, օգտագործվել է «Tren de Aragua» հանցավոր խմբի կողմից՝ հետագա առաքման համար թմրանյութեր պահելու նպատակով: Հաղորդվում է, որ հարվածի պահին տարածքում ոչ ոք չի եղել, տուժածներ չկան, գրում է Meduza-ն:

CNN-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ հարվածը հաջող է եղել՝ օբյեկտը և այնտեղ գտնվող նավակները ոչնչացվել են, սակայն այս գործողությունը բնութագրել է որպես մեծ մասամբ խորհրդանշական՝ պարզաբանելով, որ այն վենեսուելացի թմրավաճառների կողմից օգտագործվող բազմաթիվ նավահանգստային օբյեկտներից միայն մեկն էր։

Հեռուստաալիքը նշում է, որ այս հարվածն ԱՄՆ-ի կողմից ոչ թե ծովում, այլ երկրի ներսում թիրախի վրա հարձակման առաջին հայտնի դեպքն էր։

Թրամփն ուղղակիորեն չի հաստատել հարձակումը, սակայն դեկտեմբերի 26-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ԱՄՆ-ը ոչնչացրել է «մեծ օբյեկտ, որտեղից նավեր են գալիս»։

Երբ երկու օր անց Թրամփին կրկին հարցրել են այս մասին, նա ասել է, որ ԱՄՆ-ը հարձակվել է «նավահանգստի այն տարածքի վրա, որտեղ նավերը թմրանյութերով են բեռնում»։

«Այսպիսով, մենք հարվածել ենք բոլոր նավակներին, հիմա մենք հարվածել ենք այդ շրջանին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանություն տալ։

ԱՄՆ-ի և Վենեսուելայի հարաբերությունները վատթարացել են Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Թրամփի վարչակազմը չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյին որպես Վենեսուելայի օրինական նախագահ, իսկ երկրի կառավարությանը մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ բավարար պայքար չձեռնարկելու մեջ։

Աշնանից ի վեր ԱՄՆ կառավարությունն ավիահարվածներ է հասցնում ծովում գտնվող այն նավերին, որոնք, ենթադրաբար, թմրանյութեր են տեղափոխում։ Այս հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ, սակայն երկրի ներսում հարձակումների մասին նախկինում ոչինչ չէր հաղորդվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment