«Ընտրությունը արդար է լինում, երբ քվեարկում են միայն լրագրողները». Հակոբ Սերոբյան

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների» մրցույթի արդյունքների ամփոփումից հետո Aravot.am-ը զրուցեց սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ՝ իմանալու նրա կարծիքը մարզական լրագրողների փակ գաղտնի քվեարկությամբ կատարած ընտրության եւ անվանակարգերի մասին։

Մասնագետը գոհունակություն հայտնեց, որ ընտրությունը կատարել են միայն մարզական լրագրողները, որովհետեւ նրանք ամբողջ տարի հետեւում են տեղի ունեցող մարզական իրադարձություններին, լուսաբանում, վերլուծում են դրանք, բավականաչափ տեղեկացված են տարբեր մարզաձեւերի խոհանոցին։ Հակոբ Սերոբյանը ներկայացված անվանակարգերի եւ հավակնորդների ցուցակից լրագրողների կատարած ընտրությունը գնահատեց ճիշտ եւ արդար։ Սակայն նշեց նաեւ որոշակի նրբություններ, որոնք իր տեսակետով վրիպել են ընդհանուր ուշադրությունից։

«Ես որպես հավաքականի բազմամյա մարզիչ եւ որպես նախկին մարզիկ, նայում եմ «Երեք լավագույն մարզիկներ» անվանակարգում հաղթողներին եւ ուզում եմ ասել հետեւյալը։ Արթուր Դավթյանը շատ-շատ բան, ամեն ինչ արեց, բայց նա աշխարհի չեմպիոն չէ։ Աշխարհի չեմպիոն են Մալխաս Ամոյանը եւ Վարազդատ Լալայանը: Հետեւաբար, նրանք ըստ մեդալային արդյունքի, այս տարի Արթուրից բարձր են։ Ես այդպես եմ գնահատում։

Այն, որ այս անվանակարգում երեքը պետք է հավասար լինեն, ես սխալ եմ գտնում։ Նախկին «10 լավագույններ» անվանակարգը, գտնում եմ, ավելի ճիշտ էր։ Իսկ եթե տարբեր մարզաձեւերում ունենանք աշխարհի չորս, հինգ, վեց չեմպիոն, որ կարող ենք ունենալ եւ անպայման ունենալու ենք, մյուսները դո՞ւրս են մնալու։ Սա է իմ կարծիքը լավագույն եռյակի հետ կապված։

Ինչ վերաբերում է Համլետ Մանուկյանին, նա, այո, հայտնություն է։ Մեր մոտ, ի տարբերություն ուրիշ երկրների, աշխարհի գավաթները չեն գնահատվում։ Բացարձակ գավաթակիր։ Երիտասարդ տղա, որը նոր 18 տարեկան է եւ կարող էր թե երիտասարդների մեջ մասնակցել, թե մեծահասակների։ Մենք որոշեցինք՝ մեծահասակների։ Համլետն ու Մամիկոն Խաչատրյանը մասնակցեցին ու հատկապես Համլետ Մանուկյանը ցույց տվեց իրեն՝ դառնալով աշխարհի բացարձակ գավաթակիր։

Չեմ հասկանում, թե ինչու են իջեցնում Համաշխարհային ունիվերսիադայի մակարդակը, որտեղ նա դարձավ չեմպիոն։ Եվ այն դեպքում, երբ մասնակցել են մինչեւ 26 տարեկան աշխարհի բոլոր ուժեղագույնները։ Հենց նժույգ թափերի վրա օլիմպիական չեմպիոնը բարձրացավ եւ շնորհավորեց մեր Համլետին։ Համլետը աշխարհի չեմպիոնությանը պատրաստված էր։ Մի փոքր թերության հետեւանքով 4-րդ տեղը գրավեց։

Նա նաեւ մի էլեմենտ կատարեց, որը կոչվեց իր անունով։ Ուզում եմ նշել, որ այդ տարրերը գնահատվում են ըստ բարդությունների՝ A, B, C, D եւ այդպես շարունակ։ Համլետի վարժությունը F բարդության են գնահատել; Դա շատ բարձր է։ Օրինակ մեր լեգենդար Ալբերտ Ազարյանի հանրահայտ խաչը «D» խմբի է։ Դրան հաջորդում են E եւ ապա F խմբերը։ Այնպես որ, մեր երեք մարզիկներից, որոնք ունեն անվանական վարժություն, ամենաբարձրը Համլետ Մանուկյանինն է։

Համլետ Մանուկյանն էլ, Մամիկոն Խաչատրյանն էլ 18 տարեկան երեխաներ են։ Իսկ որ 18 տարեկանը առաջին անգամ մասնակցելով մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ մտնի եզրափակիչ, դա սենսացիա է։ Նրանք մտել են այդ տարիքային խումբ եւ կռիվ են տվել։

Մամիկոնի մասին։ Նա աշխարհի չեմպիոնի հետ նույն գնահատականն է ստացել։ Եվ միայն վարժության բարդության հաշվին է զիջել մրցակցին։ Ես զարմացած եմ Մամիկոնի վրա։ 18 տարեկան եւ աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն։ Ես որպես գլխավոր մարզիչ մարմնամարզիկների անունն եմ տալիս։ Բայց տարբեր մարզաձեւերում էլ մենք ունենք արժանավոր մարզիկներ։

10 Լավագույնները, որոնց ընտրում էին միայն մարզական լրագրողները, ճիշտ էր։ Հետո որ փոխեցին նաեւ sms-ներով, դա սխալ էր։ Մարզական լրագրողները գիտեն մարզաձեւերը, թե ինչքան բարդություն կա, դրանք ինչ կարգի են, ինչ մասնակիցներ կան, ինչ պայմաններում են մարզվում, ինչ ֆինանսավորում ունեն եւ ինչպես են արդյունքները լինում։ Սա է իմ սուբյեկտիվ կարծիքը, որ ընտրությունը օբյեկտիվ է լինում, եթե ընտրում են մարզական լրագրողները։

Մի բան էլ եմ ուզում անպայման ասել։ Աշխարհի չեմպիոնի մեդալների հաշվարկով իմ կարծիքով լավագույնը Արմեն Բաբալարյանն էր։ Բայց միեւնույն ժամանակ շատ ուրախ եմ, որ լավագույն մարզիչ ընտրվեց Փաշիկ Ալավերդյանը։ Ես չգիտեմ՝ ընկեր Փաշիկն է գնացել, թե իրեն հեռացրել են, բայց որ ինքը հիմա գլխավոր մարզիչ չէ, բայց այդ անվանակարգում ինքը ճանաչվեց լավագույն մարզիչ, ուրախ եմ եւ շնորհավորում եմ իրեն.,-ասաց Հակոբ սերոբյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment