«Արդարացված չէ՝ առանց այլևայլության, ոչ թե, որ ներկայիս կյանքի մակարդակի պայմաններում դա չափազանց մեծ գումար է, այլ ըստ էության նման որոշումները չեն կարող ուղղակի դուրս լինել տվյալ երկրի համատեքստից, նաև չեն կարող կրել արդարության սկզբունք»,-Aravot.am-ի հարցին՝ արդարացվա՞ծ է արդյոք, որ մի երկրում, որտեղ աղքատությունը 21 տոկոս է, թոշակները 40․000, 50․000 դրամ են, պատգամավորները ստանում են շուրջ 3 միլիոն դրամ պարգևավճար, նախարարներ կան, որ ստանում են 4 միլիոն դրամից ավելի պարգևավճար, այսպես պատասխանեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Նա նշեց՝ բոլոր տարիներին էլ, նախկինում էլ, երբ իրենք պատգամավոր էին, տարեվերջին 13-րդ աշխատավարձ էին ստանում․ «Մեր ժամանակ պատգամավորի աշխատավարձը 245․000 դրամ էր, մի աշխատավարձ էլ ստանում էինք տարեվերջին։ Այնպես չէ, որ այդ գումարը լիարժեք մեր կարիքները բավարարում էին։ Պարզապես հիմա խնդիրն այն է, որ եթե մնացած լավ աշխատողների դեպքում դու չես կարողանում այդ նույն առատաձեռնությունը դրսևորել, պետական համակարգի վերևից ներքև նույն տոկոսով չես կարողանում տալ, այդ դեպքում պետք է ձեռնպահ մնալ նման կարգի որոշումներից»։
Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ ամենաշատն ինչքա՞ն պարգևավճար է ստացել, երբ պատգամավոր էր, նա պատասխանեց․ «ԱԺ ղեկավարությունը որոշում էր, որ 13-րդ աշխատավարձ տար։ Չգիտեմ՝ մնացածն ինչքան են ստացել, որովհետև մեզ ձեռ էին առնում այն ժամանակ, որովհետև երբ անընդհատ իրենք ուզում էին պատգամավորների աշխատավարձերը բարձրացնեին բավականին շատ, մեզ մոտ իշխող կոալիցիան բանագնացներ էր ուղարկում, չէին վարանում մեզ հեգնել, թե էդ ի՞նչ կոպեկներ եք ստանում, այդ աշխատավարձը մեր օգնականներին, վարորդին ենք տալիս։ Մեր դեպքում, երբ չէինք համաձայնում, պատճառն այն էր, որ ասում էինք՝ այս աղքատ երկրում աշխատավարձերի ահռելի տարբերություն կլինի, առանց այդ էլ անպատկերացնելի բևեռացված է հասարակությունը, հիմա այդքան բևեռացված չէ, ինչքան նախկինում։ Ասում էինք և′ արդար չէ, և′ ազնիվ չէ։ Հիմա կարող եմ ասել, որ արդար չէ»։
Մեր դիտարկմանը՝, բայց 3 միլիոն դրամ պարգևավճար ստացող պատգամավորներն իրենց այդքան էլ վատ չեն զգում, Ստյոպա Սաֆարյանն այսպես արձագանքեց․ «Մի քիչ դա նաև քո ինքնագնահատականն է լինում, համարո՞ւմ ես, որ այդքան լավ ես աշխատել։ Չեմ հերքում, որ համակարգում կարող են լինել գիշեր-ցերեկ աշխատող մարդիկ․ այդպիսիք տեսել եմ նախկինում և այժմ։ Խնդիրն այն է, թե ինչու է բոլորին տրվում պարգևավճար։ Եթե կան լավ աշխատած պատգամավորներ, նախարարներ, ապա կարելի է խրախուսել, օրինակ ստեղծել, բայց նրանց աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշն էլ պետք է բացատրելի լինի»։
Մեր փաստմանը՝ տեսնում ենք՝ ինչ է կատարվում ԱԺ-ում․ իրար վիրավորում են, քաշքշում, դեռ տարեվերջին էլ շուրջ երեք միլիոն պարգևավճար են ստանում, արդյոք սա տեղի՞ն է, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց․ «Մարդկային կյանքում թատերականացված ներկայացումներն անպակաս են լինում։ 2018-ին, երբ առաջին անգամ պարգևավճարների թեման սկսվեց, մյուս կողմն էլ կար․ ընդդիմադիրները փորձում էին կառչել պարգևավճար բառից, ես հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետին ասացի, քանի որ ես ինքս էլ նույն Հանրային խորհրդի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձին, որոնք օր ու գիշեր աշխատում են, նաև մյուս քաղծառայողների աշխատավարձերին տեղյակ էի, ասացի՝ Դուք չեք կարող 120 հազար դրամ աշխատավարձ վճարել մարդուն և ակնկալել, որ նա իրենց դիմած պետական մարմնի գրություններին լավ է արձագանքելու, որովհետև լավ մասնագետ է։ Դու լավ մասնագետին չես կարող 120 հազար դրամ վճարել։
Ես ասացի՝ հասկանում եմ, որ 120․000, 150․000 դրամ աշխատավարձը ներկայիս գնային պայմաններում նույնիսկ տնից գործի գալու-գնալու և ընդմիջման գումարը չի կազմի, ուր մնաց ընտանիք պահեն, ուստի ո՞վ պետք է այդ գումարով տնից դուրս գա։ Քանի որ քաղծառայողների աշխատավարձերը երբեք չեն բարձրացվել, համակարգում՝ միջին և ցածր օղակներում, շատերն էին նման ծիծաղելի գումարներ ստանում, և այդ պարգևավճարները եկան լրացնելու այդ ամենը։ Ասացի՝ որ այս ներքին դիսկուրսը շատ չթունավորի ներքին մթնոլորտը եկեք աշխատանքի վարձատրության և արդյունավետության չափանիշներ ներդրեք, որ գնահատեք մարդու աշխատանքը։
Այո, անհրաժեշտ է, որ լավ աշխատած, ոլորտում զարգացում ապահոված մարդկանց պարգևատրեն։ Խոսում եք փոխնախարարների մասին, ավանդաբար ընդունված է եղել, որ ցանկացած նախարարությունում հիմնական գործն անում են փոխնախարարները։ Էնքան չերևացող անարդար բաներ կան, եթե այդ ամենն արվի արդարության սկզբունքով, պարգևատրումները նորմալ է։
Քաղաքական ընդդիմախոսները կարող են միշտ ինչ-որ բան շահարկման առարկա դարձնել, բայց իմ նման մարդիկ, որոնք համակարգին նայել են և′ ներսից, և′ Երևանի քաղաքապետարանից, և′ ԱԺ-ից, և′ կառավարությունից, և′ քաղհասարակությունից, կհասկանան, որ պարգևատրումները նորմալ են, բոլոր երկրներում կան, բայց պարգևատրման որոշումը հասկանալի կլինի, եթե պարզ լինի, թե ինչ աշխատանքի արդյունավետության համար է պարգևատրումը։ Այդ դեպքում կան փոխնախարարներ, պատգամավորներ, որոնց կարելի է պարգևավճար տալ։ Սա արդեն քննարկման հարց է, բայց դա համատարած բաժանել, ուղղակի արդար չէ։ Պատգամավորներ կան՝ սկի ձայն էլ չեն հանել։ Թեկուզ կռիվ անող պատգամավորներին ինչի՞ ենք պարգևավճար տալիս, կամ ինչի՞ ենք ավելի համեստներին տալիս, կռվարարներին՝ ոչ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: