ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կառուցել կալանավորված ներգաղթյալների պահման յոթ խոշոր կենտրոն՝ ընդհանուր 80,000 մարդ տեղավորելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) պարբերականը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին։
Ըստ հրապարակման՝ կենտրոնները ստեղծվում են ներգաղթյալների արտաքսման (դեպորտացիայի) գործընթացն արագացնելու նպատակով։
WP-ն գրում է, որ Թրամփի վարչակազմը փնտրում է կապալառուների, որոնք կօգնեն բարեփոխել ԱՄՆ-ում ներգաղթյալների պահման համակարգը։ Մրցույթի (տենդերի) նախագծի համաձայն՝ ծրագիրը նախատեսում է արդյունաբերական տարածքների վերակառուցում, որպեսզի հնարավոր լինի միաժամանակ պահել ավելի քան 80,000 կալանավորված ներգաղթյալների։
Ձերբակալված անձինք մի քանի շաբաթ կգրանցվեն մշակման կենտրոններում, այնուհետև կուղարկվեն յոթ խոշոր կենտրոններից մեկը (յուրաքանչյուրը՝ 5,000-ից 10,000 մարդ տարողությամբ), որտեղ էլ կնախապատրաստվեն արտաքսման։
Խոշոր կենտրոնները տեղակայված կլինեն Վիրջինիա, Տեխաս, Լուիզիանա, Արիզոնա, Ջորջիա և Միսսուրի նահանգների հիմնական լոգիստիկ հանգույցների մոտ։ Եվս 16 փոքր կենտրոններում կտեղավորեն մինչև 1,500-ական մարդ։
Պարբերականը նշում է, որ մրցույթի նախագիծը վերջնական չէ և կարող է փոփոխվել։ Ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Տրիսիա Մաքլաֆլինը հայտարարել է, որ «չի կարող հաստատել» նման կենտրոնների մասին տեղեկությունը և հրաժարվել է պատասխանել արդյունաբերական տարածքների վերակառուցման ծրագրի վերաբերյալ հարցին։
Մեջբերում հրապարակումից. «Կենտրոնների ստեղծման ծրագիրը կդառնա հաջորդ քայլը նախագահ Դոնալդ Թրամփի՝ միլիոնավոր ներգաղթյալների ձերբակալման և արտաքսման արշավում, որը սկսվեց ներգաղթյալների պահման ազգային համակարգի (աշխարհում խոշորագույնի) հապճեպ ընդլայնմամբ։ Օգտագործելով Կոնգրեսի կողմից այդ նպատակով հատկացված 45 միլիարդ դոլարը՝ նրա վարչակազմն այս տարի վերագործարկել է չգործող բանտերը, վերափոխել է ռազմական բազաների մի մասը և համագործակցության պայմանագրեր կնքել հանրապետական նահանգապետերի հետ՝ հեռավոր շրջաններում ներգաղթյալների համար ճամբարներ կառուցելու նպատակով»։
Նոր օբյեկտները «կառավարելիության առավելագույն արդյունավետություն կապահովեն, կնվազեցնեն ծախսերը, կկրճատեն փաստաթղթերի մշակման ժամկետները և կնպաստեն արտաքսման գործընթացի արագացմանը»,- ասված է մրցույթի հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Ներգաղթի և մաքսային հսկողության վարչությունը (ICE) նախատեսում է արդիականացնել շենքերը՝ ստեղծելով բնակելի բլոկներ, սննդի գոտիներ, բժշկական կենտրոններ, հանգստի գոտիներ և իրավաբանական գրադարաններ։ Որոշ օբյեկտներում կլինեն սենյակներ՝ ընտանիքների համար։
Ըստ գերատեսչության տվյալների՝ այս ամսվա սկզբին ICE-ն անազատության մեջ էր պահում ավելի քան 68,000 մարդու, ինչը պատմական առավելագույն ցուցանիշն է։ Այդ անձանց գրեթե կեսը (48%-ը) չունի դատվածություն կամ ընթացիկ քրեական մեղադրանքներ։