«Սկզբում նկարի ֆիզիկական վիճակն եմ վերականգնում, հետո գեղարվեստական մասն եմ ապահովում՝ նկարում եմ։ Օրինակ՝ ոնց որ սկզբից ոսկորներն ամրացնեմ, հետո անցնեմ մաշկին», — ասում է գեղանկարիչ, վերականգնող նկարիչ Լուսինէ Թումանյանը, որի ձեռքով «Մատենադարան»-ի ֆոնդում պահվող արժեքավոր կտավներն են վերականգնվում։
Լուսինէ Թումանյանը Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ «Մատենադարան»-ում, աշխատում է մոտ մեկ տարի։ Թեպետ վերականգնող նկարչի հիմնական գործառույթը հնագույն վնասված գրքերի հետ աշխատանքն է, բայց ընդգծում է՝ եթե կա մասնագետ, ինչո՞ւ պետք է կտավները չվերականգնվեն։
Մոտ մեկ տարվա աշխատանքի ընթացքում նա հասցրել է գրքերից զատ երկու կտավ վերականգնել, ներկայում էլ աշխատում է երրորդ կտավի վրա։ Առաջին կտավն արհեստական բանականության օգնությամբ է վերականգնել։
«Առաջին կտավի վերականգնումը տևեց ութ ամիս։ Սկզբում հայտնի չէր ո՛չ նկարի տեխնոլոգիան, ո՛չ էլ հեղինակը։ Սկսեցի աշխատել այն մեթոդներով, որոնք կիրառվում են յուղաներկով նկարված կտավների համար, սակայն չէր հաջողվում վերականգնել նկարը։ Տարբեր մասնագետների հետ քննարկեցի խնդիրը, բայց ապարդյուն։ Որոշ ժամանակ անց իմ գործընկերներից մեկը տեսակետ հայտնեց, որ գործը ոչ թե ձեռքով է նկարած, այլ տպագրություն է»,- պատմում է Լուսինէ Թումանյանն ու հավելում, որ նկարի տեխնոլոգիան հասկանալու համար դիմել է արհեստական բանականության օգնությանը։ «ԱԲ-ն առաջարկեց ուղարկել կտավի խոշորացված լուսանկարները, որից հետո միայն հասկացավ, թե ինչ տեխնոլոգիա է կիրառվել։ Պարզվեց՝ կոլոտիպ է, այսինքն՝ նկարը ֆոտոմեխանիկական տպագրությամբ էր ստացվել»,- նշում է վերականգնող նկարիչն ու ընդգծում, որ տպագրական այդ հին տեխնիկայի կիրառմամբ տպված նկարները հիմնականում շատ նման են յուղաներկով արված աշխատանքներին, և 19–20-րդ դարերում այդ բարդ մեթոդը կիրառվել է նկարների վերարտադրության համար։
Արհեստական բանականության միջոցով Լուսինէն գտել է նաև անհայտ նկարի ծագումը։ «Նկարը վերագրվում է իտալացի նկարիչ Ալբերտո Պրոսդոչիմիին։ Նա իր՝ Վենետիկի «Սան Մարկոյի վանքը» նկարի վրա աշխատել է ջրաներկով՝ 1881 թ., որից հետո Վերդինանդո Օնգանիան տպագրել է այդ նկարը։ Համացանցում ես գտա այս՝ տպագրված գործից ևս երկու տարբերակ, որոնք բավական մեծ չափերի են, այսպես ասած, մեր ունեցածի հետ զույգ եղբայրներ չեն։ Դրանք շատ ավելի մեծ են, տպագրված են տասնվեց մեծ կտորներով ու որպես խճանկար ամրացված են իրար։ Նկարներից մեկը ցուցադրված է Վենետիկի Դոժերի պալատում, իսկ մյուսը՝ Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիայի հավաքածուում»,- նշում է Լուսինէն ու հավելում, որ ենթադրվում է՝ «Մատենադարան»-ում պահվող կտավը նույնպես տպագրվել է նույն անձի կողմից, թեև չափսերով համեմատաբար փոքր է՝ 50 × 68,5 սմ։
Լուսինէի խոսքով՝ նկարի վերականգնման համար անհրաժեշտ նյութերը գնել են Եվրոպայից, քանի որ Հայաստանում չեն վաճառվում, օրինակ՝ Beva Film 371-ը, որն արդուկով ակտիվացող կպչուն թաղանթ է, կիրառվում է, երբ պետք է հին կտավն ու նոր կտավն իրար կպցնել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անվնաս հեռացնել կտավից։
«Նկարների վերականգնման տեխնիկական մասը միշտ ապահովվում ենք, իսկ գեղանկարչական վերականգնումը կարող է և չարվի։ Այդ նկարի վերականգնման գործում երկար ժամանակ խլեց նաև կտավի լաքի բարակացումը։ Սովորաբար յուղաներկն ու լաքը տարբեր քիմիական բաղադրություն ունեն, և մենք փնտրում ենք այնպիսի քիմիական նյութ, որը քայքայում է լաքը, բայց չի քայքայում ներկը։ Այս նկարը, քանի որ ոչ թե յուղաներկով էր արված, այլ տպագրական ներկով, այդքան էլ դիմացկուն չէր, և ինչ քիմիական նյութ էլ օգտագործում էի՝ ներկը քայքայվում էր», -առանձնակի նրբություն պահանջող աշխատանքն է նկարագրում նա ու ընդգծում, որ կտավի թելիկների միջև փոսիկներ կան, իսկ այդ փոսիկներում շատ էր կուտակվել լաքը, որը հիմնականում կիրառում են որպես նկարի պաշտպանիչ շերտ։ Եվ որպեսզի նկարի ներկն անվնաս մնա, ստիպված է եղել լաքը բամբակով մաքրելու փոխարեն ասեղով մաքրել։ «Երեք ամսվա ընթացքում ամեն փոսիկից այդ մգացած լաքը հանում էի», -ասում է Լուսինէն ու չի վարանում շեշտել, որ շատ է սիրում իր աշխատանքը։
Երկրորդ նկարը՝ 1957 թ. ստեղծված «Արա Գեղեցիկ» կտավը, մոտ երկու մետր երկարություն ունի։ Այն ՀՀ գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Ժասմին Սարաբյանի ավարտական աշխատանքն է։ Լուսինէի խոսքով՝ սովորական սովետական դասական գործ է, լավ որակի կտավի վրա յուղաներկով նկարված։ «Այս կտավն էլ էր բավական վնասված, բայց խնդիրներ չեղան վերականգնելու գործում, միակ դժվարությունը մեծ չափսի հետ աշխատելն էր․ ծանր էր, դժվար էր շուռ տալ, բայց դա էլ հաղթահարեցի»։
«Արա Գեղեցիկ» կտավը, թեև ամրացել ու վերականգնվել է Լուսինէի ձեռքով, բայց գեղանկարչական մասը չի ամբողջացվել։ «Նկարելիս նկարիչը տեխնիկական որոշ սխալներ էր արել, օրինակ՝ հաստ շերտով նկարել էր կտավի վրա, հետո որոշ հատվածներում այդ շերտի վրայից նորից էր նկարել։ Հիմա նկարի վրայի շերտը պոկված է, բայց ես որոշեցի այդպես էլ թողնեմ, որովհետև ներկը մինչև կտավ չի թափվել, և երևում է նույն նկարչի՝ նույն ձեռքի գործը։ Թանգարանում գեղանկարչական մասը կարող է ավելի քիչ լինել»,- ասում է Լուսինէն ու հավելում, որ ներկի հին շերտի վրայից նորից յուղաներկով նկարելու համար անհրաժեշտ է հատուկ նյութերի կիրառություն, որպեսզի նոր շերտը կարողանա ձուլվել հին շերտի հետ։
«Վերջերս պատահական մտա ֆոնդ ու նկատեցի մի փոքր նկար, որում պատկերված է Վենետիկի փողոցներից մեկը։ Այս նկարն էլ վատ վիճակում էր, որոշեցի վերականգնել, որպեսզի «Մատենադարան»-ում կազմակերպվող ցուցադրություններին կարողանանք ներկայացնել։ 19-րդ դարավերջի նկար է, բայց հեղինակը կրկին անհայտ է»,-ասում է վերականգնող նկարիչն ու հավելում՝ իմ գործի նպատակը ոչ թե իդեալական գեղեցիկ արդյունք ստանալն է, այլ կանխել նկարի քայքայումը, ինչը սիրով եմ անում։
Ինչ հիմքերով են նկարներն ընտրվում ու պահվում «Մատենադարան»-ի ֆոնդում, այդ թվում՝ անհայտ հեղինակների գործերը։ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ «Մատենադարան»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էմմա Հոռոփյանը նշում է, որ «Մատենադարան»-ի ֆոնդի մի մասը ձևավորվել է նաև նվիրաբերությունների միջոցով։ «Մարդիկ, ովքեր ունեն հարուստ հավաքածուներ՝ միջնադարյան ձեռագրեր, հնատիպ գրքեր, արխիվային փաստաթղթեր, ժապավենաձև հմայիլներ, ինչպես նաև կերպարվեստի գործեր, այդ ամբողջական հավաքածուն նվիրաբերում են «Մատենադարան»-ին, որի միջոցով էլ ձևավորվում է «Մատենադարան»-ի գրադարանը, ձեռագրապահոցը, արխիվապահոցը», — ասում է նա ու հավելում, որ նվիրաբերվող հավաքածուների մեջ հաճախ հանդիպում են կերպարվեստի արժեքավոր գործեր, որոնց հեղինակները երբեմն անհայտ են լինում։
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:




