«Մենք Կապսի ջրամբարը կունենաք, գյուղը կտեղափոխվի»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է դադարեցվել Կապսի ջրամբարի շինարարությունը եւ չի կատարվել նոր գյուղ հիմնելու իր խոստումը։
«Տվյալ դեպքում էլ մրցութային ընթացակարգերն իրականացվել էին միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով եւ նրանց կողմից։ Խոշոր կապիտալ ծրագրերն այդպիսին են, աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում։ Պիտի արձանագրեմ, որ սա այն դեպքերից է, որ չկա այնպիսի բան, որը կառավարությունը պետք է աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար ու չի արել։ Կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել, եւ նրա պայմանագիրը խզվել է։ Կփնտրենք նոր գործընկեր, որը ծրագիրը կիրականացնի։ Այսինքն՝ իմ խոստումն այսպես թե այնպես կկատարվի, իրենց խոստումը չի կատարվի, այսինքն՝ մենք կունենանք Կապսի ջրամբարը», ասաց Փաշինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: