Փաշինյանը Պուտինին «հուշեց» TRIPP-ի ռուսական նրբերանգների մասին

Սկիզբը՝ այստեղ:

«Թրամփի ուղու» վերաբերյալ Փաշինյանի ժեստը լիովին սպասելի էր

«Թրամփի ուղու» նախագծում բազմաթիվ նյուանսներ կան, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին, Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե կոնկրետ ինչ նկատի ունի:

«Մենք նաեւ ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIPP երկաթուղու իրականացման եւ կառուցման վերաբերյալ, եւ դրանք իսկապես ներկայացնում են նշանակալի եւ իմաստալից փոփոխություններ մեր տարածաշրջանում։ Եվ այստեղ կան բազմաթիվ նրբերանգներ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերություններին առնչվող, եւ այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը», նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վերջերս ռուսական կողմն արձանագրել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն ասել էր, որ ռուսական հնարավոր մասնակցության համար կան բավարար հիմքեր: Ռուսաստանցի պաշտոնյան շեշտել էր, որ Հայաստանում գործող երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում: «Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը: Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով», – նշել էր նա: Իսկ Հայաստանից, մասնավորապես ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդել էր, թե` «Թրամփի ուղու» նախագծում ռուսների հետ նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։

Լոգիստիկ հարցերին նաեւ Պուտինն է անդրադարձել Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը, սակայն դարձյալ առանց որեւէ հստակության. «Մեր վերջին հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել։ Ես նկատի ունեմ հին երթուղիների վերականգնումը եւ նոր երթուղիների ստեղծումը, որոնք բացում են Հայաստանի սահմանները»։

Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ հասունացել է Հայաստանի մի քանի այլ երկաթուղային հատվածների վերաբացման օրակարգը։ Նա, մասնավորապես, ասել է, որ խոսքը Իջեւանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածների մասին է։ «Եվ, ինչպես մենք քննարկեցինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ սա արդեն տեղի է ունեցել, քանի որ գնացքներն արդեն իսկ Ռուսաստանից գալիս են Հայաստան՝ Ադրբեջանով, ինչը, կարծում եմ, պատմական իրադարձություն է։ Եվ ինչպես Դուք արդեն ասացիք, նոր հնարավորություններ են բացվում, եւ արդեն հասունացել է մեր երկրի մի քանի այլ երկաթուղային հատվածների վերաբացման օրակարգը»,- ասել է Փաշինյանը։ Նա նաեւ շեշտել է, որ երկաթուղու՝ Իջեւանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածների վերաբացման վերաբերյալ քաղաքական որոշում դեռ չկա, բայց ըստ նրա՝ «իրավիճակը հասունացել է այն աստիճանի, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»։

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են նաեւ միջուկային էներգիային վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը նշել է. «Մենք լավ ծրագրեր ունենք։ Քննարկել ենք էներգետիկային, այդ թվում՝ միջուկային էներգիային վերաբերող հարցեր»։

Մոսկվայի ներգրավման վերջին շրջանի այս առավել բացահայտ հետաքրքրվածությանն ինչպե՞ս են վերաբերվում Անկարան ու Բաքուն: Դատելով Սանկտ Պետերբուրգ մեկնելուց Ալիեւի հրաժարվելու որոշմանը, գոնե այս փուլում, ռուսական կողմի հետ քննարկումները, ըստ ամենայնի, Բաքվի համար այնքան էլ նախընտրելի չեն:

Միեւնույն ժամանակ, Անկարայից պարբերաբար հիշեցնում են, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան մոտ են խաղաղությանը: Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ էր ունեցել Անկարայում անցկացված դեսպանների 16-րդ համաժողովում, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին ու Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, մասնավորապես նշել էր. «Տարիներ շարունակ խաղաղությանը կարոտ մնացած Հարավային Կովկասն այսօր պատմական ժամանակաշրջան է ապրում։ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելուն հիմա ավելի մոտ են, քան երբեւէ։ Այս գործընթացին զուգահեռ, Ադրբեջանի հետ երկխոսությամբ, մենք էլ առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր գործընթացը»։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ 2026-ի տարեսկզբից այդ ուղղությամբ կձեռնարկվեն խորհրդանշական քայլեր։

Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայի խոշորագույն՝ Turkish Airlines ազգային ավիափոխադրողը 2026թ. մարտի 11-ից կսկսի չվերթներ իրականացնել Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ երթուղով: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն այս քայլը որակել էր «եւս մեկ քայլ առաջ»: Նախատեսվում է, որ չվերթները կլինեն ամենօրյա:

«Գոհունակությամբ ենք հետեւում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ դրական զարգացումներին», -պետական TRT Haber-ի փոխանցմամբ երկու շաբաթ առաջ էլ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: «Որպես Թուրքիա՝ մենք աջակցում ենք գործընթացը կայուն ձեւով ավարտելու ջանքերին, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղությանը եւ բարգավաճմանը, եւ հայտարարում ենք, որ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել այս հարցում», – 2026 թվականի բյուջեի վերաբերյալ Ազգային մեծ ժողովում իր ելույթի ընթացքում նշել էր թուրք նախարարը: Ավելի վաղ գոհունակություն արտահայտելով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնությունների ու խաղաղություն կամքի համար՝ Գյուլերը հույս էր հայտնել, թե խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի։

Անկարան ու Բաքուն, վստահաբար, ձգտում են նշանակալի պայմանավորվածությունների, համաձայնությունների ֆոնին Հայաստանից ցանկալի զիջումները կորզել:

Փաշինյանն էլ, կարծես, հակված է հրապարակային «գործարքներ» առաջարկելով` առաջ մղել Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացը: Երկու շաբաթ առաջ նա, օրինակ, «յուրօրինակ» առաջարկ արեց Ալիեւին, նկատելով. «Ադրբեջանը մի կողմից ասում է «Արեւմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է՝ «գրված է՝ ղարաբաղյան հայեր»: Ես 2025-ի օգոստոսի 18-ի իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է»: Նա Համբուրգում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ԵՄ փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած քննադատական հայտարարությանը, առաջարկեց. «Ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետեւ որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ ասում են՝ պիտի վերադառնանք եւ այլն, ես ասել եմ՝ դա իրատեսական չէ։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ եւ որը հետեւանք։ Ես ասում եմ՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք՝ ոնց ենք այդ թեման հանում, որովհետեւ այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որեւէ կոնֆլիկտային իրավիճակ»:

Փաշինյանը Պուտինի հետ` «Թրամփի ուղու» նրբերանգների, իսկ Ալիեւի ու Էրդողանի հետ նստել-բանակցելու առումով, ինչպես նկատվում է, ձգտում է ապահովել հայկական կողմի նախաձեռնողականությունը: Այլ հարց է իհարկե, թե որքանով են նրա առաջարկներն ընդունելի Բաքվի ու Անկարայի համար:

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա ռուսական կողմը «Թրամփի ուղու» նախագծի գործարկման վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով ի ցույց է դրել Ռուսաստանի շահերը չանտեսելու պարտադիր պայմանը: Հետեւաբար, «Թրամփի ուղու» վերաբերյալ Փաշինյանի «հուշումը» Պուտինը լիովին սպասելի ժեստ կարելի է որակել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment