Եթե Այնթապի թեման ցավացնում է, ապա հույս ունեմ, որ էդ ցավը գոնե կդրդի, որ մերոնք Մարաշի ասեղնագործության հարցով զբաղվեն․ Հրազդան Թոքմաջյան

Մեր զրուցակիցը գեղանկարիչ, արվեստաբան, «Այնթապի ասեղնագործությունը» երկհատորյակի հեղինակ Հրազդան Թոքմաջյանն է։

– Պարոն Թոքմաջյան, վերջերս հայտնի դարձավ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է ներառել Այնթապի ասեղնագործությունը, ինչը դժգոհության մեծ ալիք է առաջացրել մեր երկրում, քանի որ Այնթապի ասեղնագործությունը ուղնուծուծով հայկական է, և այդ պնդումը հաստատող ամենավառ օրինակներից մեկն էլ Ձեր մեծածավալ աշխատությունն է։ Ինչպե՞ս է ստացվել այս դեպքում թուրքական հայտի հաստատումը, և ի՞նչ կարող ենք անել մենք այս դեպքում։

-Թուրքերը բավականին մտածված են մոտեցել այս հարցին և տեսեք՝ ինչ են անում․ իրենք չեն գրում Գազիանթեփի ասեղնագործություն, իսկ եթե իրենց քարտեզին նայենք՝ իրենք Այնթապ քաղաք չունեն, ներկայումս այն կոչվում է Գազիանթեփ, այլ նրանք Այնթապ անունն են օգտագործում, որը գործածական էր մինչև 20 թիվը՝ Քեմալի ի հայտ գալը, երբ քաղաքում  մոտ 30000 հայ էր ապրում, և ստացվում է, որ այսօրվա Գազիանթեփի բնակիչները էն մարդիկ են, որոնք այդ ավանդույթը Այնթապից պահել ու հասցրել են մինչև մեր օրերը։ Այսինքն՝ քաղաքն իրենցն է, և ավանդույթն էլ շարունակվում է իրենց քաղաքում՝ իրենց բնակիչների կողմից։

Հրազդան Թոքմաջյան

Մենք ծառը չենք տնկում, բայց ուզում ենք պտուղ քաղել։

Ի՞նչ կարող ենք անել մենք, եթե, իհարկե, շահագրգռված ենք, քանի որ սովորաբար վրդովմունքի ալիք է լինում, որը մի շաբաթ հետո մոռացվում է։

Հարցն այն է, որ ոչ նյութական մշակութային ժառանգություն արձանագրելու համար և՛ Հայաստանում՝ հանրապետական, և՛ միջազգային մակարդակով կարևոր պայման կա, որ էն երևույթը, որը  ներկայացվում է, պետք է լինի կենդանի, գոյություն ունեցող, գործող, ոչ թե պատմական մի բան, այսինքն՝ մենք այսօր պետք է հստակեցնենք՝ Այնթապի ասեղնագործությունն աշխատում ենք, թե՞ չենք աշխատում․ դա ամենակարևորն է։

Նախ` պետք է մոնիթորինգ անել ու տեսնել, թե Հայաստանում քանի՞ հոգի կա Այնթապ աշխատող․ ենթադրենք, թե 50 հոգի գտանք, էդ 50 հոգու ձեռագործները պետք է հավաքել, նյութ սարքել և ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ՝ առաջարկելով հայտը դարձնել հայ-թուրքական հայտ, որը, կարծում եմ, կտեղավորվի նաև ներկայիս խաղաղության դարաշրջանի տրամաբանության մեջ։

Ես վստահ եմ, որ առաջիկա մի քանի տարիներին իրենք (թուրքերը՝ Մ․Ա․) ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստերին ամեն տարի մեզ հետ առնչվող մի բան անցկացնելու են, որովհետև մենք այնտեղ հսկայական ժառանգություն ունենք, որն անտեր է հայկական իմաստով։ Եվ մենք մեզ համար պետք է հստակեցնենք՝ մենք իսկապե՞ս հետաքրքրված ենք այս հարցերում, թե հենց թուրքերը մի քայլ անում են, մենք ակտիվանում ենք, ոնց որ ասենք դուդուկի համար էինք ջղայնանում, թառի համար էինք ջղայնանում, հետո մոռանում գնում ենք։

Իրենք իրենց անընդհատ ընթացքի մեջ են, ունեն իրենց մշակութային քաղաքականությունը, իսկ մենք մշտապես դեպքերի հետևից վազողի դերում ենք հայտնվում՝ արձագանքելով թափթփված ու փնթի կերպով, իսկ էդպես չի լինի․ մենք ծառը չենք տնկում, բայց ուզում ենք պտուղ քաղել։

 

-Եթե հարցը նեղացնենք ասեղնագործության թեմայի շրջանակներում, ապա, կարծում ենք, Ձեր առաջարկները պետք է որ լսելի լինեն՝ հաշվի առնելով այն ծավալի հետազոտական աշխատանքը, որը Դուք իրականացրել եք հայկական ասեղնագործության ուսումնասիրության հարցում։

-Ես կրթությամբ ազգագրագետ չեմ, ինչպես նաև ազգագրության հետ կապված պաշտոնական ֆունկցիա չունեմ, ես ընդամենը նկարիչ եմ, որն աշխատանքի հրավեր է ստացել, գնացել է Սիրիա, տեսել այդ գործերն ու խանդավառվել և, մարդկանց խանդավառելով, ստեղծել ենք մեկ հատոր Մարաշի ասեղնագործությունը, Ուրֆայի ասեղնագործությունը, որի երկրորդ հատորն է արդեն պատրաստվում, Այնթապինը՝ 2 հատոր․․․  Ես պարտավոր չէի այս ամենով զբաղվելու, բայց զբաղվել եմ և հիմա չեմ ափսոսում։ Ի պատիվ Հալեպի մեր հայրենակիցների՝ Կրթասիրաց Մշակութային Միության, ինչպես նաև Փյունիկ հիմնադրամի՝ 2015-ին հրատարակվեց «ԱՅՆԹԱՊԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ» երկհատորյակը։ Կարծում եմ՝ շահագրգիռ անձինք և կազմակերպությունները պետք է փորձեին ապահովել գրքի լայն տարածումը։ Վստահ եմ, արդյունավետ աշխատանքի դեպքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն չէր շրջանցի հայերի ծանրակշիռ ներդրումը Այնթապի ասեղնագործության մեջ։

Բայց եթե այս թեման ցավացնում է, Այնթապի թեման ցավացնում է, ապա հույս ունեմ, որ էդ ցավը գոնե կդրդի, որ մերոնք Մարաշի ասեղնագործության հարցով զբաղվեն։ Ես խորհուրդ կտամ այդ թեմայի շուրջ լուրջ քայլեր անել, և ասեմ, որ  նախ Մարաշի նկատմամբ թուրքերն էդքան հավակնություններ չունեն, և մենք փաստեր ունենք, որ երբ թուրքը ձեռագործ է վաճառում, ասում է, որ հայկական Մարաշ է, և երբ հարցնում են՝ որտեղի՞ց գիտես, որ հայկական է, նա պատասխանում է, որ հրատարակված գրքեր կան, օրինակ՝ Թոքմաջյան Հրազդանի գիրքը։

Եվ նաև հիմա Մարաշը բավական տարածված է մեզ մոտ, հատկապես սիրիահայերի՝ Հայաստան գալուց հետո։

Հույս ունեմ, որ էդ ցավը կդրդի, որ մերոնք Մարաշի ասեղնագործության հարցով զբաղվեն։

Այսինքն՝ դժվարություն չի ներկայացնի կազմակերպված աշխատանքի դեպքում ցույց տալ, որ Մարաշի ասեղնագործությունը Հայաստանում կենդանի է, ավանդույթ է, և այդպիսով ոչ նյութական մշակութային ժառանգություն է։ Դա կարելի է անել սկզբում Հայաստանում, հետո էլ դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ փորձելով գտնել ճկուն լուծումներ։

-Եվ վերջին հարցը՝ կխնդրեմ փոքրիկ պատմական էքսկուրս անցկացնել՝ ասեղնագործության այն տեսակը, որի հիմքում, ըստ էության, թելքաշն է, ինչո՞վ է առանձնանում, որտեղի՞ց է գալիս և ինչո՞ւ զարգացավ հենց Այնթապում։

-Մեր տեղեկություններով` թելքաշը ձեռագործի տեսակ է, որը տարածված էր Մերձավոր Արևելքում, իսկ այնթապցիները ձեռագործի այդ տեսակը զարգացրել են՝ հասցնելով բարձրագույն մակարդակի։ Թելքաշի հատվածներ կարող ենք տեսնել նաև հայկական տարբեր գավառների ձեռագործների մեջ, օրինակ՝ արցախյան ձեռագործներում էլ կան փոքրիկ ցանցկեն մակերեսներ, բայց միագույն թելքաշը հատկանշական և բնորոշ է միայն Այնթապին, որտեղ, ինչպես նշեցի, այն մի ուրիշ մակարդակի էր հասել։

Ես կարծում եմ, որ դրա հիմնական նախապայմանն այն է, որ Այնթապում նաև տեքստիլ արդյունաբերությունն էր զարգացած, և քաղաքը կերպաս արտադրող նշանավոր կենտրոն էր։ Այնթապցիների հարստությունը կուտակվել է կերպասագործությամբ, իրենք բամբակե թելից հյուսել են կերպաս և վաճառել ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում։

Ուզում եմ ասել, որ թելի հետ կապված կուլտուրան, մշակույթն այնտեղ եղել է ամեն տան մեջ․ Այնթապում կանայք ու աղջիկները տանը թել են մանել, որպեսզի հետագայում հաստոցների վրա այդ թելը կերպաս դառնա, մինչև որ Եվրոպայից սկսել է գալ գործարանային մանված թել։ Սակայն միայն նյութի հարցը չէ այստեղ, կան նաև հին ավանդույթներ, զարդաձևեր, որոնք գալիս են հնագույն ժամանակներից ու պահպանվել են Այնթապի ասեղնագործության մեջ։ Եվ բավականին լավ են պահպանվել՝ իրենց արխայիկ ձևով, մինչև միսիոներների մասնակցությունը, որոնք Համիդյան ջարդերից հետո սկսում են ակտիվորեն գործել և, իրենց հետ բերելով եվրոպական ամսագրեր, իրենց նորաձևությունն են ներմուծում Այնթապ՝ նպաստելով, որ ստեղծվեն գործեր, որոնք Եվրոպայում լավ կվաճառվեն։

Այդ ժամանակ ճաշակն ու մոտիվները բավականին փոփոխվում են, բայց մինչև 19-րդ դարի վերջը Այնթապից պահպանված ձեռագործները խիստ ազգային են և իրենց ընդհանուր հորինվածքով կապվում են Հայաստանի մյուս շրջանների ասեղնագործության տեսակների հետ՝ եթե գույնը որոշիչ չհամարենք։ Օրինակ՝ սպիտակով աշխատված ութթևանի աստղը չափազանց սիրված սիմվոլ է այնթապցիների մոտ, նույն մոտիվները տեսնում ենք նաև Արցախի սրբիչների վրա, բայց արդեն՝ կարմիր-կանաչ գույներով։

«Այնթապի ասեղնագործությունը» երկհատորյակի մասին

«Այնթապի ասեղնագործությունը» երկհատորյակը «Կորուսյալ դրախտի»՝ Այնթապի մասին պատմող նշանակալի ու համակարգային աշխատանք է, որի շնորհիվ մեկդարյա հեռավորությունից կարելի է հստակ պատկերացում կազմել հայաշատ այս քաղաքի կյանքի ու կենցաղի, արհեստների, մասնավորապես հայկական ասեղնագործության այս յուրօրինակ ճյուղի մասին։

Այս գրքում հեղինակը պրպտել, գտել ու ամփոփել է ձեռագործի այնպիսի նմուշներ, որոնց ձեռակերտ լինելն անգամ անհավատալի է թվում, սակայն այս նրբահյուս ժանյակները ստեղծվել են սոցիալական, կրթական տարբեր կարգավիճակներ ունեցող հայուհիների կողմից, որոնք, ինչպես նշում է հեղինակը, անգամ աքսորի ճանապարհին են իրենց հետ վերցրել քերկահն ու ձեռագործը։

Գիրքը նախ և առաջ պատմություն է բացառիկ անհատների մասին, որոնց անունը գուցե և մենք չիմանայինք, եթե չլիներ այս աշխատությունը։ Հրանուշ Թահտաճեան Պէնլեանը, Մարի Էքնեքճեան Փէթթելեանը, Վեհանուշ Չաքըճեանը և այլոք ցեղասպանությունը վերապրած այն հայուհիներն են, որոնք, երբևէ չդադարելով ստեղծագործել, իրենց արվեստի գաղտնիքները փոխանցել են սերնդեսերունդ։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment