Երախտիքի խոսքեր` բացակա Ալիեւին

Ինչո՞ւ Ալիեւը խուսափեց հանդիպել Պուտինին ու Փաշինյանին

Դեկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Ռուսաստան, որտեղ մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաեւը:

Իսկ ընդլայնված կազմով նիստին միացել էին` Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող մյուս պետությունների՝ Իրանի եւ Կուբայի դեսպանները, Ինդոնեզիայի առեւտրի նախարարը:

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգում միության գործունեության արդիական հարցերն էին, ինտեգրացիոն գործընթացների խորացման եւ միասնական շուկայի զարգացման կողմնորոշիչների ուրվագծումը, մի շարք նշանակալի փաստաթղթերի եւ որոշումների հաստատումը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի ձեւավորմանը, ԵԱՏՄ գալիք տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հաստատվել է Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:

Խորհրդի նիստում ունեցած ելույթում Փաշինյանը նկատեց, թե ընթացիկ տարին հատկապես նշանակալի էր ԵԱՏՄ միջազգային համագործակցության համար. «Ընդլայնվում է փոխգործակցությունն առանցքային գործընկերների՝ Իրանի, Միավորված Արաբական Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ։ Բացվում են նոր շուկաներ, ինչը նպաստում է արտահանման ու ներմուծման դիվերսիֆիկացմանը, ինչպես նաեւ ամրապնդում է ԵԱՏՄ դիրքերը համաշխարհային տնտեսության մեջ»։

Փաշինյանը մատնանշեց` առեւտրալոգիստիկ համագործակցության զարգացման հեռանկարները՝ հիմնված փոխադարձության, իրավահավասարության, ինչպես նաեւ ինքնիշխանության եւ ազգային իրավազորության սկզբունքների վրա, ապա հավելեց. «Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ եւ կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում մեծ տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը: Այս կապակցությամբ երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաեւ երկկողմ առեւտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար։ Սա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման շրջանակում առաջին կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է»։

Ի դեպ, Փաշինյանը կարեւորեց նաեւ միասնական ծառայությունների շուկայի գործունեությունը, մրցունակությունը, պարզեցման ընթացակարգերը եւ բարենպաստ միջավայր բիզնեսի ստեղծման հնարավորությունները` նկատելով. «Կարծում ենք, որ այս ուղղության զարգացումը պետք է լինի ավելի դինամիկ, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա»։ Իսկ վերջում Փաշինյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը` «ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության եւ կայուն զարգացման»։

Հարկ է հիշեցնել, որ դեկտեմբերի 11-ին Մոսկվայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նույնպես Փաշինյանը ողջունել էր Ադրբեջանի նախագահի որոշումը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ, նշելով. «Սա մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման շրջանակներում ձեռք բերված կարեւոր նվաճումներից մեկն է»: Նա այդ օրն էլ շեշտել էր, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առեւտրաշրջանառության աճի համար, որ «տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ», եւ որ` «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարեւոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման եւ տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում»։ Այս դեպքում էլ նա կարեւորել էր ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը: Երկու շաբաթ առաջ էլ նա համոզմունք էր հայտնել, որ առաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան Հայաստան, եւ դա ներկայացրել էր, որպես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունք:

Ուշագրավն այն է, որ Փաշինյանը կարեւորում է ԵԱՏՄ-ն արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը, շեշտում է ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությունը, մինչդեռ Հայաստանում իշխանության ներկայացուցիչներն ու նրանց հարող ուժերը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները ու այդ հարաբերություններից կախվածությունը գրեթե չարիք են համարում:

Վերջերս ներհայաստանյան քննարկումներում թեժացել էր «հիբրիդային պատերազմների» թեման: Այս առիթով երկու շաբաթ առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է տարբեր ձեւաչափերով քննարկել Հայաստանի հնարավոր մտահոգությունները երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:

«Հիբրիդային պատերազմներ» հասկացությունը հորինել եւ գործնականում կիրառել են ամերիկացի ռազմական տեսաբանները։ Ոչ այնքան վաղուց, Հայաստանի հարեւան Վրաստանում, «կոլեկտիվ Արեւմուտքի» երկրները կրկին ցուցադրեցին իրենց ամբողջ «հիբրիդային փառքը». կոպտորեն միջամտելով ներքաղաքական գործընթացներին, բորբոքելով «մայդանի» տրամադրությունները, զրկելով Թբիլիսիին իր զարգացման ուղին ընտրելու ազատությունից եւ զբաղվելով բացահայտ քաղաքական շանտաժով՝ սպառնալով զրկել նրան արդեն առանց դրա էլ խաբուսիկ եվրոպական հեռանկարներից։ Այս մոտեցումը մեզ համար օտար է։ Մենք միշտ հարգել ենք եւ կշարունակենք հարգել յուրաքանչյուր ազգի ինքնիշխան ընտրությունը։ Միեւնույն ժամանակ, չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարություններն արվում են հանրապետությունում մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին՝ կարծես հետեւելով այն օրինաչափությանը, որը վերջին տարիներին փորձարկվել է այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում։

Մենք պատրաստ ենք քննարկել մեր հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները ինչպես խորհրդարանական խողովակներով, այնպես էլ համապատասխան նախարարությունների միջեւ մեր առաջարկած խորհրդակցությունների միջոցով, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում՝ ռուս-հայաստանյան հարաբերությունների շուրջ տեղեկատվական միջավայրը շտկելու նպատակով։ Ռուսաստանը միշտ եղել եւ մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը», ասել էր նա։

Նշածն ապացուցելու համար Զախարովան շեշտել էր, որ Մոսկվան անհապաղ օգնության է հասնում իր եղբայրական ժողովրդին, վերջին օրինակներից մատնանշել էր` 2024թ. հունիսին ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից վնասված երկաթուղային գծերի վերականգնումը, այս տարվա նոյեմբերին ՌԴ-ից Հայաստան ցորենի մատակարարումների կազմակերպումը կարճ ժամանակում՝ Ադրբեջանով եւ Վրաստանով։

Անշուշտ հետաքրքրական փաստ էր Ալիեւի հերթական արհամարհական քայլը: Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն էր կայանալու, իսկ մեկ օր առաջ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, թե Վլադիմիր Պուտինն անպայման առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի եւ Ալիեւի հետ:

Սակայն դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի կարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով»։ Նաեւ նշել էին, թե Ադրբեջանը պարբերաբար մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին եւ մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Ալիեւի աշխատակազմը նաեւ բացատրել էր դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին չմասնակցելու պատճառները. «Նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ»։

Պակաս հետաքրքրական չէր Կրեմլի արձագանքը: Մոսկվան ըմբռնում էր հայտնել Ալիեւի՝ Սանկտ Պետերբուրգ այցի չեղարկման վերաբերյալ. «Մենք շարունակում ենք զարգացնել գործընկերային հարաբերությունները եւ կառուցողական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը շարունակում է մասնակցել համագործակցության բոլոր ձեւաչափերին»։

Ինչո՞ւ Ալիեւը խուսափեց հանդիպել Պուտինին ու Փաշինյանին:

Ըստ ամենայնի, Ալիեւը քաջ գիտակցում է, թե ինչ է ակնկալում նրանից Պուտինը: Իսկ Փաշինյանի դիրքորոշումները, ակնկալիքներն Ալիեւին նույնպես հայտնի են, եւ դրանց ծանոթանալու համար Ալիեւը հազիվ թե նախընտրեր ռուսական հարթականը:

Մնում է հասկանալ, թե ի՞նչ է շահում պաշտոնական Երեւանը` Ալիեւին շարունակ երախտիքի խոսքեր հղելով, նույնիսկ այն դեպքերում, երբ Ալիեւը ներկա չէ տվյալ նիստին:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment