Գործակալ բացահայտելու իմ փորձը. «Գոշ» ծածկանունով գործիչն ու ԱԱԾ-ն

Վերջին շրջանում փոթորկված «լրտեսական կրքերը» ստիպեցին հիշել սեփական փորձը՝ ԿԳԲ-ի գործակալի մասին հրապարակում անելու վերաբերյալ:

Ուրեմն՝ շատ տարիներ առաջ, «հին» Հայաստանում ձեռքիս մի «հույժ գաղտնի» մակագրությամբ 6071 թվագրված ռուսերեն տեղեկանք էր հայտնվել՝ կուսակցական գործչի եւ ԽՍՀՄ պետական անվտանգության ծառայության առնչությունների վերաբերյալ: Ըստ տեղեկանքի՝ տվյալ անձը հավաքագրվել էր 1987թ. հոկտեմբերի 29-ին՝ «ազգայնական տրամադրություններ ունեցող անձանց» շրջանում աշխատանքներ տանելու նպատակով:

Ես այդ տեղեկանքում առկա տվյալները ճշտեցի սկզբնաղբյուրից: Զանգահարեցի այդ գործչին ու տեղեկանքում առկա բոլոր տվյալների մասին կետ առ կետ հարցեր ուղղեցի՝ չասելով, թե ինչ նպատակով: Ծննդյան թվի, բնակության հասցեի եւ այլ բոլոր տվյալների վերաբերյալ ստացա հաստատական պատասխաններ: Դրական պատասխան ստացա նաեւ այն անձին ճանաչելու վերաբերյալ, որը տեղեկանքում նշված էր իբրեւ կապավոր:

Այն ժամանակ «Առավոտում» անոնսներ էինք հրապարակում հաջորդ համարում տպագրվելիք հոդվածի վերաբերյալ: Եվ տվյալ գործչի հետ զրույցից հետո անոնս պատրաստեցի, թե վաղվա համարում կկարդաք «Գոշ» ծածկանունով մի գործակալի մասին:

Թե ինչ տեղի ունեցավ անոնսի հրապարակումից հետո՝ բոլորովին հուզիչ չէր: Խմբագրություն այցելեց ԱԱԾ-ի մի բարձրաստիճան պաշտոնյա եւ ծանոթացավ հրապարակվելիք հոդվածի համար հիմք ծառայող գրությանը:

Նախ՝ ասաց, որ ԱԱԾ-ն երբեք չի հաստատի դրա իսկությունը: Երբեք: Եվ ես չեմ ունենա որեւէ այլ միջոց հոդվածի հիմնավոր լինելը ապացուցելու համար:

Երկրորդ՝ իրազեկեց, որ օպերատիվ գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց վերաբերյալ տեղեկությունները, կառավարության 1998 թ. մարտի 13-ի թիվ 173 որոշման համաձայն՝ դասվում են ՀՀ պետական գաղտնիքների շարքում։ Եվ զգուշացրեց, որ ես կարող եմ քրեական պատասխանատվության կանչվել՝ այդ գործակալի անունը բացահայտելու դեպքում: Այդ մասին, ի դեպ, հիշատակել եմ «հոկտեմբերի 27»-ի գործով մի գործակալի վերաբերող հրապարակման մեջ:

Բայց որոշմանս կայացման վրա որոշիչ ազդեցություն ունեցավ ոչ թե այս զրույցը, այլ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ գլխավորած մի գործչի հետ՝ իր նախաձեռնությամբ կայացած զրույցը: Նա թեեւ խիստ ընդդիմադիր դիրքորոշում ուներ, սակայն փաստարկներ ներկայացնելով ասում էր, որ այն, ինչ պատրաստվում եմ անել՝ որեւէ կուսակցության կամ իշխանության դեմ չէ, այլ հենց պետության:

Մի խոսքով՝ հաջորդ օրը հոդվածը լույս տեսավ առանց անուն ազգանունի եւ այլ անհատական տվյալների: Եվ հիմա էլ չեմ կարող հաղթահարել այդ հոգեբանական արգելքը, ուստի փակել եմ արխիվումս պահպանված այդ տեղեկանքի անհատական տվյալներ պարունակող տողերը:

Բայց նաեւ ասեմ, որ հետո պարզեցի, թե այդ գործչի եւ ԿԳԲ-ի առնչությունները բնավ նորություն չէին հենց իր կուսակցության համար: Մարդն այդ մասին ազնվորեն խոստովանել էր իր քաղաքական ուժի ղեկավար մարմնին:

Ու նաեւ ասեմ, որ լրագրողական գործունեությանս ընթացքում էլի են եղել դեպքեր, երբ հենց տվյալ գործիչն է խոստովանել ՊԱԿ-ի հետ իր նախկին կապերի մասին: Եվ էլի ցանկություն չունեմ անուններ բացահայտելու, քանի որ համոզված եմ՝ այդ լյուստրացիան պիտի արվեր դեռ տարիներ առաջ, բոլոր «համագործակցածների» վերաբերյալ: Իսկ եթե ցավոք այդպես չի արվել (ես հիշում եմ հակափաստարկները՝ մասնավորապես եղբայրասպան պատերազմների վերաբերյալ մտավախություն կար)՝ մնացած ամեն ինչը հիմա ուղղակի քաղաքական նպատակահարմարությամբ է պայմանավորված:

Բայց այսուհանդերձ՝ կուզենայի իմանալ՝ արդյոք դեռ գործո՞ւմ է կառավարության այդ որոշումը, որով գործակալների վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment