Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 2025/2026 մրցաշրջանից հանդես է գալիս սերբական «Ցրվենա Զվեզդայում», Nobel YouTube-յան ալիքին տված հարցազրույցում մանրամասներ է պատմել իր տեղափոխության, կարիերայի դժվարությունների և ընտանեկան աջակցության մասին:
Թիկնիզյանի տեղափոխությունը սերբական գրանդ բավականին անսպասելի է ստացվել: Ամեն ինչ սկսվել է մայիսի վերջին՝ գործակալի զանգից, որին հաջորդել է անմիջական խոսակցությունը ակումբի տեխնիկական տնօրեն Մարկո Մարինի հետ: Չնայած լեզվական պատնեշին, Նաիրին գրավել է ակումբի հստակ տեսլականը՝ Չեմպիոնների լիգայում հանդես գալու նպատակը և իր հանդեպ ունեցած մեծ վստահությունը:
Այդուհանդերձ, որոշում կայացնելը հեշտ չի եղել: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ ունեցել է տատանումներ, քանի որ կար ևս մեկ տարբերակ՝ Բրատիսլավայի «Սլովանը»:
«Կասկածը բնական է, չէ՞ որ սխալ քայլը կարող է կործանել կարիերան»,- նշել է պաշտպանը:
Ճիշտ ընտրություն կատարելու համար նա խորհրդակցել է իր նախկին մարզիչներ Նիկոլիչի և Օլիչի հետ՝ կենտրոնանալով բացառապես ֆուտբոլային գործոնների վրա: Ի վերջո, նա ընտրել է «Ցրվենա Զվեզդան», որն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի:
Թիկնիզյանն անկեղծացել է նաև մարզական հոգեբանի հետ աշխատանքի կարևորության մասին: Նրա խոսքով՝ հոգեբանն օգնել է իրեն հաղթահարել ԲԿՄԱ-ից «Լոկոմոտիվ» տեղափոխության ծանր շրջանը, երբ իր համար վճարված մեծ գումարը (5 մլն եվրո) հսկայական ճնշում էր ստեղծում: Հոգեբանը դարձել է այն «ուղեցույցը», որն օգնել է նրան գտնել սեփական հարցերի պատասխանները:
Ֆուտբոլիստի համար հուզական ամենացնցող պահերից մեկը եղել է Եվրոպա լիգայում «Լիլի» նկատմամբ հաղթանակը (1:0): Խաղից հետո Նաիրը չի կարողացել զսպել արցունքները: Դա նրա առաջին հաղթանակն էր եվրագավաթներում երեք տարվա ընթացքում: Բացի այդ, նա դաշտ էր դուրս եկել բարձր ջերմությամբ՝ թիմակիցներից գաղտնի պահելով հիվանդությունը, ինչն ավելի է արժևորել այդ հաջողությունը:
Անդրադառնալով անձնական կյանքին՝ Թիկնիզյանը նշել է, որ կինը՝ Յանա Ռոմաշկինան, իր ամենամեծ աջակիցն է: Չնայած Նաիրը պնդել է, որ կինը մնա Մոսկվայում և շարունակի իր կարիերան հեռուստատեսությունում, Յանան որոշել է լինել ամուսնու կողքին Բելգրադում:
«Նա այն մարդն է, ով ինձ հետ ժամերով կարող է քննարկել ֆուտբոլային հարցեր անհաջող խաղից հետո: Նրան հարմարավետ է այնտեղ, որտեղ ես եմ»,- ասել է Թիկնիզյանը՝ հավելելով, որ իրեն շատ է բախտը բերել կնոջ հարցում: