Կրթության փորձագետը՝ Արման Թաթոյանի նշած գիտելիք-հմտություն կապի մասին. եթե մի բան գիտես, դա պետք է անպայման կիրառություն ստանա

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը օրերս երիտասարդների հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ում իր ուսումնառության մասին, ներկայացրել էր, թե մարդուն ի՞նչ է տալիս արտերկրում կրթությունը, բացատրել էր, թե ինչու գիտելիքն առանց հմտության բավարար չէ, եւ ինչքան կարեւոր են նոր կարողությունները։

Արման Թաթոյանի կրթական նկատառումների վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ իսկապես մեր կրթական համակարգը սովորաբար կարեւորել է գիտելիքը, դրա համար էլ մեզանում գիտելիքի կիրառականությունը, հմտությունը ավելի թույլ մակարդակում են:

Սերոբ Խաչատրյան

«Մեր կրթական համակարգը միշտ ավելի տեսական բնույթ է ունեցել, մինչդեռ արեւմտյան կրթական համակարգում ավելի կարեւորվում է աշխատաշուկային համապատասխան կադրերի պատրաստումը, որը հիմնված է, ասենք, կոնկրետ աշխատատեղերի համար մարդկանց պատրաստելուն: Արեւմտյան կրթական համակարգը ավելի կարեւորում է հմտությունների զարգացումը, այսինքն, եթե դու մի բան գիտես, դա պետք է անպայման կիրառություն ստանա»,- ընդգծեց Սերոբ Խաչատրյանը:

Կրթության փորձագետը անդրադարձավ Հայաստանի դպրոցներում մեքենա վարելու դասընթացներ ներդնելուն՝ նշելով, որ եթե ներմուծվի տեսական ձեւով, սովորեցնեն երթեւեկության կանոններ, մեքենայի առանձնահատկություններ, նման գիտելիքը ոչ մի արժեք չի ունենա. «Կրթությունը իմաստ կստանա, եթե դպրոցներում լինեն գործնական կիրառություններ, ինչը, բնականաբար, շատ թանկ է, եւ հայտնի չէ, թե որքանով հնարավոր կլինի դա իրականացնել. վառելիք, մեքենաներ են անհրաժեշտ, ո՞վ պետք է տասնյակ հազարավոր աշակերտների համար այդքան ծախս անի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment