«Նիկոլ Փաշինյանը ստում է, ո՞նց կարող է եկեղեցու հավատացյալը գնալ ու մասնակցել ապօրինի ու սրբապիղծ պատարագներին»․ Ժաննա Ալեքսանյան

«Առավոտ»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Լուսանկարը՝ Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

-Իշխանությունները կանգ չեն առնում, Հայ Առաքելական եկեղեցու դեմ գործողությունները նոր թափ են ստանում։ Դուք դիտարկում էիք արել, որ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի ունեցածը թաթար-մոնղոլական արշավանք էր հիշեցնում։ Սրա խորքային նպատակը ո՞րն է, սա կռի՞վ է մեր պետականության հիմքերի դեմ, ի՞նչ է։

-Մենք տեսնում ենք, որ եկեղեցու դեմ պայքարում են համակարգերով՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ուղեկցում էին 10 տիրադավներին, պաշտպանում էին նրանց հենց եկեղեցու բակում։ Այսինքն՝ սա համակարգված պայքար է եկեղեցու դեմ։ Եվ սրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք թուրքական առաջատար մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ Էրդողանն է ընտրելու, թե ով է լինելու ամենայն հայոց կաթողիկոսը։ Այսինքն՝ ՀՀ-ն ղեկավարող այս խմբակն ի սկզբանե հանձնված է, ոչ ցանկություն ունի, ոչ էլ կարող է պայքարել։ Մենք աստիճանաբար նորանոր զարգացումներ ենք տեսնում, տեսնում ենք, որ մեր երկիրը հանձնում են աստիճանաբար մեզ խաբելով։

Երբեք չէի պատկերացնում, որ կապրենք այսպիսի ծանր ժամանակներ։ Մեր ինքնությունը ջնջելու այդ մոլուցքը, որն ունի Նիկոլ Փաշինյանը, երեւի շարունակվելու է։ Ես չգիտեմ՝ ինչպես դա պետք է կանխվի, բայց մեկ բան գիտեմ՝ մեր ժողովուրդը երբեք չպետք է ուզենա կամ թույլ տա, որ դա տեղի ունենա։

Ամենացավալին այն է, որ այս պառակտվածությունն ունի քարոզիչներ ու պաշտպաններ։ Սա դավադրություն է մեր երկրի դեմ, բայց եթե վեհափառը կանգուն է, մենք էլ պետք է կանգուն լինենք՝ մինչեւ վերջ պայքարելու համար։ Ես մտածում եմ, որ եկեղեցին կդիմանա։ Չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլինի, եթե եկեղեցին չդիմանա։ Պետք է հրաշք տեղի ունենա, մենք մեր ցանկությամբ պետք է ծնենք այդ հրաշքը եւ դիմադրենք այս դավադիր հարձակմանը։

-Նիկոլ Փաշինյանն ասում է, թե հավատացյալ է եւ մտահոգված է եկեղեցու ճակատագրով։ Սրան զուգահեռ՝ տեսնում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցու հաշվեկշռում գտնվող հայկական վանքերն ու եկեղեցներն Արցախում ամենօրյա ռեժիմով ոչնչացվում կամ յուրացվում են մեր թշնամիների կողմից։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները չեն անդրադառնում սրան, ո՞նց հասկանանք, այսինքն՝ նա անկե՞ղծ չէ հանրության հետ։

-Ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի որեւէ խոսքի, ինքը անում է իրավիճակային հայտարարություններ, եթե այդ պահին պետք է ստել, ինքը ստում է։ Ո՞նց կարող է եկեղեցու հավատացյալը գնալ ու մասնակցել այս ապօրինի ու սրբապիղծ պատարագներին։ Ես իրեն վաղուց եմ ճանաչում, ինքը երբեք հավատավոր չի եղել եւ հիմա էլ չի կարող լինել։ Ինքը եւ հոգեւորականների այդ 10 հոգանոց խումբն իրենց հնարքներով, ստերով ու խաբեությամբ կարողանում են ժողովրդին մոլորեցնել։ Չնայած՝ չեմ տեսնում, որ ինքը մեծ հաջողություն է գրանցել, բայց քանի որ ինքն անամոթ ու անբարո է, բոլոր լծակներն օգտագործում է եկեղեցու, ժողովրդի դեմ։ Ինչպե՞ս խաբելով հանձնեց Արցախը, ասում էր՝ հանձնում է, որ Հայաստանն ինքնիշխան լինի, բայց այսօր Հայաստանն ինքնիշխան չէ։ Մեր ժողովրդին հարիր չէ ունենալ այսպիսի իշխանություն, մեր ժողովուրդն արժանի չէր սրան։

Իսկ ի՞նչ եք նկատում՝ հասարակության կողմից աջակցություն կա՞ իր այս նախաձեռնություններին։ Եվ 2026 թվականի ընտրություններում ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։

– Ես չեմ տեսնում լայն աջակցություն, միանշանակ է՝ չկա այդ աջակցությունը։ Բայց ես չեմ էլ տեսնում, որ ինքը մտահոգված է դրանով։ Ես չգիտեմ՝ ի՞նչ կարող է տեղի ունենալ առաջիկայում, սա քարոզարշավ չէ, չգիտեմ՝ ինչ է։ Ընդամենը 6 ամիս է մնացել ընտրություններին, արդյոք մարդը, ով փորձում է մնալ այդ պաշտոնին, կփորձի՞ այսպիսի քարոզարշավ տանել։ Էջմիածնում երեւում էր, որ ինքը համակիրներ չուներ, բերել էր այստեղից-այնտեղից, որոնք էլի չէին հավասարակշռում եկեղեցու պաշտպաններին։ Իսկ Հայաստանում ինքն ունի 100-200 անբարո քարոզիչներ, անամոթների մի խումբ, որոնք անում են այս ամենը։

Մեկ-մեկ ուղղակի մտածում եմ՝ իրոք իրենք ուզում են, որ մենք թրքանանք։ Ես չեմ ուզում պատկերացնել այնպիսի դժոխք, որ ընտրությունների արդյունքում նա նորից կարող է դառնալ վարչապետ։ Եվ ես դեռ չեմ էլ տեսնում այդ ընտրությունները, ինձ թվում է՝ մի նոր բան կա մտածված, որը մեզ բերելու է ցնցման։ Աստված օգնի մեզ, որ մենք դիմանանք այդ ամենին։ Այս մարդը դեռ իր դեմ է աշխատում, ոչ մի նորմալ տրամաբանություն ունեցող մարդ չի կարող մտածել, որ այս քայլերով ինքը քարոզարշավ է անում եւ իրեն առաջ է տանում։

Մամուլում լուրեր կան, որ առաջիկայում նոր հարձակում է սպասվում եկեղեցու դեմ։

-Չգիտեմ՝ ինչքանով են ճիշտ այդ տեղեկությունները, չեմ ընդունում այդ կանխատեսումները։ Բայց ամեն դեպքում՝ նաեւ պետք է պատրաստ լինենք։ Մենք այս օրերին կարդում ենք Էրդողանի կողմից ՀՀ կաթողիկոս նշանակելու մասին տեղեկությունները, եւ եթե թուրքական մամուլն այդ մասին գրում է, բնական է, որ այդ պայմանավորվածությունները կան։ Աստված զորացնի, որ մենք դիմադրենք այդ ամենին, մենք չպետք է հանձնվենք երբեք։ Աստված մեզ պետք է զորացնի, որ դիմանանք թշնամու հարձակմանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment