Քրեական վարույթ կա խանութի առնչությամբ, որը փակելու հրահանգ էր տվել Փաշինյանը

Քրեական վարույթ է նախաձեռնվել այն խանութի առնչությամբ, որը փակելու հրահանգ էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից։

Դեկտեմբերի 18-ի կառավարության նիստում Փաշինյանը խոսել էր անկանխիկ եղանակով առևտրից խուսափելու դեպքերից։ Նա մի խանութի օրինակ էր բերել, որտեղից, իր խոսքով, կառավարության աշխատակազմից առևտուր էին արել, բայց խանութում ասել էին, թե կանխիկով է վճարումը։

«Ինչ է նշանակում՝ Երևանի կենտրոնում վարչապետի աշխատակզմից գնան առևտուր անեն, իրենց ասեն՝ գիտես, ընգեր ջան, մեզ մոտ սենց է։ Այդ խանութում պիտի առևտուր չլինի, փակեք խանութը, քանի անձնական թույլտվություն չտամ՝ այն չի կարող բացվել»,- մասնավորապես նշել էր Փաշինյանը։

Պետական եկամուտների կոմիտեն  հայտնել է, որ Փաշինյանի կողմից նշված հարկ վճարողը «Ն․ Ս․» ընկերությունն է։ Ընկերության նկատմամաբ քրվարույթը նախաձեռնվել է դեռևս 2024 թվականի հոկտեմբերին՝ ՔՕրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (առանձնապես խոշոր չափերով hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ.):

ՊԵԿ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով բացահայտել է խոշոր հարկային խախտումներ և ապօրինի ներմուծման փորձեր։ ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունում ստվերային շրջանառությունից չի վճարվել 95,7 մլն դրամ հարկ։ Նշվում է, որ ընկերության կողմից փորձ է կատարվել մաքսանենգ ճանապարհով ներմուծել 97 տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, ինչը կանխվել է։ Ընկերության կողմից պետությանը պատճառված ընդհանուր վնասը գնահատվել է 64,5 մլն դրամ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 90 iPhone 16, ևս 277 հեռախոս իրացվել է առանց փաստաթղթերի։ Լրացուցիչ հաշվարկներով՝ բացահայտվել է լրացուցիչ 46,1 մլն դրամ չվճարված հարկ, հաշվարկը փոխանցվել է ՔԿ։

Leave a Comment