«Կոպիտ սխալ է այն մտքին տեր լինելը, որ պետք չէ այսօր խոսենք 29800 քառակուսի կիլոմետրից դուրս որևէ չափերի մասին մեր հայրենիքի»,- Ազգային համագործակցության կլոր-սեղանի կազմակերպչական խմբի նախաձեռնությամբ անցկացված «Ի՞նչ անել 2026 թվականի ընտրություններին ընդառաջ» խորագրով լսումների 2-րդ փուլի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Ըստ նրա՝ փաստորեն, անցած 30 տարիների կատարվածը այսինքն՝ քաղաքական ղեկավարության անխտիր բոլոր իշխանությունների կատարած հանցագործությունները, որոնք մոտավորապես այն տրամաբանության մեջ էին, որ փորձում էին իրենք իրենց մատի հետևում թաքնվել․ «Արցախի հարցի հետ կապված այդպես էլ 30 տարիների ընթացքում համարձակորեն տեր չկանգնեցին՝ համաշխարհային բեմերում ասելով, որ Արցախը Հայաստան է, որ ազատագրված տարածքները ոչ թե անվտանգության գոտի է, այլ հայրենի տարածքներ։ Այս պատճառով է, որ այսօր կորցրել ենք Արցախը։ Ցավոք, դա մեզ դաս չեղավ․ մենք՝ որպես ազգային գործիչներ նաև քաղաքականությամբ ենք զբաղված։ Սա մեր սեփական դուքյանը չէ, բոլորս էլ հաջողության ենք ուզում հասնել։ Պետք չէ փորձենք մեր մատի հետևում թաքնվել, երբեք չպիտի վարանել խոսելու մեծ ու հզոր Հայաստանից։ Այսօր չբարձրաձայնել, որ մենք այսօրվա 29800 քառակուսի կիլոմետր սահմաններով չենք, չենք կարող գոյատևել, մեր գոյությունը չենք կարող պաշտպանել»։
Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը զարմանում է, որ այսօր մարդիկ ասում են՝ միջազգայնորեն Հայաստանի համար գծված սահմանների մասին չխոսենք․ «30 տարի դեգերել ենք, դա դաս չէ, Արցախի շուրջ կազմավորվել էր միջազգային գերտերությունների նախագահությամբ Մինսկի խումբը, որը երեք սկզբունք էր ընդունել՝ ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն։ Հանցագործ Բաքվի խանությունը, խախտելով երեք դրույթները, Ռուսաստանի աջակցությամբ և Հայաստանի ղեկավարի օգնությամբ իրականացրեց ցեղասպանություն։ Ասում եք՝ չխոսենք այդ մասին․ ո՞վ խոսի մեր փոխարեն, ո՞վ պայքարի դրա դեմ։ Պետք է այդ մտայնությունից ձերբազատվենք, որի արդյունքում կամ հետևանքով մենք երեսուն տարի ոչինչ չարեցինք, ոչ պետություն կայացրինք, ոչ էլ Արցախին տիրություն արեցինք, որ հետո անցնեինք մյուսներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
