Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат»-ի թղթակցի հետ զրույցում ծավալուն մեկնաբանություն է տվել ռուսական ֆուտբոլի կարևորագույն իրադարձություններին՝ «Կրասնոդարի» չեմպիոնությանը, Էդուարդ Սպերցյանի առաջատարությանը, «Սպարտակում» տիրող իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի հեռանկարներին։
«Կրասնոդարի» երազանքն ու Գալիցկիի ծրագրերը
Անդրադառնալով «Կրասնոդարի»՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ՌՊԼ) նվաճած պատմական չեմպիոնությանը, Մովսիսյանը նշել է, որ անմիջապես շնորհավորել է ակումբին։
«Անհավանական է տեսնել, թե ինչի է հասել «Կրասնոդարը»։ Հիշում եմ ապագա չեմպիոնության մասին խոսակցությունները դեռ այն ժամանակ, երբ ես խաղում էի այնտեղ։ Սերգեյ Գալիցկին ուներ տարիների համար նախատեսված հստակ ծրագիր։ Հիանալի է տեսնել, որ նա և ակումբը հասան իրենց նպատակներին և իրականացրին երազանքները։ «Կրասնոդարը» դարձել է Ռուսաստանի լավագույն ակումբներից մեկը», — նշել է նախկին ֆուտբոլիստը՝ հավելելով, որ ուրախ է ինչպես Գալիցկիի, այնպես էլ թիմի յուրաքանչյուր խաղացողի համար։
Սպերցյանը՝ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ
Մովսիսյանը հատուկ առանձնացրել է Էդուարդ Սպերցյանի դերը թիմի հաջողության մեջ՝ նրան անվանելով առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
«Կարծում եմ՝ մարդիկ թերագնահատում են Սպերցյանին։ Նա Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է, և այս հարցում ոչ ոք չի կարող ինձ հակառակը համոզել։ Նա աչքի է ընկնում արդյունավետությամբ, հիանալի խաղով և, ինչը շատ կարևոր է, կայունությամբ։ Նախորդ մրցաշրջանում նա չեմպիոնական թիմի կարևորագույն օղակներից էր։ Հպարտ եմ Էդուարդով և նրա ձեռքբերումներով», — ասել է Մովսիսյանը։
Խոսելով ազգային հավաքականում Սպերցյանի դերի մասին՝ Մովսիսյանը նշել է.
«Նա նույնքան առաջատար է հավաքականում, որքան «Կրասնոդարում»։ Էդոն ամենաաղմկոտ անձնավորությունը չէ, կյանքում հանգիստ է, բայց խաղադաշտում նա «խոսում է» իր խաղով և շատ բարձր։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա Հայաստանի հավաքականի հենասյունն է»։
Կորդոբայի ռեկորդը և որակները
Յուրա Մովսիսյանը գովեստի խոսքեր է հղել նաև «Կրասնոդարի» կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբային, ով դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Ֆյոդոր Սմոլովի ցուցանիշը (68 գոլ)։
«Նրա արդյունավետությունը խոսում է ինքնին։ Ինձ շատ է դուր գալիս Կորդոբան՝ նրա ոճը և պահվածքը խաղադաշտում։ Նա իսկական մեքենա է և գրոհների հրաշալի եզրափակող։ Ցուցադրած թվերը վկայում են, որ նա այս պահին Ռուսաստանի առաջնության լավագույն հարձակվողն է», — ընդգծել է Մովսիսյանը։
«Սպարտակը»՝ փոփոխությունների ճանապարհին
Անդրադառնալով իր նախկին թիմին՝ «Սպարտակին», Մովսիսյանը մեկնաբանել է մարզչական փոփոխությունները։ Նոյեմբերի 11-ին Դեյան Ստանկովիչի հեռացումից հետո թիմը գլխավորել է Ռոմանովը։
«Ես ուզում եմ նայել ապագային։ Կարծում եմ՝ Ռոմանովի գալուստով «Սպարտակում» նոր կայծ է բռնկվել և դրական էներգիա հայտնվել։ Դիտելով վերջին խաղերն ու արդյունքները՝ տեսնում եմ, որ թիմը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Անկեղծ ասած, ես Ստանկովիչ-ֆուտբոլիստի մեծ երկրպագուն էի, և նրա էմոցիոնալ մարզչական ոճը նույնպես ինձ դուր էր գալիս։ Բայց հիմա «Սպարտակը» նոր մարզիչ ունի, և, դատելով խաղից, կարծում եմ՝ ներկայիս վիճակը թիմին ավելի է դուր գալիս», — նշել է նա։
Հայաստանի հավաքականի հեռանկարները և վստահությունը մարզչին
Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի մասին՝ Մովսիսյանը կոչ է արել համբերատար լինել և վստահել գլխավոր մարզիչ Մելիքյանին՝ չնայած բարդ ընտրական փուլին։
«Հայաստանի հավաքականի ընտրական խումբը չափազանց բարդ էր։ Չպետք է մոռանալ, որ մրցում էինք Պորտուգալիայի դեմ, որն աշխարհի երկրորդ կամ երրորդ, եթե ոչ՝ ամենաուժեղ հավաքականն է։ Հունգարիան և Իռլանդիան նույնպես բարձրակարգ թիմեր են։
Ուզում եմ շեշտել մեկ բան՝ ես իսկապես հավատում եմ մեր մարզչին։ Մելիքյանին ժամանակ է հարկավոր թիմի մենթալիտետը ձևավորելու և փոփոխություններ կատարելու համար։ Կարծում եմ՝ նա կարող է դա անել։ Առաջընթացն արդեն նկատելի է խաղադաշտում. ֆուտբոլիստները մոտիվացված են և հավատում են իրենց ուժերին։ Եթե Մելիքյանին ժամանակ տրվի, շուտով բոլորովին այլ թիմ կտեսնենք։
Գիտեմ, որ արդյունքները դեռևս լավագույնը չեն, բայց այս պահին չեմ ցանկանում կենտրոնանալ դրա վրա։ Թիմի խաղում շատ բաներ ստացվում էին, պարզապես ցավոք, մրցակիցը Պորտուգալիան էր։ Որպես նախկին ֆուտբոլիստ՝ տեսնում եմ Մելիքյանի կատարած ահռելի աշխատանքը և շատ լավատեսորեն եմ տրամադրված Հայաստանի հավաքականի ապագայի հանդեպ։
Այո, Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորություններն ավելացել են, բայց չմոռանանք, որ Հայաստանը խաղում է Եվրոպայում՝ ֆուտբոլային ամենաուժեղ մայրցամաքում։ Այլ մայրցամաքների ներկայացուցիչների համար ընտրական փուլն անցնելն ավելի հեշտ է, մինչդեռ Եվրոպայում դա երբեք հեշտ չի լինի։ Շատ ուրախ եմ Կյուրասաոյի, Ուզբեկստանի և մյուս փոքր երկրների համար, որոնք դուրս են եկել Աշխարհի առաջնություն։ Հրաշալի է, որ նրանք նման հնարավորություն ունեն։ Կարծում եմ՝ ոչ հեռու ապագայում մենք խոշոր միջազգային մրցաշարում կտեսնենք նաև Հայաստանի հավաքականին, թեպետ դա հեշտ ճանապարհ չի լինելու»