Արմենուհի Կյուրեղյան. «Երեկ հավատավոր հայ ժողովուրդը իր հավատարմությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա օրինավոր ու ազգընտիր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»

«Երեկ շատ կարեւոր օր էր մեր ժողովրդի, հանրության, հավատավոր հայ ժողովրդի կյանքում։ Ի՞նչ կատարվեց երեկ։ Ամենակարեւորը, որ երեկ հայ ժողովուրդը, հավատավոր հայ ժողովուրդը իր հավատարմությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա օրինավոր ու ազգընտիր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Վեհափառ Տիրոջը հանգստի կոչելու նպատակով երեկ Էջմիածնում նախատեսված նախաձեռնության տապալվելուն. «Սա ամենակարեւոր արձանագրումն է, քանի որ մենք ունենք իշխանության մի ղեկավար վարչապետ, որն ամեն օր քնից արթնանում եւ խոսում է, թե հայ ժողովուրդը չի վստահում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թե նա Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրյալը չէ։

Երեկվա իրադարձությունների մի քանի կարեւոր արձանագրություններ արեցին։ Նախ, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իր հետեւից հանել գոնե մի քանի հարյուր նիկոլականների։ Դա լրիվ ապացուցվեց։ Ասում են՝ 100-120 քաղաքացի, այն էլ՝ երեւի սոցիալապես կախվածության մեջ գտնվող։ Գուցե, մի քանի տասնյակն էլ իրապես նվիրված նիկոլական են՝ բան չունեմ ասելու։ Եթե դրան էլ գումարենք մի քանի հարյուր ոստիկանները տարբեր ոճի քաղաքացիական, ոստիկանական համազգեստներով, մի քանի պաշտոնյաներ, որոնք պաշտոնը կորցնելու վախից ստիպված էին այնտեղ եղել, ըստ էության ապացուցվեց, որ Նիկոլը իր թիկունքում իրեն վստահող քիչ զանգված ունի։ Դա ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր, որ երեկ բացահայտորեն ցուցադրվեց։

Երեկ այդ ցուցադրությանը, ըստ էության նպաստեցին այն 10 տիրադավները, իհարկե, նաեւ նրանց ներքին հրահանգ տվող Նիկոլ Փաշինյանը։ Ինքը երեւի ուզում էր համոզվել, թե ինչ ուժ է կանգնած իր հետեւից, ինչքան մարդ կգա իր հետեւից եւ համոզեց 10 տիրադավներին, որոնք իրենց անունից նման կոչ արեցին։ Նիկոլ Փաշինյանն այդտեղ էլ խորամանկ գտնվեց եւ այդտեղ էլ, այսպես ասած, «քցեց» այդ 10 տիրադավներին։ Եվ երեկվա իրենց պարտությունը գցեց նրանց գրպանը։

Մի կարեւոր բանի մասին էլ եմ ուզում խոսել։ Երեկ հինգշաբթի էր, ու մենք շատ լավ գիտենք, որ Նիկոլը միշտ սիմվոլների հետեւից է գնում։ Հուդայի դավաճանությունն էլ է հինգշաբթի օրով եղել։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ մի պատահական օր, ոչ մի պատահական ժամ չի ընտրվում Նիկոլի գործողությունների իրականացման համար։ Երեկվանն էլ պատահական չէր»:

«Ապացուցվեց մի կարեւոր բան. Հայ առաքելական Եկեղեցին այն ուժն է, որն իր շուրջ կհամախմբի, ի զորու է համախմբել տարբեր քաղաքական ուժերի, այս իշխանությունից ազատվելու տարբեր մոտեցումներով ուժերի, կառույցների, անհատների։ Շատ կարճ ժամանակում մոտավորապես 10 հազար մարդ անմիջապես հավաքվեց Մայր Աթոռի տարածքում, որովհետեւ նրանք պատրաստ էին կանգնել մեր Կաթողիկոսին պաշտպանելու, պատրաստ էին կանգնել մեր եկեղեցին պաշտպանելու։ Եվ սա շատ կարեւոր ուղերձ էր հենց Նիկոլ Փաշինյանին, հենց նրանց տերերին, հենց նրանց կոչով արտաքին միջամտություն իրականացնողներին, որ այո, եկեղեցին այն ուժն է, որից վախենում է Նիկոլը, որ եկեղեցին իրոք այն ուժն է, որն իր շուրջը համախմբելով հայ ժողովրդին՝ կարող է իրեն վռնդել վարչապետի աթոռից։

Սա ամենալուրջ վտանգն է, որ տեսնում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցուց եւ սա է պատճառը, որ Նիկոլը իր հիստերիաների, կապրիզների վերջին սահմանագծերն էլ օգտագործելով ուզում է ամեն ինչ անել կաթողիկոսին հեռացնելու , Մայր Աթոռը, Հայ Առաքելական Եկեղեցին վարկաբեկելու համար»,-ասաց պատգամավորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment