Ինչ գաղտնիքներ է ամփոփում «Երեւան մոլի» տարածքում գտնվող Ուրարտական դամբարանը

Քչերը գիտեն, որ «Երեւան մոլի» տարածքում է գտնվում Երեւանի ուրարտական (բիայնական) դամբարանը, որը 1984 թ․ բացվել է շինարարական աշխատանքների ժամանակ: Պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանը, որն այդ մասին հոդված է հրապարակել Պատմաբանասիրական հանդեսում, Aravot.am-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ հայտնեց:

Նախ` նրանից տեղեկացանք, որ Միքայել Բադալյանի համակարգմամբ է «Երեւանի ուրարտական ժառանգությունը» ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Երեւանի ուրարտական ժառանգությունը ցանկում ընդգրկված է 3 հուշարձան՝ Էրեբունին, Կարմիր բլուրը եւ Երեւանի Ուրարտական դամբարանը:

«Եթե Էրեբունին, Կարմիր բլուրը բավական հայտնի են, ապա Ուրարտական դամբարանը՝ ոչ այնքան: Վերջին ժամանակաշրջանում մենք աշխատում ենք այս հուշարձանի հանրահռչակման ուղղությամբ: 1984 թվականին է ուրարտական դամբարանը պեղվել, տարածքում եղել է ավտոագրեգատների գործարան: Շինարարական աշխատանքների ժամանակ բախվել են դամբարանի ծածկասալերին, որից հետո աշխատանքները դադարեցրել են, իրականացվել են պեղումներ, որոնց արդյունքում էլ գտնվել է ուրարտական ժամանակաշրջանի յուրահատուկ մոնումենտալ ստորգետնյա դամբարանը, որը բացառիկ է ամբողջ տարածաշրջանի, Հարավային Կովկասի համար: Գտնվել են նաեւ բազմաթիվ իրեր, աճյունասափորներ»,-տեղեկացրեց Միքայել Բադալյանը:

Հնագետը հայտնեց դամբարանից գտնված 3 տուֆե բեկորների վրա՝ գրային նշանների մասին: Նրա խոսքով, չնայած դամբարանի վերաբերյալ առկա են մի քանի համապարփակ աշխատություններ, սակայն դրանցում չկա անդրադարձ դամբարանի մուտքի ճակատային հատվածի քարերից մեկին եւ նույն ճակատային հատվածի դիմաց հայտնաբերված տուֆե 2 քարաբեկորներին արված անհայտ գրային նշաններին: Հավելեց, որ հետազոտողներից միայն Արտակ Մովսիսյանն իր աշխատանքներում որոշակի անդրադարձ կատարել տուֆե բեկորի գրին:

«Վերջին ժամանակաշրջանում թեման իմ ուշադրության կենտրոնում էր: Ես պարբերաբար այցելում էի Երեւանի Բիայնական դամբարան, նաեւ, երբ Էրեբունիում էի աշխատում, որտեղ գտնվում է պեղածո նյութի մի մասը»,-նշեց Միքայել Բադալյանը:

Խոսելով գտնված քարաբեկորների, մասնավորապես դամբարանի մուտքի ճակատին գտնվող տուֆե բեկորի մասին, գիտնականը նշեց, որ իր կարծիքով՝ գործ ունենք գրային համակարգի հետ. «Ես սկսեցի սիստեմավորել, կազմել աղյուսակներ, փնտրել զուգահեռներ: Դամբարանի տարածքից ունենք 12 գրային նշան, չի բացառվում, որ դա ուրարտական կամ հետուրարտական ժամանակաշրջանում է կերտվել: Այս գրային համակարգին շատ բնորոշ են եռանկյունիներ հիշեցնող աջ կամ ձախ թեքված նշանները, կետերը եւ ուղղահայաց կամ հորիզոնական գծերը:

Եռանկյունաձեւ նշանները հիշեցնում են Աքեմենյան սեպագրում կիրառված նմանատիպ նշանները: Իսկ հայկական լեռնաշխարհը այն եզակի տեղերից է, որտեղից գտնվել է Աքեմենյան ժամանակաշրջանի սեպագիր: Նշենք, որ Վանում եւս ժայռերից մեկի վրա Քսերքսես արքայի եռալեզու սեպագիր արձանագրությունը կա՝ հին պարսկերեն, էլամերեն, բաբելոներեն: Ըստ երեւույթին, մեր լեռնաշխարհի բնակիչները ծանոթ են եղել նաեւ Աքեմենյան սեպագիր գրային ոճին: Չի բացառվում, որ գործ ունենանք ուրարտական կամ հետուրարտական ժամանակաշրջանում՝ Երվանդունիների եւ Աքեմանյանների ժամանակաշրջանում ստեղծված տեղային գրային համակարգի հետ, որը կիրառվել է մեր մայրաքաղաք Երեւանի տարածքում:

Հետաքրքիր է, որ այդ գրային նշաններից մի քանիսը ուղղակիորեն կրկնվում են հայկական միջնադարյան ծածկագրության մեջ: Նշաններից մեկը մեր միջնադարյան սյունակետագիր ծածկագրության ճ տառին է համապատասխանում, մյուսը՝ գ տառին: Մենք ունենք ձախ նայող եռանկյունիներ, որոնք հայկական մեկ այլ տիպի ծածկագրության մեջ են կիրառվել են: Չենք բացառում, որ այս նշանները կարող են ստեղծված լինել միջնադարում, եւ տառերը կարող են լինել ճգնավոր բառի հապավումը, մանավանդ որ այդ տարածքում պեղվել են նաեւ այլ դամբարաններ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնելով, որ Արգիշտի Առաջինը Էրեբունին կառուցելիս 6600 ռազմագերի էր բերել, Բադալյանը նշում է, որ գործ ունենք մեր տեղական էթիունյան գրային համակարգի հետ եւ կամ այն ցեղերի, որոնց Արգիշտին բնակեցրել Էրեբունիում:

Նա փաստեց, որ Արեւմտյան Հայաստանում եւս կան նմանատիպ դամբարաններ Երզնկայի մոտակայքում գտնվող Ալթըն-Թեփե հնավայրում, այնտեղ իրերից մեկի վրա առկա է հիերոգլիֆ գիր: «Հետաքրքիր է, որ երկու իրար նման այդ դամբարաններում կան գրեր, որոնք սեպագրեր չեն: Այս ամենը շատ հեռուն գնացող, մեր հայագիտության մեջ շատ կարեւոր նվաճում կարելի է համարել: Մենք փաստում ենք, որ Երեւանի տարածքում ֆիքսվել են 12 գրային նշաններ՝ նույն տարածքից, նույն կառույցի հետ առնչվող: 12 գրային նշանների առկայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Երեւանի տարածքում ունեցել ենք որոշակի գրային համակարգ: Այբուբեններ կան, որ ունեն 22 նշան, այս պարագայում սա կես այբուբեն է համարվում»,- նշեց հնագետը:

Ի թիվս այլնի՝ նա անդրադարձավ չափազանց կարեւոր մի ծրագրի, որ իրականացվում է իր գործընկեր Հենրիկ Դանիելյանի հետ, խոսքը Ուրարտական ժամանակաշրջանի տարբեր հուշարձանների եռաչափ վերակազմությունների անիմացիաների ստեղծումն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարում՝ Թեյշեբաինի ամրոցի կարասային սրահներից մեկի մի հատվածի եռաչափ վերակազմությունն է:

Լուսանկարները՝ Պատմաբանասիրական հանդեսից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment