Թրամփի «կռվախնձորը». Մոսկվան էլ է ուզում TRIPP-ից օգտվել

Հայաստանի շահերն ինչպե՞ս են պաշտպանվելու, հարեւանների ու գործընկերների հետ հարաբերությունները այդ համատեքստում` ամրապնդվելո՞ւ են, թե՞ նոր բաժանարար գծեր են առաջանալու

«Թրամփի ուղու» առնչությամբ որոշակի զգուշավորություն պահպանելուց հետո Մոսկվան վերջապես հստակ դիրքորոշում արտահայտեց` հասկացնել տալով, որ առանց Ռուսաստանի մասնակցության այն չի կարող գործարկվել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է. «Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը: Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով»:

Ըստ հայաստանցի պաշտոնյաների՝ TRIPP-ով հաղորդակցության տարբեր ենթակառուցվածքներ են գործելու, այդ թվում՝ երկաթուղի, էլեկտրագծեր, գազի, նավթի խողովակաշարեր, մալուխներ: Երկաթուղին, ինչպես հայտնել էր Փաշինյանը, անցնելու է Սյունիքով՝ խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երթուղով:

Ռուսաստանից այս բավական թափանցիկ ձեւակերպումների ֆոնին կարելի է ենթադրել, որ Մոսկվան Օվերչուկ-Գրիգորյան-Մուստաֆաեւ աշխատանքային խմբի շրջանակներում կարող է երթուղուների վերաբերյալ քննարկումները հեշտորեն տեղափոխել դեպի` «Թրամփի ուղի» գործարկման դաշտ:

Ակնհայտ է, որ «Թրամփի ուղին» կամաց-կամաց դառնում է մի նոր «կռվախնձորի» թեմա: Հարեւան Իրանից օրերս դարձյալ այս թեմայով հերթական անհանգստությունն արտահայտեցին:

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ, նրան է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները:

Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարեւան պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը: «Անդրադառնալով տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին՝ դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «Թրամփի ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա եւ ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության ու տնտեսական զարգացման համար: Դեսպանը նաեւ վերահաստատել է, որ Երեւանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը եւ փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները:

Բացի հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությունից, սակայն հայտնի դարձավ, որ Վելայաթին դեսպան Հակոբյանի հետ հանդիպմանը նշել է, որ «Կովկասի համար «Թրամփի ուղին» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը», հավելելով, որ Թեհրանը կտրականապես դեմ է դրան: Նա շեշտել է, որ Իրանը ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն: Վելայաթին պնդել է, որ «միջանցքը կարող էր հնարավորություն տալ ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսում՝ լուրջ անվտանգային ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսի եւ Ռուսաստանի հարավի համար»: Նա հիշեցրել է, որ երբ Զանգեզուրի միջանցքի նախագիծը առաջ քաշվեց, անգամ այն պայմաններում, երբ Ռուսաստանն Ուկրաինայով էր խիստ զբաղված, Թեհրանը վճռական ընդդիմացել է ծրագրին, հայտնելով, որ ՌԴ-ի հետ, թե առանց նրա, կանխարգելելու է այդ նախագծի իրագործումը։ «Փորձը ցույց է տվել, որ ամերիկացիները նախ տնտեսական ծրագրերի անվան ներքո մուտք են գործում զգայուն տարածաշրջաններ, բայց հետո նրանց ներկայությունը ռազմական ու անվտանգային ասպեկտներով է ընդլայնվում։ Ցանկացած ծրագրի անվան տակ Իրանի սահմաններին ԱՄՆ ներկայությունը անվտանգային հստակ հետեւանքներ ունի»,-ասել է Վելայաթին։

Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ից նշյալ թեմայով «Ազատությանը» փոխանցել են, թե Երեւանի դիրքորոշումը հայտնի է: Իսկ ԱԺ-ի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով Թեհրանից հնչող մտահոգություններին՝ օրերս նշել է. «Ո՛չ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ: Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայունությունները»:

Ռուբինյանը հայտարարել է, թե հայկական կողմը կարծում է՝ այդ առումով իրանական կողմի համար չկա անհանգստացնող որեւէ հանգամանք. «Մենք հաշվի առնում ենք մեր հարեւանների բոլոր կենսական շահերը, եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են, մենք չենք կարծում, որ կա որեւէ անհանգստանալու բան: Եվ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա, եւ Իրանի «կարմիր գծերը» նույնպես հաշվի առնված են»: Ի դեպ, նա նաեւ պնդել է, որ «Թրամփի ուղու» նախագծում ռուսների հետ նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։

«Թրամփի ուղու»` Հայաստանի համար առավելությունների թեմային է օրերս անդրադարձել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը` CivilNet-ին տված հարցազրույցում: «Սա իսկապես ազդեցիկ նախագիծ կդառնա, եթե օգտագործվի երկաթուղու այն հատվածը, որը Նախիջեւանով անցնում է, վերադառնում է Հայաստանով՝ Շիրակով, Կարսով դեպի Թուրքիա, եւ այնտեղից ուր էլ որ գնա, քանզի Թուրքիան բավականին զարգացած երկաթուղային ցանց ունի»,- ասել է դեսպանը։ Նա հայտնել է նաեւ, որ ԱՄՆ-ն այս հարցով ուղիղ աշխատում է Թուրքիայի հետ՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես աշխատում է Թուրքիայի հետ՝ փորձելով իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ տեսլականն իրականացնելու համար։ «Ստեղծելով անվտանգ, ապահով ճանապարհ թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, որը կանցնի Նախիջեւանով, ապա Հայաստանով՝ դեպի Գյումրի եւ Թուրքիայի Կարս նահանգ, կբացվի տարանցիկ ճանապարհ, որն արեւելքը կկապի արեւմուտքին եւ հակառակը, ինչից կօգտվեն գրեթե բոլոր երկրները, որտեղով կանցնի այդ ճանապարհը: Եվ ես կասեի, որ Հայաստանը, թերեւս, ավելի շատ կօգտվի, քան մյուսները, քանզի վերջին 30 տարուց ավելի Հայաստանի արեւելյան եւ արեւմտյան սահմանները փակ են եղել»,- ասել է Քրիստինա Քվինը։

Ներկայացնելով TRIPP-ի հարցում ԱՄՆ տեսլականը՝ դեսպանն ընդգծել է, որ այն երթուղի է, որը կօգնի կապել արեւելքն արեւմուտքին, արեւմուտքը՝ արեւելքին, վերջնական արդյունքում՝ Կենտրոնական Ասիան՝ Արեւմտյան Եվրոպային։ Նրա համոզմամբ՝ Կովկասը երկար ժամանակ այդ երթուղու համար խոչընդոտ է եղել աշխարհաքաղաքական տարբեր պատճառներով։ «TRIPP-ի մշակմանը զուգընթաց, տեսլականն այն է, որ այն կմշակվի Միացյալ Նահանգների հետ՝ ինչ-որ համատեղ ձեռնարկության միջոցով, որի ստեղծման ուղղությամբ հիմա աշխատում ենք։ Հայաստանը մշտական տեղ կունենա բանակցությունների սեղանի շուրջ՝ դրա զարգացմանը նպաստելու եւ ապահովելու, որ իրականում պահպանվեն իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ իրավասությունը: Այնպես որ, կարծում եմ՝ TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին, որ այն չի բախվի այն խնդիրներին, որոնց մասին կային մտահոգություններ»,- պարզաբանել է ԱՄՆ դեսպանը։ Դեսպանը, միեւնույն ժամանակ, Հայաստան-Իրան տրասնպորտային ցանցերի համար TRIPP-ի ծրագիրը որպես խոչընդոտ չի դիտարկել:

Այսպես, «Թրամփի ուղու» շուրջ կրքերը գնալով թեժանում են, այն արդեն իսկ շահերի բախման կիզակետում է հայտնվել: Հայաստանի շահերն ինչպե՞ս են պաշտպանվելու, հարեւանների ու գործընկերների հետ հարաբերություններն այդ համատեքստում` ամրապնդվելո՞ւ են, թե՞ նոր բաժանարար գծեր են առաջանալու:

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններին «Թրամփի ուղով», իհարկե, ընձեռվել է մանեւրելու, բանակցելու, աշխատելու հսկայական դաշտ, սակայն մշուշոտ է հարցի պատասխանը, թե որքանով են Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանվելու:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment