Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ դատախազությունն ընդդեմ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գործով դատական նիստը։ Այս տարվա սեպտեմբերին դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ եւս մեկ հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Այս հայցով դատախազությունը պահանջում է հարկադիր դադարեցնել Կճոյանի՝ հողամասի կառուցապատման իրավունքը։ Հողամասը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ Կճոյանը հողամասի կառուցապատման թույլտվությունը ստացել է դեռեւս 13 տարի առաջ՝ 2012 թվականին։
Այսօրվա նիստում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց, որ դատական նիստն անցկացվի դռնփակ ռեժիմով։ Սակայն դատավոր Կարապետ Բադալյանը թույլատրեց նիստն անցկացնել դռնբաց։ Դատավորը որոշեց, որ միայն Կճոյանի փաստաբանին չեն տեսանկարահանի լրատվամիջոցները։
Կճոյանի պաշտպանները հայցի վաղեմության ժամկետի կիրառման միջնորդություն էին ներկայացրել։
Այսօր միջնորդություն ներկայացրեց հանրային մեղադրողը՝ նշելով, որ Գլխավոր դատախազությունը դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ պահանջելով տրամադրել տեղեկություն Երեւանի Սուրբ Աբգար թագավորի փողոց 77/2 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատում իրականացնելու փաստի վերաբերյալ։
«Եվ ի պատասխան տվյալ գրության՝ Երեւանի քաղաքապետարանը 2025 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ նշել է, որ իրավասու ստորաբաժանման աշխատակիցների կողմից կատարված ակնադիտական տեղազննության արդյունքում պարզվել է, որ Սուրբ Աբգար թագավորի փողոց 77/2 հասցեում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։ Միաժամանակ նշվել է նաեւ, որ տվյալ հասցեի վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ առկա չեն։ Այսպիսով՝ Գլխավոր դատախազությունը՝ որպես հայցվոր, Սուրբ Աբգար թագավորի փողոց 77/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցապատում իրականացրած չլինելու փաստի մասին հաստատապես իմացել է իրավասու մարմնին հասցեագրած հարցման պատասխանը ստանալու պահից, այն է՝ 2025 թվականի օգոստոսի 21-ից»,- ասաց նա՝ խնդրելով դատարանին այս գործով հայցի վաղեմության ժամկետի կիրառման միջնորդությունը մերժել։
Կճոյանի պաշտպանը չպատասխանեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությանը՝ ասելով, որ այս պահին հարցեր չունի։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա 2026 թվականի հունվարի 16-ին։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը դեռեւս 2024թ․ սեպտեմբերի 6-ին մերժել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: