Սանվել Կարապետյանն արդեն կես տարի է, ինչ բանտում է գտնվում առանց դատարանի որոշման, դա վատ ազդակ է. Կալուգին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանությունը հնարավորություն է ստացել հյուպատոսական այցելություններ իրականացնել «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին։

«Վերջին անգամ մեր դիվանագետները Կարապետյանին այցելել են դեկտեմբերի սկզբին։ Նա հայտնում է բավարար ինքնազգացողության մասին, լավատեսություն է ցուցաբերում և մարտական ոգի», – «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի ղեկավարը։

Խոսելով Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի հետևանքների մասին՝ Կալուգինն ընդգծել է․ «Կարապետյանն արդեն կես տարի է, ինչ բանտում է գտնվում առանց դատարանի որոշման։ Մենք տեղեկացնում ենք այն ազդակների մասին, որ նման իրավիճակում մեր գործարարները սկսել են զգուշավոր կերպով գնահատել Հայաստանում իրականացվող նախագծերի հեռանկարները, հարցեր են տալիս ներդրումային միջավայրի կայունության մասին, ինչը հազիվ թե նպաստի երկկողմ առևտրի աճի դինամիկայի պահպանմանը», – նշել է Կալուգինը։

Հիշեցնենք, որ հայտնի գործարարն ու ազգային բարերարը իրավապահների թիրախում հայտնվց, եր հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցուն իշխանության արշավից պաշտպանելու խոսքով: Նա ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին», – հայտարարել էր Սամվել Կարապետյանը։

Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացավ՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը:

Ազգային բարերար Սամվել Կարապետյանը հերքում է ինչպես տնտեսական, այնպես էլ իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքները:

Leave a Comment