Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նոր հանգամանքի հիմքով վերանայել և վերացրել է նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցման մասին իր նախկին որոշումները: Iravaban.net-ը ուսումնասիրել է 2025 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ԲԴԽ թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշումը և ներկայացնում է մանրամասն իրավական վերլուծություն:
Գործընթացի նախապատմությունը
2023 թվականի հուլիսի 3-ին ԲԴԽ-ն ընդունել էր թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը, որով դադարեցվել էին դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: Դատավորի լիազորությունները դադարեցվել էին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա միջնորդության հիման վրա:
2024 թվականի հոկտեմբերի 18-ին ԲԴԽ-ն ընդունել էր նաև թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը, որով 03.07.2023թ. ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չի վերանայել:
2025 թվականի հոկտեմբերի 28-ին Դավիթ Հարությունյանը դիմել է ԲԴԽ՝ խնդրելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածով սահմանված կարգով վերանայել ԲԴԽ-ի 2023 թվականի հուլիսի 3-ի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները:
ԲԴԽ-ն որոշել է դիմումի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով: Դիմումի քննության համար զեկուցող է նշանակվել ԲԴԽ անդամ Աշոտ Հայրապետյանը: Արդարադատության նախարարը ներկայացրել է պատասխան գրություն, որը հաշվի է առնվել քննության ընթացքում:
2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացած նիստում դիմումի քննությունն ավարտվել է և որոշման հրապարակման օր է նշանակվել 2025 թվականի դեկտեմբերի 12-ը:
Սահմանադրական դատարանի որոշումները և դրանց նշանակությունը
ՍԴՈ-1729 որոշումը (21.05.2024)
Դավիթ Հարությունյանը 2024 թվականի հունվարի 3-ին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը 21.05.2024 թվականի մայիսի 21-ին կայացրել է ՍԴՈ-1729 որոշումը, որով արձանագրել է, որ.
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որի համաձայն «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարդատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացման։
- Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերնայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90 հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամաբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով, – հայտնում է Iravaban.net-ը։
ՍԴՈ-1791 որոշումը (29.07.2025)
Դիմողը՝ Դավիթ Հարությունյանը, 2024 թվականի օգոստոսի 20-ին դիմել է ԲԴԽ-ին և խնդրել Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել 03.07.2023թ. թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը:
ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կայացրել է ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը՝ 03.07.2023թ. թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին:
Դավիթ Հարությունյանը կրկին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը 2025 թվականի հուլիսի 29-ին կայացրել է ՍԴՈ-1791 որոշումը, որի հիմնական դրույթներն են՝
- 1.«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրությանը համապատասխանում է այն հիմնավորմամբ, որի համաձայն՝ դատավորերին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր պարտականությունն է:
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերնայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը՝ Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
- Սահմանադրության 170 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վրջնական է և ուծի մեջ է մտնում հրապարակման պահից , – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Իրավական վերլուծություն
ԲԴԽ-ն, ուսումնասիրելով դիմումը, դրա հիմքերն ու հիմնավորումները, Արդարդատության նախարարի պատասխանը, արձանագրել է հետևյալը.
Օրենսգրքի 156.1-րդ հոդվածի կիրառումը
Օրենսգրքի 156.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքները քննում և դրանց վերեբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունը իրականացնել նիստում։ Բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բողքի քննությունը կատարվումև որոշումը կայացվում է բողոքը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Օրենսգրքի 157-րդ հոդվածի կիրառումը
Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման վերանայելու համար, եթե՝ Սահմանադրական դատարանը կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ Սահմանադրությանը համապատասխան, սակայն դրույթն իր մեկնաբանությամբ ճնաչելով Սահմանադրությանը համապատասխան հանձյուրը և անվավելի կամ Սահմանադրությանը համապատասխանող, միաժմանակ գտնել է, որ այն անձի նկատմամաբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու դիմումը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կամ այն դատավորի կողմից, որի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմումը ներկայացրած անձը, , – հայտնում է Iravaban.net-ը։
ԲԴԽ-ի եզրակացությունները
Վերոնշյալ իրավակարգավորումների, իրավական դիրքորոշումների և ԲԴԽ քննությամբ արձանագրած փաստական հանգամանքների, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 և 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշումներով հայտնված դիրքորոշումների, այդ թվում՝ գործող իրավակարգավորումների խախտման և Դատավորի արդար դատաքննության իրավունքի սահմանափակման վերաբերյալ եզրահանգումների հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ առկա է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանքով Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու հիմք:
Ուստի վերոնշյալ որոշումները ենթակա են վերացման, իսկ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված նոր որոշման կայացումը հնարավոր է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության նոր քննության արդյունքում, որով պայմաններում էլ միայն հնարավոր կլինի անդրադառնալ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառմանը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հիմք ընդունելով վերոգրյալը, ԲԴԽ-ն որոշել է՝
- Նոր հանգամանքի հիմքով վերանայվել՝ վերացնել Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը:
- Նոր հանգամանքի հիմքով վերանայվել՝ վերացնել Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը:
- Նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 14:00-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (ք. Երևան, Կորյունի 17):
- Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է, – հայտնում է Iravaban.net-ը։
Ամփոփում
ԲԴԽ թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշումը կայացվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի հիման վրա, որը թույլ է տալիս վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը, երբ Սահմանադրական դատարանի որոշման միջոցով հիմնավորվել է Սահմանադրության խախտման կամ դրույթի այլ մեկնաբանությամբ կիրառման փաստը:
ԲԴԽ-ն արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1729 և ՍԴՈ-1791 որոշումները հիմք են հանդիսանում դատավորի արդար դատաքննության և այլ սահմանադրական իրավունքների խախտման կամ օրենքի այլ մեկնաբանությամբ կիրառման փաստը հաստատելու համար, ուստի նախկին որոշումները ենթակա են վերանայման:
Որոշմամբ նախատեսվում է նոր նիստի նշանակում՝ 2025թ. դեկտեմբերի 22-ին, որի ընթացքում կքննարկվի Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի միջնորդությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական պատասխանատվության հարցի վերաբերյալ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։