Լիդյա Մանթաշյանին կալանքից ազատելու դեպքն ապացույց է, որ հանրային ճնշումը կարեւոր է՝ որոշումների համար, անգամ դատավորի, ով մի քանի օր առաջ կալանքի որոշում էր կայացրել․ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Ո՞ւր են տանում հանրային տրամադրությունները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։ Նույն դրսեւորումը, ըստ նրա եղավ Գյումրիում, Յոթ վերք եկեղեցում, որտեղ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգին ու ծիսակարգին հակասող բան էր տեղի ունենում, եւ գյումրեցիները դրան անտարբեր չմնացին։ Դրա լավագույն պատասխանը Սուրբ Հովհաննես եկեղեցու լեփ-լեցուն պատարագն էր։
Բանախոսի գնահատմամբ՝ իշխանությունը, նրա սպասավոր հոգեւորականները Գյումրիում բախվեցին հասարակության իրական կարծիքի հետ։
Փաստաբանը նաեւ արձանագրում է՝ հասարակության իրավագիտակցությունն է բարձրացել վերջին շրջանում․ մենք ունեք հասարակություն, որն իրավական խնդիրների վերաբերյալ անտարբեր չէ, ակտիվ է, եւ այդ ակտիվությունը դրական առումով կարող է ազդեցություն ունենալ հետագա նաեւ քաղաքական զարգացումների վրա․ «Ցանկացած պաշտոնյա պետք է հասկանա, որ որոշում կայացնելով՝ կարող է բախվել հանրային կարծիքի հետ, որը կարող է նաեւ դաժան լինել»։
Նա համամիտ է՝ ընդդիմադիր ձախողված շարժումները բերել են հասարակության անտարբերության, բայց կա հիմնական շերտ, որը շարունակում է ակտիվ լինել, եւ եթե այդ շերտի հետ գրագետ աշխատանք տարվի՝ արդյունքը միանշանակ կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում.
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն էլ իր խոսքում ասաց․ «Կան հոգեւորականներ, որոնց հետ կապված ես հարցեր ունեմ, այնպես չէ, որ իմ կյանքում ես հիասթափություններ չեմ ունեցել, բայց հարցն այն է՝ բարձրացված աղմուկը համազո՞ր է իրականությանը»։
Նա տարակուսած է՝ ինչո՞ւ հանրային աղմուկ եւ դժգոհություն չի առաջանում այն հարցով, որ օրինակ, հարեւան Վրաստանում կյանքի համար խիստ կարեւոր դեղերը Հայաստանից երեք անգամ էժան են, երբ թոշակը Վրաստանում 1,5 անգամ բարձր է, քան Հայաստանում, Արցախից 150 հազար մարդ իր ամեն ինչից զրկվել է, եւ որ հարց է բարձրացվում, խուզարկություն են անում Արցախի ներկայացուցչությունում․ «Վառվող մեծ կրակ չի՞, սրա վերաբերյալ բան չկա՞ անելու, բա ո՞ւր է ծուխը, ծուխը չկա»։
Ուստի, ըստ բանախոսի, պարզ է, որ ՀԱԵ շուրջ կրակն իշխանությունները վառել են, որ մարդիկ այլ կրակները չտեսնեն․ «Հետաքրքիր է՝ Հայաստանում գործող այլ կրոնական կազմակերպություններում չկա՞ն խնդիրներ, ինչո՞ւ դրանք չեն բարձրաձայնվում։ Մեկ այլ հարց է, թե ով է ՀԱԵ բարեվարքության հարցերը բարձրացնում, նրա վարքը դա թո՞ւյլ է տալիս․ բարեվարքությունից է խոսում, հետո ասում է՝ հրավիրում եմ իմ ընդունարան՝ ապացուցեմ՝ թլպատված եմ, թե ոչ»։
Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ ատելության միջոցով կառավարելը հեշտ է, ուստի իշխանությունները հասարակությունը ատելությամբ բաժանում են խմբերի, որ հեշտ կառավարեն։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: