«Ազատություն հայ ռազմագերիներին»,- այս կոչերով բողոքի ցույց անցկացվեց Բեռլինում՝ Գերմանիայի կանցլերի գրասենյակի դիմաց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ։
Նշենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Բեռլինում։
Տասնյակ ցուցարարներ Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներով պաստառներով Գերմանիայի կանցլերի գրասենյակի շենքի առաջ են։
Նրանք պահանջում են Բաքվում գտնվող բոլոր հայ պատանդների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում և նրանց հետապնդումների դադարեցում, խոսքի ազատության ապահովում՝ որպես սահմանադրական իրավունք, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների դադարեցում, պետություն և եկեղեցի սահմանադրական բաժանման հարգում, բոլոր ձերբակալված արքեպիսկոպոսների և հոգևորականների ազատ արձակում, Հայաստանում բոլոր «գրավված» եկեղեցիների ազատագրում և դրանց վերադարձ իրենց օրինական տիրոջը՝ Հայ առաքելական եկեղեցուն, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և դատական համակարգի կողմից ընդդիմության անդամների նկատմամբ ճնշումների դադարեցում, Լեռնային Ղարաբաղից/Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների հարգում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


