Վստահ եմ՝ 5-10 տարում Նոան կդառնա եվրոպական մակարդակով շատ լուրջ ակումբ․ Պերկովիչ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի չորրորդ տուրում շոտլանդական «Աբերդինը» կհյուրընկալի Հայաստանի չեմպիոն «Նոային»։

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նախախաղային ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։

– Եթե նայենք Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության մրցաշարային աղյուսակին, կտեսնենք, որ «Աբերդինը» ունի 1, իսկ «Նոան»՝ 4 միավոր։ Կարո՞ղ ենք ասել, որ «Նոան» ֆավորիտ է։

«Սա կարճ մրցաշար է՝ ընդամենը 6 խաղով։ Երեք միավորի տարբերությունն այդքան էլ մեծ չէ։ Կարծում եմ, որ «Աբերդինի» մարզադաշտում ցանկացած թիմի համար դժվար է ֆավորիտ լինել։ Սակայն մենք վստահաբար կարող ենք ասել, որ խաղալու ենք հաղթանակի և 3 միավորի համար»։

– Որո՞նք են «Աբերդինի» ուժեղ և թույլ կողմերը։

«Կարծում եմ՝ «Աբերդինը» շատ լավ թիմ է՝ որակապես բարձր խաղացողներով։ Նրանց մարզիչը շատ լավ աշխատանք է կատարում, և դա ինձ չի զարմացնում, քանի որ նա նախկինում գլխավորում էր «Էլֆսբորգը»։ Կախված խաղից՝ նրանք սովորաբար գործում են 5-2-3 կամ 5-4-1 սխեմաներով։ Սա մեզ համար դժվար հանդիպում է լինելու, բայց նաև՝ լավ մարտահրավեր։

Մենք հպարտ ենք, որ ներկայացնում ենք հայկական ֆուտբոլը այս մակարդակում։ Փլեյ-օֆֆում հայտնվելու համար անհրաժեշտ է հավաքել մոտավորապես 7–8 միավոր։ Կարծում եմ՝ երկու թիմերն էլ խաղալու են հաղթանակի համար։ Սա կլինի շատ հետաքրքիր հանդիպում երկրպագուների համար»։

– Արդյո՞ք որակական մեծ տարբերություն կա շոտլանդական և հայկական ֆուտբոլի միջև։

«Անկեղծ ասած՝ որակի առումով չեմ կարծում, որ մեծ տարբերություն կա։ Կարծում եմ՝ մենք շատ լավ թիմ ենք, և Հայաստանում ևս կան ուժեղ թիմեր, որոնք այս մրցաշրջանում, ցավոք, չեն մասնակցում եվրագավաթային մրցաշարերի լիգայի փուլին։ Հայաստանում կան որակյալ ֆուտբոլիստներ, ուստի այստեղ ֆուտբոլի մակարդակը բավականին բարձր է։

Տարբերությունները, կարծում եմ, ավելի շատ երկրպագուների քանակի, մարզադաշտերի և ենթակառուցվածքների մեջ են։ Այս պահին, ցավոք սրտի, Հայաստանում այնպես չէ, ինչպես Շոտլանդիայում, բայց հույս ունեմ, որ մոտ ապագայում դա կփոխվի»։

– «Նոան» համեմատաբար երիտասարդ ակումբ է։ Ինչպե՞ս կգնահատեք ակումբի առաջընթացը։ Ի՞նչ եք կարծում՝ այսպես շարունակելով կկարողանա՞ ակումբը մեծ ճանաչում ստանալ։

«Կարծում եմ՝ «Նոայի» կատարած աշխատանքը շատ մեծ է, ինչը շատ հաճախ չի հանդիպում ֆուտբոլում։ Եվ այն փաստը, որ «Նոան» երկրորդ մրցաշրջանն է անընդմեջ խաղում Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլում, շատ մեծ նշանակություն ունի։

Ես Խորվաթիայից եմ, և մեր երկիրը շատ ուժեղ է ֆուտբոլային առումով, և եթե չհաշվենք Զագրեբի «Դինամոյին», այլ ակումբներին շատ դժվար է հասնել լիգայի փուլ, ինչ «Նոան» արդեն երկու մրցաշրջան անընդմեջ արել է։ Մեր նախագահի և բոլոր մարդկանց հետ միասին վստահ եմ, որ 5–10 տարում «Նոան» կդառնա եվրոպական մակարդակով շատ լուրջ ակումբ»։

– Նախորդ խաղը ՀՊԼ-ում բավականին էմոցիոնալ ստացվեց։ Հաջողվե՞լ է թոթափել այդ լարվածությունը, և ինչպես է մարզիչը պատրաստվում մոտիվացնել թիմին։

«Այո, շատ էմոցիոնալ խաղ էր, բայց մենք պրոֆեսիոնալներ ենք, և հաջորդ իսկ օրվանից ամբողջությամբ կենտրոնացած էինք «Աբերդինի» դեմ խաղին նախապատրաստվելու վրա։ Մեր ամբողջ ուշադրությունը այս խաղի վրա է։ Ճանապարհը հեշտ չէր՝ 6 ժամ թռիչք, 4 ժամ ժամանակային տարբերություն։ Պետք էր հարմարվել ինչպես դրան, այնպես էլ եղանակին։

Վերջին երկու մարզումները շատ լավ են անցել։ Ես շատ գոհ եմ տղաներից․ նրանք շատ մոտիվացված են, լավ վիճակում են և բարձր տրամադրությամբ են պատրաստվում խաղին»,– նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Պերկովիչը։

«Աբերդին» – «Նոա» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։

Leave a Comment