Սա մեզ համար պարտադիր հաղթանակի խաղ է․ Աբերդինի գլխավոր մարզիչ — Armsport.am

«Աբերդինի» գլխավոր մարզիչ Ջիմի Թելինը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում «Նոայի» դեմ կայանալիք տնային հանդիպման կարևորության և մրցակցի որակների մասին։

Մարզիչն ընդգծել է, որ մրցաշարային աղյուսակի ներկայիս դասավորվածության պայմաններում հաջորդ փուլ դուրս գալու համար իրենց միայն հաղթանակ է անհրաժեշտ.

«Սա մեզ համար պարտադիր հաղթանակի խաղ է: Բարդ հանդիպում է սպասվում. «Նոան» լավ թիմ է՝ որակյալ մարզչով, և պատահական չէ, որ նրանք արդեն 4 միավոր են վաստակել։ Թեև մրցակիցը բարդ է, մենք պարտավոր ենք հաղթել սեփական հարկի տակ»։

Թելինը առանձնացրել է «Նոայի» ֆուտբոլիստների անհատական վարպետությունն ու թիմային ռիթմը.

«Նրանք ունեն բարձր որակներով ֆուտբոլիստներ, որոնք հատկապես ուժեղ են մեկը մեկի դեմ պայքարում։ Թիմն աչքի է ընկնում լավ ռիթմով, արագ եզրայիններով և գրագետ դիրքային գրոհներով։ Չնայած եղանակային տարբերությանը՝ վստահ եմ, որ նրանք կհարմարվեն պայմաններին։ Քանի որ մրցակիցը լավ է տիրապետում գնդակին, սպասվում է դիտարժան և լարված պայքար»։

Շոտլանդական ակումբի մարզիչը նշել է, որ թիմը կենտրոնացած է պաշտպանական կայունության և խաղի ռիթմը կառավարելու վրա.

«Մենք մեծ աշխատանք ենք տարել պաշտպանական կայունության ուղղությամբ, ինչը մեծացնում է նաև մեր հարձակողական ներուժը։ Կարևոր է ճիշտ կառավարել խաղի տեմպը՝ երբեմն արագացնել, երբեմն՝ վերահսկել։ Մեր հաջողության գրավականը աշխատասիրությունն ու միասնականությունն են»։

Ինչ վերաբերում է կազմին, ապա բացակայում է միայն Քրիստերս Տոբերսը։ Մնացած բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին, և հաշվի առնելով խիտ գրաֆիկը՝ մարզիչը խոստացել է հնարավորություն տալ լավ մարզավիճակում գտնվող բոլոր խաղացողներին։

Հիշեցնենք, որ «Աբերդին» — «Նոա» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։

Leave a Comment