ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն համատեղ խորհրդատվական նյութերի համապարփակ փաթեթ են ներկայացրել, որով նպատակ ունեն ամրապնդելու Հայաստանի անցումը դեպի կանաչ, կլիմային դիմակայուն և էներգաարդյունավետ շինարարություն։
Այս հրապարակումներն ապացույցների վրա հիմնված գործնական ուղեցույցներ են ճարտարապետների, ինժեներների, շինարարների և բնակարանների սեփականատերերի համար։ Դրանք կնպաստեն նաև էներգաարդյունավետ նախագծմանը, կբարելավեն ջերմամեկուսացումը և կաջակցեն կլիմայական պատասխանատու շինարարության ներդրմանը Հայաստանում։
Ձմռանն ընդառաջ սովորաբար ակտիվանում են կոմունալ վճարները տնտեսելու անհրաժեշտության մասին խոսակցությունները։ Տունը ջեռուցել հնարավորինս լավ, բայց քիչ վճարելով։ Հենց այս տրամաբանությամբ են ապրում Քաջարանի որոշ շենքերի բնակիչներ։ Նրանց շենքերը էներգարդյունավետ են դարձել. մինչև 60 % խնայողություն ունեն։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ։ Ծրագիրը համակարգում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Արդեն արդիականացվել են 42 բազմաբնակարան և 3 հասարակական շենք: Բնակիչները պատմում են, թե որքան գումար են խնայում ձմռանը և ամռանը՝ բնակարանները ջեռուցելիս ու հովացնելիս։
Քաջարանի բնակիչ Գագիկ Գևորգյանն է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը․
«Այս շենքում եմ ապրում։ Մեր ծախսերը իրոք նվազել են։ Մուտքերը նույնպես տաք են։ Ես զգում եմ, որ փոխվել է․ հատկապես, որ ես առաջին հարկում եմ բնակվում»։
Վերանորոգված շենքերում բնակարանների գինն էլ է բարձրացել։ Միևնույն ժամանակ էներգիայի քիչ սպառումը նպաստել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը՝ դրական ազդեցություն թողնելով շրջակա միջավայրի վրա։ Եվ ահա, ՄԱԿ զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի և Քաղաքաշինության կոմիտեի հետ նոր խորհրդատվական նյութերի փաթեթ է մշակել։
Նպատակը Հայաստանում էներգաարդյունավետ շինարարությունն ամրապնդելն է։ Ուղեցույց, ձեռնարկ ու շտեմարան։ Սրանք կօգնեն հատկապես կառուցապատողներին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ թե՛ ուղեցույցը, թե՛ ձեռնարկը ունեն խորհրդատվական բնույթ, պարտադիր չեն, բայց ցանկալի է, որ նախագծողները, շինարարները, կառուցապատողներն օգտվեն դրանցից։ Իսկ քաղաքաշինության կոմիտեն օրինակ կծառայի նրանց համար։ Հատկապես, որ փաստաթղթերը նորմատիվ չեն․
«Մենք ինքներս, որպես պետական ծրագրերի պատվիրատու, մեր բոլոր նախագծումներում կկիրառենք լուծումները, որոնք կան այստեղ։ Հուսով ենք, որ կունենանք ավելի մաքուր ու կանաչ քաղաքաշինություն»։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծում է կանաչ զարգացման ազգային կարողությունների ամրապնդման կարևորությունը Հայաստանի կլիմայի պայմաններում։
«Էներգաարդյունավետությունը Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից է: Շատ հպարտ ենք, որ ՄԱԿ զարգացման ծրագիրը արդեն մի քանի տարի է, ինչ գործակցում է Հայաստանի կառավարության հետ՝ էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար: Էներգաարդյունավետությունը կարևոր է հատկապես շինարարության համար, քանի որ շենքերը և ենթակառուցվածքները ընդհանուր առմամբ կարող են լինել կա՛մ շատ արդյունավետ, կա՛մ անարդյունավետ: Ուրեմն, մեր նպատակն է աջակցել այնպիսի շինարարությանը, որը կխնայի ավելի շատ էներգիա Հայաստանում»:
ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն ընդգծում է՝ մոլորակը ապագա սերունդների համար կենսունակ պահելու տեսանկյունից կարևոր են ջերմոցային գազերի արտանետումների ազդեցության ու հետևանքների նվազեցմանն ուղղված համակարգված գործողությունները։ Կարևոր է, որ շենքերը նախագծվեն ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար։ Եվ համահունչ է ռազմավարությանը, համապատասխանում է բազմաթիվ խոստումների և պարտավորությունների՝ ջերմոցային գազերի արտանետումների օգտագործումը 40 %-ով նվազեցնելու քաղաքականությանը։
«Մենք վերջերս հաստատել ենք զբոսաշրջային և տարածաշրջանային զարգացման ծրագիր, որը կմեկնարկի գարնանը և կլինի առաջինը, որում կկիրառվեն առաջարկվող լուծումները՝ Հայաստանի զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագրի շրջանակում»։
ՀԲ մշակված փաստաթուղթը լայն գործիքակազմ ունի, որով կառավարվում են շենքերի ակտիվ ու պասիվ էներգաարդյունավետությունը, թափոնները՝ արձանագրում է ՀԲ խորհրդատու, ճարտարապետ, Կանաչ նախագծման ուղեցույցի համահեղինակ Վազգեն Սեդրակյանը․
«Ձեռնարկը շատ արդիական է, «կանաչ շինարարության» հարցը շատ կարևոր է։ Այն պետք է հաշվի առնվի ՀՀ շինարարության մեջ։ ՀՀ-ում կան «կանաչ շինարարության» օրինակներ, ունենք սերտիֆիկացված շենքեր․ հասարակական, ուսումնական կառույցներում սա առավելություն է մյուս շենքերի նկատմամբ»։
Կառավարությունը նույնպես էներգախնայողությունը դիտարկում է որպես առաջնահերթություն՝ խնդիր դնելով առաջիկա տասը տարում բարելավելու Հայաստանի տնտեսության էներգաարդյունավետությունը, խրախուսելու էներգախնայողությունը, նաև ընդլայնելու վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը՝ որպես էներգետիկ անվտանգության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց։