Քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տալիս Վարդան Ղուկասյանին փոխանցել վարույթային փաստաթղթերը․ Արամայիս Հայրապետյան

Հակակոռուպցիոն քրեական դատարանում Մերի Մոսինյանի նախագահությամբ շարունակվել Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի և մյուսների գործի քննությունը։

Դատական նիստին ներկայացրել էին հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը, պաշտպաններ Հովհաննես Ղարաքեչիշյանը, Արամայիս Հայրապետյանը, Մանուկ Մելքոնյանը, մեղադրյալներ Վարդան Ղուկասյանը, Սպարտակ Ղուկասյանը, Գևորգ Ղուասյանը, Սաշա Զաքարյանը և Արմեն Մաթևոսյանը, ինչպես նաև դատական նիստին ներկայացրել էին վկաներ Կարեն Խաչատրյանը, Բորիս Հակոբյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ նիստի ընթացքում նախատեսված էր վկաների հարցաքննություն, այդ իսկ պատճառով նիստի տեսաձայնագրումը թույլատրվեց մասնակի։ Դատարանը թույլատրեց տեսաձայնագրումը և ուղիղ հեռարձակումը, բացառությամբ վկաների հարցաքննության։

Նախ հարցաքննվեց վկա Բորիս Հակոբյանը նախկինում աշխատել է տարբեր կառույցներում, այդ թվում՝ 2005-2006 թվականներին աշխատել է Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ։

Աշխատանքի բնույթը ենթադրել է իրեն ներկայացված փաստաթղթերը՝ քաղաքացիների՝ օրինականացումների վերաբերյալ դիմումները,  Կադաստրի կոմիտե տանելը, ապա , հաստատման դեպքում վկայականներ վերցնելը։

«Այդ փաթեթները, որ եղել է, քաղաքացի դիմում է ներկայացրել, չափագրություն է ներկայացրել, մեծամասամբ ինքնակամ կառույցներ օրինականացնելու վերաբերյալ, աշխատակիցը ուսումնասիրել, քննարկել է։ Կայացվել է որոշում, առաջին որոշմամբ  ինքնակամ շինությունը կառուցվում էր որպես համայնքի սեփականություն, գնում էր կադաստր, վկայական էր գալիս համայնքի սեփականության, բայց ինքնակամ, երկրորդ որոշումով ուղարկվում էր կադաստր, ինքնական շինությունը արդեն համարվում էր օրինական, որից հետո արդեն այդ կադաստրային արժեքներով գույքը օտարվում էր կառուցողին»,- ասաց վկան։

Հայտնեց, որ երբևէ չի մասնակցել փաստաթղթերի կազմման, ստորագրման գործընթացին։ Բացառությամբ մեկ դեպքի, Գյումրու կենտրոնական զբոսայգու մի հատվածի օգտագործման իրավունքի պայամանագրի։ Իր խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցը հիվանդ է եղել և իրեն են լիազորել պայմանագրի կնքումը։ Այգու հիշյալ հողակտորը վարձակալության էր տրվում ԹՈՒՄՈ կենտրոնին։ Վկան ծանոթ չի եղել պայմանագրի կետերին։

Հաջորդիվ հարցաքննվեց նաև Կարեն Խաչատրյանը։ Նա 1997 թվականից մինչև այս տարվա հունիս ամիսը աշխատել է Կադաստրի կոմիտեում սկզբնական շրջանում որպես գրանցման բաժնի ինժեներ, մասնագետ, հետագայում որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետ, ռեգիստեր, ավագ ռեգիստեր, գլխավոր ռեգիստեր։ Նա ներկայացրեց գրանցման գործընթացի հերթականությունը:

Ըստ վկայի՝ մինչև 2012 թվականի հունվարի մեկը կադաստրային կոմիտեին ուղղակի վրա պարտականություն էր տրված՝ գործող օրենսդրական կարգավորման համաձայն հաստատել կամ մերժել գույքի օրինականացման դիմումը։ Հարցին ի պատասխան, թե ենթադրենք ներկայացնում էին, թեկուզ տեղեկանք, որ նշված գույքը 60 հոդված չէ, բայց Կոմիտեն նայում է կադաստրային քարտեզով և տեսնում, որ դա 60 հոդված է, արդյո՞ք սա Իրավունքի պետական գրանցման մերժման հիմքեր է, վկան ասաց, որ  հիմք է։ Նշեց, որ բազմաթիվ դիմումներ մերժվել ենք օրենքին չհամապատասխանելու պատճառով։ Հայտնեց նաև, որ չի տիրապետում տվյալների, որոնց համաձայն հնարավոր է եղել կեղծել փաստաթղթերը։

Վկային հարց հղեց նաև Վարդան Ղուկասյանը

«Մշտական այդ կոնֆլիկտային հարաբերությունը, որ քաղաքապետարանի ուղարկած որոշումները մի քանի անգամ գնում, գալիս, գնում, գալիս, մինչև այսօր, գնում, գալիս, ասում են մի սանտիմետր, երեք սանտիմետր, կես մետր խնդիր կա, դրա համար մենք չենք գրանցում, հետ են ուղարկում կա՞ այդպիսի բան մինչև այսօր․․․ այսինքն դուք որ վերջում վկայական եք տալիս մինչև դուք ձեզ մոտ չստուգեք քաղաքապետ չէ ով ուզում էլ մինչև դուք չստուգեք դուք վկայականը չեք տալիս այդպես է թե ոչ»,- հարցրեց Վարդան Ղուկասյանը։

Վկան պատասխանեց, որ այդպես է, ընդհանրապես բոլոր փաստերը ստուգում են ու համապատասխան բաժինները կայացնում են իրենց որոշումները։

Վկաների հարցաքննություններից հետո միջնորդությամբ հանդես եկավ Դատախազ Արեգ Խաչատրյանը։ Նա նշեց, որ վկայի հարցաքննությունում կոնկրետ հասցեների հետ կապված կան հակասություններ, որոնք հարցաքննության ընթացքում չնշվեցին։ Միջնորդեց հրապարակել նաև այդ տեղեկությունները։

Արձագանքելով Վարդան Ղուկասյանը նշեց որ ընթացող բոլոր այս 40 գործերը կապված են ԹՈՒՄՈ կենտրոնի հետ։

«Ինչ անում է Դատախազությունը, անում է ի շահ Թումո կենտրոնի։ Թումո կենտրոնը վերցրել է քաղաքի կենտրոնական թատրոնի շենքը ապօրինի կերպով, մոտավորապես ծառահատումներով, ամբողջությամբ վերցրել է ավելի սարսափելի ձևով, ապօրինի կառույցներ է կառուցել ու սարքել, քան թե այդ Օազիսը( սրճարան․ խմբ), որ մենք օրինական ճանապարհով, կազմակերպվել ենք։ Ես հիմա բարձրաձայն հայտարարում եմ, Թումոն է խոչընդոտ հանդիսանում այս 40 գործերին, շնորհակալություն»,- ասաց Ղուկասյանը։

Դատարանը բավարարեց  միջնորդությունը և վերաբերելի հատվածով հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը։ Հրապարակված հատվածի վերաբերյալ ևս վկան պատասխանեց մի քանի հարցի։

Նիստի ավարտին քննարկվեց հաջորդ դատական նիստին ներկայացող վկաների թիվը, ծանուցման եղանակը։

Հայտարարությամբ հանդես եկավ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։ Նա հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկը արգելում է պաշտպաններին կոնկրետ այն վարույթով, որով Վարդան Ղուկասյանը  կալանքի տակ է, այդ վարույթից բացի որևէ այլ վարույթի վերաբերյալ նյութ փոխանցել վերջինիս։ Դատարանը հայտնեց, որ աշխատանքային կարգով ՔԿՀ-ից կպարզի կիրառված խափանման միջոցով սահմանափակումների առկայությունը։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կանցկացվի  2025 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 14:00-ին։

Leave a Comment