«Կարող է ընկալվել որպես ընտրակաշառք». «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում քննության առնել Խոյ համայնքում բարեգործական նպատակով իրականացվող գործողությունների օրինականությունը

2025թ․ նոյեմբերի 5-ին առցանց լրատվամիջոցներով հրապարակվել է տեսանյութ, որում Խոյ համայնքի Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն և Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահ նշանակված Անուշ Համբարձումյանը բարեգործական փաթեթներ է բաժանում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին։

❗Հաշվի առնելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը Անուշ Համբարձումյանի հրապարակային աջակցելը (Հետք՝ Վաղարշապատում ընտրական հանձնաժողովների անդամները քարոզչություն են իրականացնում) և անդամությունը (իր խոսքերով) նրա այս գործողությունը հանդիսանում է քրեորեն հետապնդելի ՀՀ Քրեական օրենսգրքի 221 հոդվածի հատկանիշներով։
🔎Դեպքի մասին լրացուցիչ տեղեկություններ պարզելու համար Անկախ դիտորդը ուսումնասիրել է առկա բաց աղբյուրները, ինչպես նաև կապ է հաստատել Անուշ Համբարձումյանի հետ։
📝Ուսումնասիրության արդյունքում Անկախ դիտորդին հայտնի է դարձել, որ բարեգործական փաթեթները փոխանցվել են «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, որը ներկայումս նույնանման ակցիաներ է իրականացնում մի քանի այլ համայնքներում։
📌Անուշ Համբարձումյանի հավաստմամբ, ինքն առաջարկել է փաթեթները բաշխել ընտրություններից հետո՝ դրանք քարոզչության հետ չկապելու համար, սակայն բարեգործական կազմակերպությունը պնդել է, որ փաթեթները պիտի տրամադրվեն և նվիրատուին հաշվետվություններ ներկայացվեն մինչև 2025թ նոյեմբերի 15-ը։
ℹ️Անկախ դիտորդը կապ է հաստատել նաև «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որի ներկայացուցիչը հաստատել է, որ պահանջել են փաթեթները տրամադրել մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը և պնդել, որ իրենց կազմակերպության ղեկավարը «եվրոպացի է» և իրենք կապ չունեն քաղաքական քարոզչության հետ։ Հավելելով, որ նման բարեգործական գործունեություն իրականացնում են այս նաև այլ համայնքներում՝ Վարդենիսում, Գորիսում, Գյումրիում, Վանաձորում։
🌐Բաց աղբյուրների (տարբեր համայնքների սոցիալական ցանցերում էջերի, բարեգործական կազմակերպության գործունության վերաբերյալ հրապարակումերի)` ուսումնասիրությունները հաստատում են, թե Անուշ Համբարձումյանի, թե «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության խոսքերը։
📌Անկախ դիտորդ դաշինքը հարկ է համարում ընդգծել, որ նման իրավիճակը հնարավոր է դարձել հասարակական գործունեության մի քանի դերերի և իրար հակասող առաքելությունների համատեղման պատճառով.

Կուսակցական գործունեության համատեղումը կրթական հաստատության ղեկավարի և հասարակական կազմակերպության ղեկավարի կարգավիճակի հետ
ընտրական հանձնաժողովի նախագահի կարգավիճակի համատեղումը հասարակական կազմակերպության և քաղաքական կուսակցության անդամի կարգավիճակների հետ։

⚠️Գործող օրենսդրության համաձայն և ընդհանուր ընտրական բարեվարքության ապահովման տեսանկյունից, անընդունելի է այս դերերի համատեղումը։

Ընտրական գործընթացների հանդեպ հասարակական վստահության ձևավորման տեսակետից անհրաժեշտ է հետևողականորեն պահպանել Ընտրական և Քրեական օրենսգրքերով սահմանված սկզբունքները՝ ընտրական հանձնաժողովի անդամի կողմից քարոզչության արգելքի և կուսակցության անդամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքի մասին։

🗣Կոչ ենք անում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին քննության առնել նշված բարեգործական նպատակով իրականացվող գործողությունների օրինականությունը, հաշվի առնելով, որ դրանք իրականացվում են նախընտրական փուլում և կարող են հանրության շրջանում ընկալվել որպես ընտրակաշառք։ Նաև քննության արդյունքերի մասին տեղեկացնել հանրությանը։
❗ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթին պետք է քննարկի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը։
🔔Ընդունելով բարեգործական կառույցների գործունեության կարևորությունը՝ Անկախ դիտորդը հիշեցնում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքով նախընտրական փուլում բարեգործության սահմանափակումը իրավաչափ նպատակ է հետապնդում․ պաշտպանելու հենց սոցիալապես խոցելի խավերի ընտրական իրավունքը՝ զերծ մնալով բարեգործական գործողություններից, դրանք հնարավոր ընտրակաշառք ընկալվելու ռիսկերից։
🗣️🔊Ըստ այդմ Անկախ դիտորդ դաշինքը հորդորում է բարեգործական կազմակերպություններին և նրանց նվիրատուներին կամ աջակիցներին՝ հարգել ՀՀ օրենսդրությամբ սահմանված արգելքը և զերծ մնալ նման գործողություններ կատարելուց կամ դրանց դրդելուց, որոնք կարող են ստվերել ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը, խախտելով ազատ և արդար ընտրությունների սկզբունքները։

Անկախ դիտորդ դաշինքը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment